Քաղցկեղը հաղթահարած կինը մայրացել է

Շենգավիթ բժշկական կենտրոնից հայտնում են․

«Տաթևիկ Հովհաննիսյանի մոտ 9 տարի առաջ կրծքագեղձի քաղցկեղ էր ախտորոշվել: Համապատասխան բուժումից, վիրահատությունից հետո հաղթահարել էր հիվանդությունը:
Եթե կինը երկարատև բուժվել է քաղցկեղի դեմ, ապա երեխա ունենալը իրականում բարդ որոշում է: Տաթևիկը 35 տարեկանում հղիացել և որոշում էր կայացրել լույս աշխարհ բերել երեխային:


7 ամիս առաջ դիմել է «Շենգավիթ» ԲԿ մանկաբարձ-գինեկոլոգ Ռուսուդան Վարդանյանին: Հաշվի առնելով կնոջ մոտ քաղցկեղի հանգամանքը հրավիրվել է կոնսիլիում՝ ուռուցքաբանների, քիմիոթերապևտի և գինեկոլոգի մասնակցությամբ: Կատարվել են անհրաժեշտ հետազոտությունները: Արձանագրվել է, որ ուռուցքը եղել էստրոգեն պրոգեստերոն բացասական , ուռուցքի ստատուսը եղել է HER 2 դրական:

Գնահատվել է պացիենտի ընդհանուր վիճակը՝ հիվանդությունը գտնվել է ռեմիսիայի շրջանում:
Քիմիոթերապևտի վերջնական եզրակացությունից հետո մանկաբարձ-գինեկոլոգի կողմից որոշում է կայացվել շարունակել հղիության վարումը:

Հղիության ամբողջ ընթացքում կինը գտնվել է «Շենգավիթ» ԲԿ ուռուցքաբանների, մանկաբարձ-գինեկոլոգի, քիմիոթերապևտի հսկողության տակ:

Հղիությունը հասցվել է մինչև 38 շաբաթական և կատարվել է կեսարյան հատում: Հղիի նախածննդյան հսկողությունն ու կեսարյան հատումը իրականացրել է մանկաբարձ-գինեկոլոգ Ռուսուդան Վարդանյանը:

Ծնվել է 47սմ հասակով, 2700 գրամ քաշով առողջ աղջիկ երեխա: Երեխան գտնվել է նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմուքնում՝ նեոնատոլոգ Նազելի Սանոսյանի հսկողության տակ:
Հերոս մայրիկն ու նորածին Մարիամն արդեն տանն են և իրենց շնորհակալություն են հայտնում «Շենգավիթ» ԲԿ-ի բուժանձնակազմին, մասնագետներին՝ երկրորդ կյանքի հնարավորության և Մարիամ անունով երջանկության համար»: