Դա ոչ այլ ինչ է, քան Հայաստանի պահանջների իրավաչափության ճանաչում. իրավագետը՝ ՄԱԿ-ի դատարանի որոշման մասին

Իրավագետ Արտաշես Խալաթյանը, ով նաև Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետն է, ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանին Հայաստանի դիմումը համարում է հայկական դիվանագիտության աննախադեպ քայլ, դատարանի որոշումը ևս որակում աննախադեպ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Խալաթյանը նման տեսակետ հայտնեց «Ժողովրդավարության և անվտանգության հարցերի հայկական կենտրոնի» կողմից կազմակերպված «Ի՞նչ է հաջորդել Սոչիին, և ի՞նչ է նախորդում Բրյուսելին. հնարավո՞ր է հայ-ադրբեջանական նոր պատերազմ» թեմայով կլոր սեղան-քննարկմանը:

«ՄԱԿ-ի միջազգային դատարանին դիմելը հայկական դիվանագիտության շատ կարևոր, ոչ ստանդարտ, աննախադեպ քայլ է մեր 30-ամյա մեր պայքարում: Մենք քաղաքական բանակցությունների տիրույթից դուրս նախաձեռնեցինք գործընթաց, որն ըստ էության կոչված է ամրապնդելու մեր բանակցային դիրքերը Արցախի հարցի բանակցային սեղանի շուրջ»,-ասաց Խալաթյանը:

Հայկական կողմը ՄԱԿ-ի միջազգային դատարանում չի դրել Արցախյան հարցի լուծման ամբողջական փաթեթը, այլ դրանից առանձնացրել է հումանիտար բլոկը՝ մարդու իրավունքների բլոկը: «Արցախյան բանակցային գործընթացում հաջողություն գրանցելու համար միջազգային հանրությանը պետք է համոզենք, որ այստեղ կա մարդու հիմնարար իրավունքների խախտման խնդիր»,-ասաց Խալաթյանը:

Եվ ահա ՀՀ-ն դիմել է ՄԱԿ-ի միջազգային դատարան՝ պնդելով, որ Ադրբեջանի կողմից շարունակաբար խախտվում է խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի կոնվենցիան: «Մենք այստեղ հստակ առանձնացրել ենք մեր այն պահանջները, որը քաղաքական փաթեթավորմամբ տարիներ շարունակ բանակցել ենք, այն է՝ արցախահայությունը կանգնած է էքզիստենցիալ գոյաբանական վտանգի առջև, Ադրբեջանը շարունակաբար սպառնում է Արցախի ժողովրդի կյանքի իրավունքին, Արցախյան պատերազմը ծագել է՝ որպես Արցախի ժողովրդի ինքնապաշտպանության իրավունքի իրացում՝ ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի, որի նպատակն էր իրականացնել տարածաշրջանի ամբողջական էթնիկ զտում, տեղի է ունենում մշակութային շարունակական ցեղասպանություն, Արցախում հայկական տարրի մշակութային ներկայությունը նպատակամղված վերացվում է և երրորդը, որը Արցախյան պատերազմի արդյունք է՝ ռազմագերիների նկատմամբ վատ վերաբերմունքը՝ սպանություններ, նրանց չվերադարձնելը և այլն»,-ասաց նա:

Հաագայի դատարանը պահանջել է Ադրբեջանից կանխել հայերի նկատմամբ ռասայական ատելության տարածումը: Ըստ որոշման՝ Ադրբեջանը պետք է բռնությունից պաշտպանի 2020 թ. Արցախյան պատերազմի ընթացքում կամ դրա հետևանքով գերության մեջ հայտնված անձանց անվտանգությունը և երաշխավորի նրանց հավասարությունն օրենքի առջև:

Միջոցներ ձեռնարկի ծագումով հայերի նկատմամբ ռասայական ատելության տարածումը կանխելու համար, ներառյալ պաշտոնյաների և պետական կառույցների ներկայացուցիչների կողմից: Ադրբեջանը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման բոլոր գործողությունները, որոնք կատարվել են հայկական մշակութային ժառանգության հանդեպ:

«Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ ըստ էության հայկական կողմի պահանջների իրավաչափության ճանաչում: Մինչև դրանց ըստ էության քննարկելն առնվազն դրանց առերևույթ լեգիտիմությամբ ճանաչում է ՄԱԿ-ի դատարանում»,-ասաց նա ու ՄԱԿ-ի դատարանի այդ որոշումը համարեց աննախադեպ: