«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը.
– Պարո՛ն Խաչատրյան, «1300-ից մի փոքր ավելի ուսուցիչներ, որոնք միջին մասնագիտական կրթություն ունեն, շարունակում են աշխատել դպրոցներում, սակայն, այս տարվա օգոստոսի 20-ից սկսած չեն կարողանալու աշխատել, եթե չհաղթահարեն կամավոր ատեստավորման գործընթացն, այսինքն՝ հավաքեն 60 տոկոս և ավելին». ԿԳՄՍՆ-ի այս որոշումն ինչպե՞ս եք գնահատում, եթե նկատի ունենանք այն, որ դպրոցներում ուսուցիչների պակասն առանց այս էլ զգալի է։
– Եթե այս ամենը դիտարկելու լինենք իդեալական իրավիճակի համատեքստում, այս որոշումը, իհարկե, ունի տրամաբանություն և նպատակ՝ բարձրացնելու ուսուցիչների կրթական ցենզը։ Ցանկացած կայացվող որոշում պետք է նայել համատեքստային, այսինքն՝ որքանո՛վ է այդ որոշումը համապատասխանում Հայաստանի ներկա կրթական խնդիրներին: Երբ այս տեսանկյունից ենք նայում, իրավիճակը շատ մտահոգիչ է, որովհետև մի կողմից մենք ունենք մանկավարժական բուհեր ընդունվողների թվի նվազում, մյուս կողմից՝ ուսուցիչների թվի նվազում: Վերջին մեկ տարում 180-ով նվազել է Հայաստանում ուսուցիչների թիվը, և երրորդ կողմից էլ ունենք ուսուցիչների այսպես ասած տարիքային խնդիր:
Մեր ուսուցիչների 30%-ը 55 տարեկանից բարձր է, ու այս համատեքստում, երբ կան վերոնշյալ խնդիրները, հիմա էլ 1300 մարդու դպրոցից դուրս թողնելը կարող է է՛լ ավելի սրել իրավիճակը, որովհետև այս մարդկանց դուրս թողնելը ինչ-որ իմաստով հարված է այս մասնագիտությանը։
Որոշում կայացնելուց առաջ պետք է ամեն բան հաշվի առնվեր, իմ տեղեկություններով՝ կան դպրոցներ, որտեղ ունենք մինչև 5 այդպիսի ուսուցիչ, այդ դպրոցների մեջ կան նաև գյուղական, սահմանամերձ դպրոցներ, որտեղ փոխարինող գտնելը շատ դժվար է լինելու։ Եթե այս փոփոխությունը տեղի է ունենում Վանաձորում, Գյումրիում կամ Երևանում, գուցե կարողանանք փոխարինողներ գտնել, բայց եթե այս քաղաքականությունը տեղի է ունենում փոքր գյուղերում, մենք շատ դժվարությունների ենք բախվելու:
Ճիշտ է, հիմա նախարարությունն ասում է, որ չորրորդ կուրսեցիները կարող են դասավանդել, բայց մենք շատ քիչ մարդ ունենք չորրորդ կուրսում սովորող, որոնք պատրաստ են գնալ գյուղական դպրոցներում աշխատելու։
Ուզում եմ նաև ընդգծել հետևյալը. միգուցե այս մարդկանց կրթական ցենզը ցածր է, բայց մյուս կողմից նրանք փորձառու մասնագետներ են, տասնամյակներ շարունակ աշխատել են ու միջին մասնագիտական կրթությունն էլ ստացել են այն ժամանակ, երբ Հայաստանում կրթությունն ավելի բարձր մակարդակի վրա էր:
Այսօր մենք ունենք նաև կրթության արժեզրկում, հետևաբար այնպես չէ, որ 20-30 տարի առաջվա քոլեջի կրթությունն ավելի ցածր է, քան այսօրվա համալսարանի կրթությունը: Բացի այս՝ այդ մարդիկ արդեն դպրոցում աշխատում են, ու, ըստ էության տնօրենների կողմից չի բարձրացվել այս խնդիրը, ընդհակառակը՝ տնօրեններ, կան, որ ասում են՝ իմ մասնագետն ափսոս է, մանավանդ՝ այս մարդկանց մեծ մասը դասավանդում է կրտսեր դպրոցում ու հիմնականում արվեստի ոլորտի առարկաներ, այնպես չէ, որ այս մարդկանց մեծ մասը քիմիա, ֆիզիկա, մաթեմատիկա են դասավանդում, որտեղ ավելի բարձր պահանջներ են պետք։ Մենք ուղղակի ավելի ենք բարդացնում վիճակը։
– Ճի՞շտ եմ հասկանում, որ դուք կարծում եք, որ այս սահմանափակումը գործող ուսուցիչների նկատմամբ կիրառելը սխալ որոշում է։
– Կարծում եմ՝ այո՛։ Քննադատություններից մեկն էլ այն է, թե ինչու այս մարդիկ բարի չեն գտնվել ու այսքան ժամանակահատվածում չեն գնացել ու ստացել բարձրագույն կրթություն, չէ՞: Սա հասկանալի քննադատություն չէ, որովհետև մենք չգիտենք, թե այս մարդիկ ի՛նչ հնարավորություններ ունեն, գուցե այդ մարդիկ համարժեք ֆինանսական հնարավորությունը չունեն, որովհետև այդ բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունը, որն իրենց առաջարկվել է, մեծ մասամբ եղել է վճարովի կրթություն, ու հնարավոր է, որ այս 1300-ն այն մարդիկ են, որոնք չունեն համապատասխան ֆինանսական հնարավորություն։
Չկա որևէ հետազոտության արդյունք, որը ցույց կտա, որ այս մարդիկ չեն ստացել այդ կրթությունը, որովհետև չեն ուզել։ Լավ կլիներ, որ վերջնական որոշում կայացնելուց առաջ մենք ունենայինք հստակ պատասխան, թե ինչու այս մարդիկ չեն ստացել բարձրագույն կրթություն, հնարավոր է՝ հարգելի պատճառներ են ունեցել, մենք իրենց չենք աջակցել, այս ամենը պետք է նկատի առնվի։
– Իսկ ուսուցիչներին որպես այլընտրանք կամավոր ատեստավորմանը մասնակցելու որոշումն առաջարկելը ինչպե՞ս եք գնահատում, որովհետև բազմիցս ենք խոսել այն մասին, որ այս գործընթացն իրականում այնքան էլ չի ստուգում մասնագիտական գիտելիքները, հմտությունները, այսինքն՝ թերությունները շատ են։
– Իհարկե, այնպես չէ, որ ատեստավորման համակարգը շատ լավն է, դեռ բավական զարգացման, կատարելագործման տեղ ունի, ու այնպես էլ չէ, որ դա չափման լավագույն ձևն է։ Բնական է, որ որոշ, գուցե բոլոր ուսուցիչները դիմեն, որովհետև դա իրենց վերջին շանսը կլինի, բայց դա չափանիշ չէ, որովհետև այս ուսուցիչների մեծ մասը 60-70 տարեկան է, ու այդ տարիքում հեշտ չէ թեստ հանձնել: Մարդիկ ունեն հիշողության խնդիր, արագության պակաս, ավելի հուզական են դառնում այդ գործընթացի ժամանակ։
Լավ կլիներ, որ այս մարդկանց հնարավորություն տային շարունակել աշխատել, մանավանդ չկան նրանց փոխարինողներ, խնդրեմ, եթե ունենք փոխարինող ուսուցիչներ, թող այդ մարդկանց դուրս թողնեն դպրոցից, բայց երաշխիք չկա, որ կգտնենք փոխարինողներ, կամ նրանք ավելի լավը կլինեն, քան գործողները։
– Պարո՛ն Խաչատրյան, օրենքի նախագծով առաջարկվող երկու մեխանիզմը որքանո՞վ է նպաստելու, որ դպրոցներում ուսուցիչների թվաքանակի պակասը լրացվի։
– Շատ աննշան, որովհետև մենք չունենք շատ ուսանողներ, ու ասեմ ձեզ, եթե մարդը սովորում է մանկավարժական բուհում, դա ամենևին չի նշանակում, թե ուզում է ուսուցիչ դառնալ։ Մեկ-երկու դեպքով հնարավոր է ինչ-որ բան լինի, բայց համակարգային առումով այս քայլերով, չեմ կարծում, թե հնարավոր կլինի դպրոցներում ուսուցիչների թվաքանակի բացը լրացնել։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am