ԿԸՀ-ն իր մասնագետներին չի գործուղելու ընտրությունները կեղծելու համար․ «Հրապարակը» մանիպուլացնում է․ FIP.am

«Հրապարակ» օրաթերթը այսօր՝ նոյեմբերի 26-ին, «ԿԸՀ-ն ընտրությունների ժամանակ իր մասնագետներին է «գործուղելու»» վերնագրով հոդված է հրապարակել և եզրահանգումներ արել այն մասին, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրահանգ է ստացել գալիք՝ դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքները կեղծելու։

«Հրապարակն» իր այս պնդումը հիմնավորել է նրանով, որ ըստ լուրերի, ԿԸՀ-ն իր մասնագետներին է «գործուղելու» սպասարկելու ընտրությունների համար կիրառվող տեխնիկական սարքավորումները, այլ ոչ թե «հին, փորձառու» մասնագետներին։ 

Բացի այդ, թերթը նաև հայտում է, որ դեկտեմբերի 5-ի ընտրություններին ընդառաջ տեխնիկական սարքավորման մասնագետներին ԿԸՀ-ն չի վերապատրաստել և նրանց հետ պայմանագրեր չի կնքել, ինչպես նախորդ ընտրություններում։

«Ամեն ընտրությունից առաջ ԿԸՀ-ն այդ մասնագետների համար դասընթացներ է կազմակերպում, թարմացնում պայմանագրերը, սակայն դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններին հաշված օրեր են մնացել, դասընթացներ չեն կազմակերպվել, նախորդ ընտրություններին աշխատած մասնագետների հետ չեն կապվել»,- նշված է հոդվածում։

Հոդվածը արտատպել էին news.am-ը, aysor.am-ը,, pastinfo.am-ը, yerkirmedia.am-ը, lurer.com-ը, panorama.am-ը, past.am-ը, pressmedia.am-ը և մի շարք այլ լրատվական կայքեր։

ԿԸՀ-ն ամեն ընտրություններից առաջ դասընթացներ չի կազմակերպում

Պարզաբանումներ ստանալու համար «Փաստերի ստուգման հարթակը» կապ հաստատեց ԿԸՀ անդամ Նունե Հովհաննիսյանի հետ, որը հայտնեց, որ վերջին անգամ տեխնիկական սարքավորման սպասարկման մասնագետների համար ընդհանուր վերապատրաստման դասընթացներ կազմակերպվել են 2018 թ․ Ազգային ժողովի ընտրություններին, այնուհետև դրա անհրաժեշտությունը չի եղել։ Վերապատրաստման դասընթացներ չեն անցկացվել նաև 2021 թ․ ԱԺ ընտրություններին։

«Վերջին ՏԻՄ ընտրություններին տեխնիկական սարքերի մասնագետների վերապատրաստումներ չենք արել՝ հաշվի առնելով, որ 2021 թ․ Ազգային ժողովի ընտրություններից ընդամենը մի քանի ամիս է անցել»,- հայտնեց Հովհաննիսյանը․

Ընտրություններում օգտագործվող տեխնիկական սարքը

Տիկին Հովհաննիսյանը նաև տեղեկացրեց, որ հաշվի են առնվել նախորդ ընտրությունների նախադեպերը, երբ COVID վարակվածության կամ այլ պատճառներով տեխնիկական սարքավորման որոշ մասնագետներ չէին գալիս․ ներկայում ԿԸՀ-ն փորձում է հնարավորինս ուշ կնքել պայմանագրերը մասնագետների հետ։ 

«Ինչ վերաբերում է մամուլում հրապարակումներին․․․ճիշտն ասած չեմ կարող հասկանալ ինչ նկատի ունեին «իրենց մասնագետներին» և կդժվարանամ մեկնաբանել, բայց կա ԿԸՀ որոշում, ըստ որի մենք դեռևս պայմանագրերը կնքելու սահմանված ժամկետում ենք»,- հավելեց Հովհաննիսյանը․

Հավելենք, որ ԿԸՀ կայքում կան հրապարակված հատուկ ձեռնարկներ և դասընթաց տեխնիկական սարքերի մասնագետների համար՝ քվեարկության օրվա, դրան նախորդող օրվա և ավարտին կատարվող քայլերի և գործողությունների մանրամասն ներկայացմամբ։

ԿԸՀ-ն իր մասնագետներին չի «գործուղելու» 

«Հրապարակի» այն պնդումը, թե ԿԸՀ-ն տեխնիկական սարքերի «հին և փորձառու» մասնագետների փոխարեն իր մասնագետներին է գործուղելու, ևս մանիպուլյատիվ է։

Այսպես, տեխնիկական սարքերի մասնագետները կնքված պայմանագրի ժամկետում հանդես են գալիս որպես ԿԸՀ ներկայացուցիչներ․ այլ կերպ ասած՝ իրենք էլ հենց «ԿԸՀ-ի մասնագետներն» են։ 

Պայմանագիրը մասնագետների հետ կնքվում է 3-օրյա ժամկետով, և որպես մասնագետ կարող են հանդիսանալ դեռևս 2017 թ․ հավաքագրված, գրանցված և հատուկ դասընթացներ անցած անձինք։ ԿԸՀ անդամ տիկին Հովհաննիսյանը FIP․am-ին հայտնեց, որ ներկայում տեխնիկական սարքի մասնագետի որակավորում ունեն մոտ 5 հազար քաղաքացիներ, որոնք 2017 թ․ քննությունների և ստուգարքների արդյունքում ընտրվել են շուրջ 15 հազար դիմորդներից։ 

Այսպիսով, կարող ենք փաստել, որ «Հրապարակ» օրաթերթի պնդումն այն մասին, որ ամեն ընտրություններից առաջ մասնագետների վերապատրաստում է եղել, սխալ է, իսկ եզրահանգումը, թե իբր ԿԸՀ-ն իր մասնագետներին է գործուղելու ընտրությունները կեղծելու համար, մանիպուլյատիվ է, քանի որ տեխնիկական սարքերի բոլոր մասնագետները, ըստ էության, «ԿԸՀ-ի մասնագետներն են»։

Փաստերի ստուգման հարթակ