Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի փոխվարչապետերը հաջորդ շաբաթ կհանդիպեն Մոսկվայում

Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի փոխվարչապետները եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում հաջորդ շաբաթ կհավաքվեն Մոսկվայում։ Այս մասին հայտնեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ եռակողմ հանդիպման արդյունքներով լրատվամիջոցների համար հայտարարության ժամանակ, գրում է Factor.am-ը։

«Հաջորդ շաբաթ նրանք հավաքվելու են Մոսկվայում՝ որոշ արդյունքներ ամփոփելու ու հայտարարելու որոշումների մասին, որոնք մենք այսօր համաձայնեցրել ենք»,-ասաց Պուտինը՝ նշելով, որ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել, զարգանալու են դրական հունով ամենամոտ ապագայում։ Նրա խոսքով՝ հանդիպումն օգտակար էր և ժամանակին։

«Մենք հավաքվել ենք՝ թույլ չտալու որևէ ողբերգական իրադարձություններ սահմանին և երկու երկրների ու ժողովուրդների միջև, նրա համար, որ գնանք առաջ։ Դրանում շահագրգռված են տարածաշրջանի բոլոր երկրները»,- ասաց Պուտինը։