Ինչ սպասել Միրզոյան-Բլինքեն հանդիպումից. ԱՄՆ դեսպանը մանրամասներ է ներկայացրել․ «Ազատություն»

Երեկ Ստոկհոլմում Հայաստանի արտգործնախարարի ու ԱՄՆ պետքարտուղարի, ինչպես նաև վերջինիս ու Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հանդիպումներից հետո՝ այսօր Երևանում Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին հայտարարեց, թե Վաշինգտոնը ցանկանում է տևական ու համապարփակ խաղաղության հասնել տարածաշրջանում։

Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։

«Ազատության» հետ կարճ զրույցում, դեսպանը, սակայն, չմանրամասնեց, թե ինչ է նշանակում տևական և համապարփակ խաղաղություն։

«[ԱՄՆ] պետքարտուղար Բլինքենի, պետքարտուղարության և այստեղ [ամերիկյան] դեսպանության ջանքերի շնորհիվ ցանկանում ենք աջակցել բոլոր այն քայլերին, որոնք ուղղված են տարածաշրջանում տևական և համապարփակ խաղաղության հաստատմանը», – Լին Թրեյսին։

Շվեդիայի մայրաքաղաքում երեկ կայացած ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակում կայացավ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը, որի ժամանակ, ըստ հայկական կողմի, Բլինքենին է ներկայացվել Հայաստանի տարածք ադրբեջանական զինուժի ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակը։

Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, կարևորվել է հայ ռազմագերիների, պատանդների հայրենադարձման անհրաժեշտությունը, ինչպես նաև Միրզոյանն ու Բլինքենն «ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորմանն ուղղված խաղաղ գործընթացի լիարժեք վերսկսման անհրաժեշտությունը»:

Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպման վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության կայքում հաղորդագրություն չկա։

Իրադրությունը Կովկասում երեկ քննարկել են նաև ԱՄՆ պետքարտուղարնն ու նրա ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովը։ Ամերիկյան կողմի հաղորդագրության համաձայն, Էնթոնի Բլինքենը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունների միջև ուղիղ երկխոսության վերականգնումը։

Ուշագրավ է, որ Բլինքեն-Լավրով ստոկհոլմյան այս հանդիպման վերաբերյալ Ռուսաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ որևէ հիշատակում, չկա, թե կողմերը քննարկել են նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները։

Փոխարենը, Լավրովի գլխավորած գերատեսչությունը հաղորդում է, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ Ստոկհոլմում կայացած երեկվա հանդիպմանը կողմերը «քննարկել են երկու երկրների ջանքերի կոորդինացիան` [միտված] տարածաշրջանային հարթակներում, ներառյալ Անդրկովկասում իրավիճակի հետագա կայունացմանը»։