Կառավարության ձևավորման ժամանակ խախտվել են օրենքն ու Սահմանադրությունը

Կառավարության ձևավորման ժամանակ խախտվել են օրենքն ու Սահմանադրությունը
Կառավարության ձևավորման ժամանակ խախտվել են օրենքն ու Սահմանադրությունը

Կառավարության կազմավորումը սահմանված է Սահմանադրության 150-րդ, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 3-րդ հոդվածներով։

Օրեր առաջ կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կնշանակվեն կառավարության անդամների 2/3 -ը, իսկ 1/3-ը չի նշանակվի, քանի որ սպասվում են նախարարությունների կրճատումներ և օպտիմալացում։ Ու թեև վարչապետը դա ներկայացրեց որպես օրենքին չհակասող գործողություն, այդուհանդերձ, իրականությունն այլ է:

Կառավարության կազմավորումը սահմանված է Սահմանադրության 150-րդ, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 3-րդ հոդվածներով: Կարգավորումներով հստակեցվում է, թե ինչպես է ձևավորվում կառավարությունը, սակայն այնքան էլ հասկանալի չի ներկայացվում կառավարության անդամների առաջադրման և ընտրության կարգը։

Ըստ ՀՀ Սահմանադրության, «Կառավարությունը ձևավորվում է վարչապետի նշանակվելուց հետո 15-օրյա ժամկետում։ Իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում հանրապետության նախագահին առաջարկում է փոխվարչապետների և նախարարների թեկնածուներին, իսկ նախագահը եռօրյա ժամկետում կա՛մ նշանակում է առաջարկված թեկնածուներին, կա՛մ դիմում է Սահմանադրական դատարան: Դրանից հետո Սահմանադրական դատարանը քննում է դիմումը և որոշում է կայացնում հնգօրյա ժամկետում: Եթե հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում չի կատարում վերոնշյալ հոդվածով սահմանված պահանջները, ապա համապատասխան փոխվարչապետը կամ նախարարը նշանակված է համարվում իրավունքի ուժով»:

Այլ կերպ ասած, Սահմանադրությունը հստակ ամրագրում է, որ իր նշանակումից հետո վարչապետը 5-օրյա ժամկետում պարտավոր է նախագահին ներկայացնել բոլոր փոխվարչապետների և նախարարների թեկնածուներին: Նույնը ամրագրված է  «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 3-րդ հոդվածով:

Նույն հոդվածում նշվում է, որ կառավարությունը համարվում է կազմավորված, եթե նշանակվել է կառավարության անդամների առնվազն երկու երրորդը: Օրենքի հենց այս կետով առաջնորդվելով էլ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախարարների մի մասի ու մեկ փոխվարչապետի թեկնածու պարզապես չի առաջարկել նախագահին:

Այնինչ, Սահմանադրության 150-րդ հոդվածն ասում է, որ վարչապետը պետք է նախագահին առաջարկի թեկնածուներ նշանակել, իսկ կառավարության կազմը ձևավորված է, եթե նշանակվել են երկու երրորդը։ Այսինքն, վարչապետը պետք է առաջարկի բոլոր նախարարների ու փոխվարչապետների թեկնածուներին, իսկ կախված նախագահի կողմից այդ թեկնածուների նշանակման կամ սահմանադրական դատարանի քննարկման ուղարկման գործընթացից՝ կառավարության անդամների մի մասի նշանակումը կարող է ձգձգվել: Հենց այդպիսի իրավիճակում հստակության համար էլ սահմանված է, որ երբ երկու երրորդը նշանակված են, ապա կառավարությունը համարվում է ձևավորված:

www.Fip.am