«Ապագան այսօր գտնվում է փողոցներում, և դա այն 50 հազար երիտասարդներն են, որոնք մերժում են ներկան ու անցյալը». Տիգրան Խզմալյան

«Ապագան այսօր գտնվում է փողոցներում, և դա այն 50 հազար երիտասարդներն են, որոնք մերժում են ներկան ու անցյալը». Տիգրան Խզմալյան
«Ապագան այսօր գտնվում է փողոցներում, և դա այն 50 հազար երիտասարդներն են, որոնք մերժում են ներկան ու անցյալը». Տիգրան Խզմալյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը:

– Պարո՛ն Խզմալյան, ինչպե՞ս եք գնահատում վերջին օրերին Երևանում և այլ քաղաքներում տեղի ունեցող իրադարձությունները, արդյոք սա թավշյա հեղափոխության նախադրյալներ ստեղծո՞ւմ է, թե՞ ոչ։

– Նախ՝ բնորոշելիս պետք է հիշել, որ «թավշյա» բառը կախված է ոչ միայն հասարակությունից, այլև իշխանությունից, թե արդյոք «թավշյա» կմնա՞ այս ամենը։ Չմոռանանք, որ այդ գաղափարն առաջարկած Նիկոլ Փաշինյանը խոսում է վիրակապված ձեռքով, իսկ վնասվածքը ստացել է փշալարից։ Եթե ժողովրդի կողմից դեռևս «թավիշ» է, ապա իշխանությունն անընդհատ կանգնած է ուժային լուծումների եզրին, իսկ փշալարը, որից վիրավորվել է Փաշինյանը, դրա խորհրդանիշն է ու նշանը։

Սակայն այն, որ ընտրված է միգուցե այս պահին միակ ճշգրիտ մարտավարությունը՝ խաղաղ անհնազանդությունը, միանշանակ է։ Մենք գտնվում ենք այս անհնազանդության շարժման կիզակետում, և ես կարծում եմ, որ այն, թե ինչո՛ւ է հեղափոխությունը մնում թավշյա, պայմանավորված է երկու հանգամանքով. առաջինն այն է, որ մենք, ի տարբերություն մեր 30-ամյա վաղեմության պայքարի, ապրում ենք տեղեկատվական դարում, և գրեթե բոլոր ցուցարարների ձեռքին կան հեռախոսներ, որոնց միջոցով նրանք, փաստորեն, ուղիղ եթերում են իրականացնում իրենց բողոքը։

Բացի այդ, մենք տեսնում ենք, որ վերջնականապես սպանված են հայկական հեռուստատեսությունն ու ռադիոն՝ համացանցի ու համացանցային մի շարք կայքերի միջոցով։ Այսինքն՝ իշխանությունը կորցրել է իր երկու ամենակարևոր մենաշնորհներից մեկը՝ լրատվության մենաշնորհը։ Երկրորդը՝ բռնության մենաշնորհը, նա դեռևս պահպանում է, սակայն լրատվական մենաշնորհի կորուստը խարխլում է նաև բռնության մենաշնորհը։ Երկրորդ հանգամանքը, թե ինչու է այս ամենը դեռևս խաղաղ, կապված է առաջինի հետ. դա այն է, որ լրատվությունը հասնում է արևմտյան լրատվամիջոցներին, և մենք 2-3-րդ օրվանից գտնվում ենք «Եվրանյուզի» եթերում։

Գրեթե կես ժամ պարբերականությամբ հայտնվում են նոր տեսագրություններ։ Դրա հիման վրա և՛ Եվրախորհուրդը, և՛ ԱՄՆ պետքարտուղարությունը ընդունել են շատ թափանցիկ ակնարկներ պարունակող հայտարարություններ, որոնք սահմանափակում են Հայաստանի իշխանությունների ավանդական, սովետական, ռուսական գործելակերպը։ Քանի որ ֆինանսական միջոցները հիմա հիմնականում գալիս են Արևմուտքից, Հայաստանի իշխանությունները չեն հանդգնում բռնություն գործել և դրանով գրեթե անելանելի իրավիճակ ստեղծել Հայաստանի տնտեսության համար։ Այս երկու կարևոր գործոններն են պատճառը, որ մեզ դեռևս չեն սպանում, որովհետև Արևմուտքը դա թույլ չի տալիս, և այդ գործոնը ես շատ կարևոր եմ համարում։

– Պարո՛ն Խզմալյան, այդուհանդերձ, մենք տեսնում ենք իշխանության կողմից փոխադարձ առաջարկներ, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի կողմից։ Նա նշել է, որ անհապաղ պետք է երկխոսություն սկսել, հակառակ դեպքում հետևանքներն անդառնալի կլինեն։ Սրանով ի՞նչ է ուզում հասկացնել իշխանությունը, որ ցանկացած պահի կարող է ուժի՞ դիմել։

– Իմ կարծիքով՝ ամեն ինչ մի փոքր ավելի բարդ է, և պետք է ամեն ինչ տեսնել քաղաքական ենթատեքստում։ Նախ՝ որքան մենք լսել ենք գոնե նախօրեին Նիկոլ Փաշինյանի կարծիքը, նա ասել է, որ քաղաքական դիակների հետ երկխոսություն չեն վարում։ Դա, փաստորեն, երկխոսությունը մերժելու գաղափար է։ Անխուսափելիորեն գալիս է վերջնագրերի ժամանակը։ Առաջիկա 2-2,5 օրերն ամենակարևորն են, որովհետև եթե ապստամբությունը շարունակվի մինչև ապրիլի 24-ը, ապա այդ օրը ավանդական ցույցը այսօրվա 50 հազարից դառնալու է 500 հազար։ Հիմա շախմատ սիրող Սերժ Սարգսյանն ակամա հայտնվել է ցուգցվանգի մեջ, երբ ցանկացած հաջորդ քայլ տանում է պարտության։ Եթե փորձի շարժումը ճնշել ուժով, ապա ապրիլի 24-ին կստանա հսկայական բողոքի ուժը, որը համազգային բնույթ է կրելու, քանի որ ողջ հայությունն է ապրիլի 24-ին միանում ցույցին։ Եթե ոչինչ չանի, ապա ապրիլի 24-ը մեխանիկորեն դառնալու է ոչ միայն հիշատակի, այլև ազատագրման շարժման մաս՝ նույնպես տասնապատկվելով։ Ժամանակի առումով շարժումը գտնվում է բեկումնային պահին, և առաջիկա 2 օրերը որոշիչ են լինելու։

Ինչ վերաբերում է ստորգետնյա շարժումներին, որոնք պետք է կարևորել, դա Ռուսաստանի ներկայությունն է։ Մենք արդեն լսել ենք պուտինյան վարչախմբում ԱՊՀ երկրների հարցերով պատասխանատու Կոնստանտին Զատուլինի դիրքորոշումը, որը միանշանակ արտահայտվել է շարժման դեմ։ Նրանք դեռ պաշտոնապես չեն բարձրաձայնում իրենց սպառնալիքների մասին, սակայն դրանք հասնում են Սերժ Սարգսյանին որպես առաջարկ կամ, ավելի շուտ՝ որպես պահանջ։ Մոսկվան, ըստ էության, պահանջում է ուժ կիրառել, որովհետև Հայաստանի դերը Ռուսաստանի համար տվյալ դեպքում ճակատագրական է լինելու։ Շատ մեծ աշխարհաքաղաքական հետևանքներ կունենա Հայաստանի ապագաղութացումը։ Պետք է նշել, որ Փաշինյանը դեռևս չի դիմել այդ կարգախոսին, սակայն դա էլ է հասունանում, և եթե նա դեռևս գերադասում է այդ մասին չխոսել, այդ մասին չենք կարող չմտածել մենք, ցուցարարներից շատերը։ Այդ առումով ևս շարժումը գտնվում է ճակատագրական լուծումների շեմին։

– Եթե Նիկոլ Փաշինյանը ապագաղութացման մասին բարձրաձայնի, չի՞ ստացվում, որ դրանով շարժման ուղղությունը փոխվում է, քանի որ մինչ այժմ նա հայտարարել է, որ շարժումը չունի արտաքին հասցեատեր։ Գուցե հենց դրանի՞ց է խուսափում Փաշինյանը։

– Այստեղ պետք է հստակ տարբերել երկու բան. այն, ինչի մասին մենք հիմա խոսում ենք, քաղաքագիտական վերլուծություն է։ Այն, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը, կենդանի քաղաքականություն է և պահանջում է շատ ավելի մեծ շրջահայացություն, քան որևէ վերլուծություն։ Որպես առաջնորդ՝ նա կրում է պատասխանատվություն կենդանի մարդկանց համար, շարժման ճակատագրի համար։ Հասկանալի է, որ այդ տեխնոլոգիաներից ելնելով նա խուսափում է այսօր քաղաքական կոչերից։ Ես կարծում եմ, որ այդ գաղափարը ծնվել է ներսից։ Անպայման չէ, որ շարժման առաջնորդը դա հայտարարի։ Ես շատ բարձր եմ գնահատում այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը կուռք չէ և չի փորձում այդպիսին դառնալ, ինչպես դա փորձում էին անել Լևոն Տեր-Պետրոսյանը, ճգնում էր անել Ռոբերտ Քոչարյանը, ինչպես անգամ Րաֆֆի Հովհաննիսյանի դեպքում էր կատարվում։

Փաշինյանը, կամա թե ակամա, ստեղծեց փողոցի ծանոթ հարևան տղայի կերպար և ոչ մի հերոսական, աստվածային կերպար չի ընդունում։ Նա հոգնած, մաշված, վիրավորված, չսափրված մի կերպար է, որի մեջ ցանկացած հայ ճանաչում է իր եղբորը, իր ծանոթին։ Նա այդ առումով չի փորձում ազգի հայր ու առաջնորդ խաղալ, ինչը մեծ դեր է խաղում համերաշխության հարցում։ Դա բերելու է նրան, որ մենք հաղթելու ենք առանց առաջնորդների։ Այն, որ մենք հաղթելու ենք, ակնհայտ է, և արդեն հաղթել ենք այն առումով, որ իշխանությունը կորցրել է իր ապագան։ Ապագան այսօր գտնվում է փողոցներում, և դա այն 50 հազար երիտասարդներն են, որոնք մերժում են ներկան ու անցյալը։ 1988 թվականի սերնդի թաղումն է այսօր կայանում։ Ես տարիներ շարունակ ասում էի, որ մեր սերունդը մի լավություն կարող է անել՝ շուտ հեռանալ քաղաքական ասպարեզից։ Հիմա դա մենք տեսնում ենք։ Այս առումով 1988-ի թաղումը հենց շարժման 30-ամյակին է լինելու։ Ես ուղղակի երջանիկ եմ, որ դա տեսնում եմ, և դա կատարվում է անկախության 100-ամյակի շեմին։ Մենք դա էլ չենք մոռանում, որ անցնում ենք ապրիլի 24-ից մայիսի 28։

Ամենակարևորը՝ մենք երբեք չպետք է մոռանանք, որ Հայաստանի ներկայիս զարգացումներն ուղիղ կապ ունեն համաշխարհային զարգացումների հետ, և սա համաշխարհային պայքարի մի օղակ է։ Դա պայքար է չարիքի, ստի, բռնատիրության դեմ։ Այդ բևեռի կենտրոնում գտնվում է պուտինյան Ռուսաստանը, և նա փորձում է կլանել Հայաստանն այդ առումով։ Ես կարծում եմ, որ հանուն արդարության պետք է գնահատել Սերժ Սարգսյանի թույլ, բայց հստակ փորձերը՝ խուսափել ռուսական կլանումից, և դրա ապացույցներն են և՛ ԵՄ-ի հետ կնքված համաձայնագիրը, և՛ մայիսի կեսին ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժությունները։ Ուզում եմ նաև ասել, որ Սերժ Սարգսյանի գործունեության գագաթնակետը անցել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին, երբ նա կարողացավ ստորագրել թեև թույլ, բայց համաձայնագիր Եվրամիության հետ, որից հետո նա կամա թե ակամա դարձել է Հայաստանի զարգացման խոչընդոտն ու արգելակը։ Հիմա նրա ժամանակն արդեն անցել է, և նա պարտավոր է իշխանությունը զիջել նոր սերնդին։ Դա է այսօրվա կարևորագույն եզրակացությունը։

Մանե Հարությունյան

MediaLab.am