Մոտ կես միլիոն կյանք է փրկվել COVID-19-ի դեմ պատվաստման արդյունքում մեկ տարուց պակաս ժամանակում․ ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակ

ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի հայտարարությունը․

ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի և Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի (ECDC) նոր ուսումնասիրությունը, որը հրապարակվել է Eurosurveillance-ում, գնահատում է, որ 60 և ավելի  բարձր տարիքի մարդկանց շրջանում 470,000 կյանք է փրկվել ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի 33 երկրներում COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր:

Վերոհիշյալը  չի ներառում պատվաստման արդյունքում 60 տարեկանից ցածր մարդկանց շրջանում փրկված կյանքերի, ինչպես նաև վարակի փոխանցման նվազեցման պատճառով պատվաստումների անուղղակի ազդեցության շնորհիվ փրկված կյանքերի թվերը: 

ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն դոկտոր Հանս Հենրի Պ. Կլյուգը նշում է. «COVID-19-ով պայմանավորված մեր տարածաշրջանում գրանցվել է մահվան դեպքերի ահազդու թիվ, սակայն այժմ կարող ենք հստակորեն ասել, որ շատ ավելի մեծ թվով մարդիկ կմահանային առանց այս համավարակը զսպելու գործիքներից մեկի՝ COVID-19 դեմ պատվաստանյութերի»։

«COVID-19-ի դեմ պատվաստանյութերը ժամանակակից գիտության նվաճումն են, և այս հետազոտությունը ցույց է տալիս, որ դրանք կատարում են այն, ինչ խոստացել են՝  կյանքեր են փրկում՝ արդյունավետ պաշտպանություն առաջարկելով հիվանդության ծանր ընթացքի և մահվան դեպքերի առումով: Որոշ երկրներում առանց պատվաստանյութերի մահացության թիվը կրկնակի կլիներ, քան այժմ է: Հետևաբար, չափազանց կարևոր է, որ եվրոպական տարածաշրջանի բոլոր անդամ պետությունները հնարավորինս արագ հասնեն ռիսկային խմբերի շրջանում պատվաստման բարձր ծածկույթի: Պատվաստումների ավելի ցածր ծածկույթ ունեցող երկրները պետք է շարունակեն առաջնահերթություն տալ նրանց, ովքեր ամենաբարձր ռիսկի խմբերում են և հնարավորինս արագ պաշտպանեն խոցելի խմբերը»:

«Սակայն պատվաստանյութերի հետ մեկտեղ պետք է իրականացնել մի շարք կանխարգելիչ միջոցառումներ՝ փոխանցման մակարդակը ցածր պահելու և հասարակությունը սահմանափակումներից զերծ պահելու համար»:

2019 թվականի դեկտեմբերից ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրներում գրանցվել է SARS-CoV-2-ի ավելի քան 1․5 միլիոն մահվան դեպք, ընդ որում՝ 90,2 տոկոսը 60 տարեկան և բարձր տարիքի մարդկանց շրջանում: COVID-19-ի դեմ պատվաստանյութերի արագ մշակումն ու կիրառումն ապահովել է հիվանդության ծանր և մահվան դեպքերից պաշտպանվածություն առավել խոցելի միլիոնավոր մարդկանց համար, սակայն ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրներում այդ պատվաստանյութերի տարածման արագությունն ու ծավալը հավասարաչափ չէ:

Խուսափելով հիվանդության ծանր ընթացքից և մահվան դեպքերից

78 և 74 տարեկան ամուսիններ Ֆրենկ և Բարբարա Դյուրանտներն ապրում են Արևելյան Դևոնում (Միացյալ Թագավորություն), ունեն չորս թոռ: COVID-19-ի դեմ պատվաստման երկրորդ դեղաչափն ստանալուց հետո նրանք վարակվեցին, սակայն արագ ապաքինվեցին։

Բարբարա Դյուրանտն ասում է. «Ես վարակվել եմ COVID-19-ով մոտավորապես 5 շաբաթ առաջ՝ թեթև մրսածության նշաններ ունեի և համի կորուստ: Ես միանգամայն վստահ եմ, որ կրկնակի պատվաստումը փրկեց ինձ վարակի շատ ավելի լուրջ հետևանքներից: Ցավոք սրտի, ես կորցրի շատ սիրելի, շատ լավ ընկերոջ, ով մահացավ COVID-19-ից այն ժամանակ, երբ պատվաստանյութը հասանելի չէր: Նա այլընտրանք չուներ»։

«Պատվաստման երկրորդ դեղաչափն ստանալուց հետո ես վարակվեցի COVID-19-ով վարակված ընկերոջս հետ երկար ժամանակ անցկացնելուց հետո։ Ախտանիշներն այնքան մեղմ էին, որ եթե թեստը դրական չլիներ, ես կհամարեի, որ լիովին առողջ եմ: Դա, անկասկած, կապում եմ այն փաստի հետ, որ ես կրկնակի պատվաստված էի»,- ասում է Ֆրենկ Դյուրանտը։

Մեթոդաբանություն

ԱՀԿ/Եվրոպայից և ECDC-ից հետազոտողները, օգտագործելով շաբաթական գրանցված մահացությունների փաստացի թիվը, գնահատել են եվրոպական տարածաշրջանի 33 երկրներում 60 և ավելի բարձր տարիքի մեծահասակների մահացության թիվը, որը կլիներ՝ եթե չլինեին պատվաստանյութերը։

Այնուհետև նրանք հաշվարկեցին COVID-19-ի դեմ պատվաստման արդյունքում փրկված կյանքերի թիվը՝ 60 և ավելի բարձր տարիքի մարդկանց շրջանում այդ գնահատումների և 2020 թվականի դեկտեմբերից մինչև 2021 թվականի նոյեմբերն ընկած ժամանակահատվածում գրանցված մահերի թվերի միջև տարբերությունը:

Նրանք գնահատել են, որ COVID-19-ի դեմ պատվաստումը 33 երկրներում այդ տարիքային խմբում փրկել է 469,186 կյանք՝ մոտավորապես կիսով չափ նվազեցնելով մահերի հնարավոր թիվը: Այն 30 երկրներում, որոնք  տվյալներ ունեին նաև տարիքային ավելի փոքր խմբերի մասին, փրկվածների ամենամեծ թիվը եղել է 80 և ավելի բարձր տարիքի մարդկանց շրջանում (261,421 կյանք):

COVID-19-ի դեմ պատվաստանյութերի դեղաչափերի ամբողջական ընդունումը 60 տարեկան և բարձր տարիքի մարդկանց շրջանում ուսումնասիրվող 33 երկրներում 20%-ից 100%-ի միջակայքում է: Հետազոտությունը գնահատել է, որ փրկվածների ամենամեծ թիվը եղել է այն երկրներում, որտեղ COVID-19-ի դեմ պատվաստումների կիրառումը վաղ է սկսվել, ինչպես նաև մեծ է եղել պատվաստումների կիրառումը թիրախային խմբում: 

Դոկտոր Անդրեա Ամմոնը՝ ECDC-ի տնօրենը, նշում է. «Որոշ երկրներում պատվաստումների ցածր մակարդակի հետևանքները ներկայումս արտացոլվում են ծանրաբեռնված առողջապահական համակարգերի և մահացության դեպքերի բարձր թվերի վրա: Մենք կոչ ենք անում անդամ պետություններին շարունակել աշխատել իմունիզացիայի բացերը լրացնելու ուղղությամբ, հատկապես առավել խոցելի անհատների և հիվանդության ծանր ընթացքի առումով ամենաբարձր ռիսկի տակ գտնվող անձանց շրջանում:

«Դեռևս չափազանց մեծ թվով մարդիկ կան, որոնք գտնվում են COVID-19 վարակի ծանր հետևանքներ ունենալու վտանգի ներքո և որոնց անհրաժեշտ է հնարավորինս շուտ պաշտպանել։ Նույնիսկ այն երկրներում, որոնք հասել են պատվաստումների բավականին բարձր ծածկույթի, դեռ կան բնակչության և տարիքային այնպիսի խմբեր, որոնցում ընդգրկվածությունը մնում է ցանկալիից ցածր: Ավելի բարձր տարիքային խմբերի պատվաստումը պետք է  շարունակի լինել հրատապ առաջնահերթություն գալիք շաբաթների և ամիսների ընթացքում՝ առավելագույն կյանքեր փրկելու համար»:

Պատվաստումն անհրաժեշտ է իրականացնել այլ կանխարգելիչ միջոցառումների հետ միասին

Պատվաստումը համաճարակը զսպելու համար անհրաժեշտ կարևոր միջոցառումների գործիքակազմի մի բաղկացուցիչն է, սակայն ինքնին այն չի ավարտի առողջապահական ճգնաժամը: 

Անհրաժեշտ են մի շարք այլ միջոցներ, որոնք սահմանափակում են վիրուսի փոխանցումը։ Դրանք կարևոր են հասարակությունը սահմանափակումներից զերծ պահելու, ինչպես նաև առողջապահական համակարգերի և համաճարակի առաջնագծում ավելի քան 18 ամիս եղած բուժաշխատողների վրա եղած ճնշումը նվազեցնելու համար:

«Առաջին հերթին պատվաստվեք։ Պատվաստումը բոլոր տարիքային խմբերի կյանքերն է փրկում»,- ասում է դոկտոր Կլյուգը: «Մենք գիտենք, որ վիրուսը տարածվում է փակ, մարդաշատ և փոքր տարածքներում, և այդ պատճառով մենք պետք է հետևենք նաև այն միջոցներին, որոնք հայտնի են փոխանցումը նվազեցնելու համար, հատկապես հիմա, երբ ավելի ցուրտ եղանակը ստիպում է մեզ փակ տարածքներում հավաքվել»:

«Մարդաշատ, փակ և ոչ ընդարձակ վայրերում դիմակ կրե’ք, հազալիս կամ փռշտալիս բերանը ծածկե’ք, պահպանե’ք ֆիզիկական հեռավորություն և պարբերաբար լվացե’ք ձեռքերը։ Օդափոխությունը նույնպես կարևոր է, այնպես որ, եթե հնարավոր է, բացե’ք պատուհանը կամ դուռը՝ մաքուր օդ ներս թողնելու համար: Կարևոր է, որ իշխանությունները ձեռնարկեն այս միջոցները, և մենք այս ամենն անենք մեր և մյուսների պաշտպանության համար, նույնիսկ եթե ամբողջովին պատվաստված ենք, քանի որ առկա ապացույցները փաստում են, որ պատվաստումը զգալիորեն նվազեցնում է, սակայն չի կարող ընդհանրապես դադարեցնել վիրուսի փոխանցումը»:

«Այս գործողությունները դարձնելով մեր առօրյայի մաս՝ մենք բոլորս կարող ենք օգնել դադարեցնել վարակի և վիրուսի տարածումը։ Ճիշտ այնպես, ինչպես մենք սովորաբար կապում ենք անվտանգության գոտին մեքենա վարելիս, պետք է մտածենք ձեռքերը լվանալու, դիմակ կրելու կամ այլ մարդկանցից հեռավորություն պահպանելու մասին՝ վարակից պաշտպանվելու համար»։

Մինչև համավարակի ավարտը երկրները պետք է հետևողակ կերպով պահպանեն և իրականացնեն հանրային առողջության միջոցառումներ, ինչպիսիք են անվճար թեստավորումը, փոխանցման շղթան ընդհատելու համար կոնտակտավոր անձանց հսկողությունը, ինչպես նաև պատվաստվելու նպատակով առաջնահերթ խմբերի այն մարդկանց հետ հրատապ կերպով կապ հաստատելը, ովքեր դեռ չեն ստացել պատվաստանյութն ամբողջությամբ: