Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերվա ընթացքում երկրի տարբեր շրջաններում, ինչպես նաև Սև և Ազովի ծովերի երկնքում, հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են 791 ուկրաինական անօդաչու թռչող սարք (ԱԹՍ)։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի խոսքով՝ օգոստոսի 17-ի երեկոյից մինչև օգոստոսի 18-ի ժամը 05։00-ն Մոսկվայի և Մոսկվայի մարզի ուղղությամբ արձակվել է 620 ԱԹՍ, որոնցից 180-ը ոչնչացվել է մայրաքաղաքի շրջանում։ ԱԹՍ-ների բեկորների անկման վայրերում աշխատում են արտակարգ ծառայությունները։
ՏԱՍՍ-ի հաշվարկներով՝ վերջին երկու տարվա ընթացքում սա Մոսկվայի ուղղությամբ իրականացված ամենախոշոր հարձակումն է։ Մերձմոսկովյան շրջանի իշխանությունների տվյալներով՝ տուժել է երեք մարդ, այդ թվում՝ 10-ամյա աղջիկ։ ԱԹՍ-ներից մեկը հարվածել է Wildberries-ի պահեստին։
Ռուսաստանի ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը հայտարարել է, որ օգոստոսի 10-16-ը ուկրաինական հարվածների հետևանքով Ռուսաստանում զոհվել է 69 մարդ, այդ թվում՝ 3 երեխա, ևս 406 քաղաքացիական անձ վիրավորվել է։
Միրոշնիկի խոսքով՝ այդ ժամանակահատվածում ուկրաինական ուժերը Ռուսաստանի տարածքում գտնվող քաղաքացիական թիրախների ուղղությամբ արձակել են առնվազն 7264 զինամթերք։
Ուկրաինան նույնպես հայտնել է ռուսական հարվածների հետևանքների մասին։ Զապորոժիեում երկու մարդ է զոհվել, իսկ Խարկովի մարզում 5 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ 9-ամյա տղա։



















