«Նշանակալի շանսեր չեմ տեսնում, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման չորրորդ փորձը հաջողությամբ կպսակվի». Ռուբեն Սաֆրաստյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը

Պարո՛ն Սաֆրաստյան, Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակի խոսքով՝ «հիմա Հարավային Կովկասում տեղի է ունենում մի գործընթաց, որը փլուզման է բերում այն ամենը, ինչի վրա հայկական սփյուռքը կառուցել է իր ողջ փաստարկները: Այսինքն՝ Կովկասում Թուրքիա-Հայաստան կամ հայ-թուրքական հակամարտությունը արդեն մոտենում է ավարտին: Այնտեղ արդեն պատմության նոր էջ է բացվել. Ղարաբաղն «ազատագրվել է» ու ընդգրկվել Ադրբեջանի կազմում»: Ի՞նչ գործընթաց նկատի ունի Իբրահիմ Քալընը, ու ձեր տպավորությամբ՝ այժմ ի՞նչ գործընթացներ են տեղի ունենում Հայաստանի ու Թուրքիայի միջև:

– Չեմ կարող ասել, թե Էրդողանի խոսնակն ինչ գործընթաց նկատի ունի, բայց կարող եմ ասել, որ այն, ինչ ինքն ասում է, չեմ կարծում, թե իրականություն է, նա պարզապես իր երազածը փորձում է որպես իրողություն ներկայացնել:

Ինչ վերաբերում է ընդհանուր գործընթացներին. Թուրքիան, ըստ էության, չհրաժարվելով իր նախապայմաններից, արդեն եղած երեքին ավելացնելով նաև չորրորդը, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, փորձում է Հայաստանի հետ մտնել բանակցային գործընթացի մեջ, իսկ Հայաստանն էլ, ինչպես ի սկզբանե նշել է, պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերվելու:

Հայկական կողմից հայտարարում են, որ այս նոր գործընթացը, որը սկսվել է Թուրքիայի հետ, տեղի է ունենում առանց նախապայմանների: Թուրքական կողմը և՞ս վերահաստատում է, որ այս գործընթացը սկսելիս իրենք հրաժարվել են նախապայմաններից:

– Ես նման հայտարարություն չեմ լսել Թուրքիայի կողմից, ամենայն հավանականությամբ, նման հայտարարություն չկա էլ, ընդհակառակը՝ երեք նախապայմանին հիմա ավելացել է չորրորդը, որը Թուրքիան շարունակ կրկնում է, այնպես որ, Թուրքիայի կողմից նման արձանագրում չկա:

– Պարո՛ն Սաֆրաստյան, իսկ ձեր գնահատմամբ՝ ինչո՞ւ է Թուրքիան իր և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացում մասնակից դարձնում Ադրբեջանին՝ հայտարարելով, որ բոլոր հարցերը պետք է համաձայնեցվեն վերջինիս հետ:

– Դա նորություն չէ, Թուրքիան միշտ էլ հայտարարել է, որ Ադրբեջանը պետք է մասնակից լինի Հայաստանի հետ տեղի ունեցող գործընթացներին, այստեղ ոչ մի արտառոց ու նոր բան չկա:

Սա հարաբերությունների կարգավորման չորրորդ փորձն է. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման երեք փորձ է եղել, որոնք անհաջողության են մատնվել ու, դատելով այն դիրքորոշումից, որն ունի Թուրքիան, ես նշանակալի շանսեր չեմ տեսնում, որ այս անգամ այս փորձը հաջողությամբ կպսակվի:

– Ինչո՞ւ եք կարծում, որ այս փորձը նախորդ երեքի ճակատագրին է արժանանալու:

– Որովհետև Թուրքիան չի հրաժարվում նախապայմաններից, և ամբողջ խնդիրն այդ է: Նա չի հայտարարում, որ պատրաստ է Հայաստանի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել, այսինքն՝ փորձում է Հայաստանի վրա շարունակել ճնշման քաղաքականությունը:

– Երկու կողմից նշանակված հատուկ ներկայացուցիչների մասով ձեր գնահատականն ինչպիսի՞ն է, պարոն Սաֆրաստյան:

– Թուրքիայի նշանակած հատուկ ներկայացուցիչը և՛ փորձված դիվանագետ է, և՛ լավ մասնագետ է Հայոց ցեղասպանության հետ կապված պատմական ճշմարտությունը կեղծելու բնագավառում, զբաղեցրել է տարբեր բարձր ու կարևոր պաշտոններ, այսինքն՝ պատահական մարդ չի ընտրված:

Բացի այդ, թուրքական կողմից հայտնի է, որ այդ բանակցային գործընթացը պետք է համակարգի ու ղեկավարի Թուրքիայի փոխնախագահը, այնպես որ, ամենաբարձր մակարդակով է լինելու մասնակցությունն այս գործընթացին, նույն բանն էլ, համոզված եմ, կլինի մեր կողմից, այսինքն՝ կարևոր որոշումները, խնդիրները, որ կառաջանան բանակցությունների ընթացքում, կորոշվեն երկրների ղեկավարության կողմից:

– Համակարծի՞ք եք որոշ մասնագետների կողմից հնչեցվող հայտարարություններին, որ այս փուլում Թուրքիայի հետ բանակցություններ սկսել Հայաստանին պարտադրում է Ռուսաստանը:

– Չեմ կարծում, որ պարտադրվում է, ուղղակի կարող եմ փաստեր արձանագրել: Առաջինն այն է, որ Հայաստանն ինքն էր դիմել պաշտոնական Մոսկվային, որ միջնորդի դեր ստանձնի այդ գործընթացում, երկրորդ՝ երբ հայտնի դարձավ, որ բանակցային գործընթաց է սկսվում Թուրքիայի հետ, հենց հաջորդ օրը «Բլումբերգ» հայտնի գործակալությունը գրեց, որ դա տեղի է ունեցել Բայդենի հորդորի արդյունքում՝ Բրյուսելում կայացած Բայդեն-Էրդողան հանդիպման ժամանակ:

Այնպես որ, եղած փաստերը սրանք են ու դատելով դրանցից պետք է արձանագրենք, որ և՛ ԱՄՆ-ն, և՛ Ռուսաստանը դրական մոտեցում ունեն հայ-թուրքական բանակցային գործընթացի նկատմամբ: Եթե հաշվի առնենք նաև, որ Ֆրանսիան էր ողջունել բանակցությունների վերսկսման փաստը, ապա ստացվում է, որ Մինսկի խմբի համանախագահող երեք պետությունն էլ ողջունել է բանակցությունների վերսկսումը:

– Եթե, այնուամենայնիվ, Թուրքիան համաձայնի առանց նախապայմանների Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման, ի՞նչ եք կարծում, Հայաստանը որքանո՞վ կշահի այդ գործընթացից:

– Թուրքիան այսօր նախևառաջ կփորձի, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի հետ կապված խնդիրը լուծել, որովհետև դա իր համար հիմա շատ կարևոր է, ու հետո կփորձի բանակցությունների ընթացքում այն նախապայմանները, որ դրել է Հայաստանի առաջ, ճնշման միջոցով ընդունելի դարձնել Հայաստանի կողմից, ինչը, իհարկե, մենք չպետք է ընդունենք, չպետք է ենթարկվենք Թուրքիայի ճնշմանը:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am