Ադրբեջանի ոստիկանությունը 2021 թ. դեկտեմբերի 1-ին բռնության միջոցով ցրել է Բաքվի կենտրոնում խաղաղ բողոքի ակցիան՝ ձերբակալելով տասնյակ ցուցարարների, որոնց թվում և ընդդիմության առաջնորդ Թոֆիգ Յաղուբլուին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպության հայտարարության մեջ:
«Ադրբեջանի իշխանությունները հերթական անգամ լկտի քամահրանք են դրսևորել խաղաղ բողոքի ակցիաներ անցկացնելու մարդու իրավունքի նկատմամբ և բռնություն են կիրառել՝ ճնշելու այլախոհությունը: Իշխանությունները պետք է անհապաղ, անաչառ և մանրամասն հետաքննություն իրականացնեն իրավապահների վարքագծի վերաբերյալ և պատասխանատվության ենթարկեն խախտումների համար պատասխանատուներին»,- ասել է Human Rights Watch-ի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի փոխտնօրեն Գեորգի Գոգիան:
Ընդդիմադիր Թոֆիգ Յաղուբլուն, ով բազմաթիվ վնասվածքներ է ստացել ոստիկանությունում կալանքի տակ պահվելու ժամանակ, հայտնել է, որ ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել իրեն՝ պահանջելով տեսախցիկի առջև հայտարարել, թե կդադարի քննադատել Ադրբեջանի ղեկավարությանը:
«Յաղուբլուի հանդեպ դաժան վերաբերմունքը հարձակում է ինչպես անձի, այնպես էլ խաղաղ հավաքներ իրականացնելու իրավունքի վրա: Հաշվի առնելով Ադրբեջանի վատ հեղինակությունը ոստիկանության կողմից իրականացվող խախտումների դեմ պայքարում, իշխանությունները պետք է ապահովեն արդյունավետ, անկողմնակալ հետաքննություն»,- հայտարարել է Գոգիան: