Բանաստեղծ, ով մոլորակ է ստեղծել. Տեղի ունեցավ Ռազմիկ Դավոյանի հոգեհանգիստը

Գործընկերները, ընկերները, հարազատներն ու Ռազմիկ Դավոյանի ստեղծած գրականության երկրպագուները հունվարի 13-ին եկել էին մեծ բանաստեղծի հոգեհանգստի արարողությանը՝ հրաժեշտ տալու մեր ժամանակների ինքնատիպ մտածողներից մեկին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Դավոյանի հոգեհանգստին, որը տեղի ունեցավ «Արամ Խաչատրյան» համերգասրահի ճեմասրահում, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ասաց՝ մեր ժողովուրդը միշտ սիրով կարդացել է Դավոյանի ստեղծագործությունները և արդեն վաթսուն տարի ծանոթ է նրա բանաստեղծական աշխարհին, որն սկսվել է «Իմ աշխարհը» ժողովածուից: «Դավոյանը հաստատուն ուղիով ամբողջ կյանքում իր բանաստեղծական հունը, ճանապարհը, աշխարհը ստեղծեց և ոչ միայն բանաստեղծական. գրել է «Ստվերների միջով», «Ռեքվիեմ» և տասնյակից ավելի բանաստեղծական հրաշալի գրքեր, ինչպես նաև միջնադարյան մեծ նկարիչ Թորոս Ռոսլինի մասին արձակ երկը: Ռազմիկ Դավոյանը գրել է դրամաներ, հրապարակախոսական հոդվածներ, հասարակական, քաղաքական գործունեություն է ծավալել և բազմաթիվ մրցանակների ու շքանշանների արժանացել»,-շեշտեց Միլիտոնյանն ու հավելեց, որ Դավոյանը հետաքրքիր մարդ էր ու անգամ վիճելիս ժպտում էր, երբեք դառնություն, մաղձ չի եղել նրա խոսքում:

Բանաստեղծ Խաչիկ Մանուկյանի խոսքով՝ կան հրաժեշտներ, որոնք նաև սկիզբ են: «Ռազմիկ Դավոյանն այն ստեղծագործողն է, որը մոլորակ է ստեղծել: Այն կա և ցանկացողը կարող է գնալ այնտեղ, ապրել այդ բանաստեղծություններով, շնչել դրանցով, ուժեղանալ: Նման մարդը կգա ու կասի, որ սա իմ երկիրն է: Դավոյանի նման մեծությունները գալիս են հզորացնելու մեր հայրենիքը: Վահագն Դավթյանն ասել է՝ պոետները շանթարգելներ են և չեն թողնում՝ որևէ շանթ, որևէ ուժ գա ու մխրճվի մեր մեջ: Ես համոզված եմ, որ մեր հաղթանակների գրավականը նաև Ռազմիկ Դավոյանի գրականությունն է, նրա ապրած կյանքը»,-ընդգծեց Մանուկյանը:

Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի խոսքով՝ Ռազմիկ Դավոյանն իսկապես մեծ բանաստեղծ էր: Բաբայանը բախտ է ունեցել շփվելու նրա հետ մի քանի տարի շարունակ, երբ Դավոյանը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հանձնաժողովի նախագահն է եղել: «Այն մթնոլորտը, որը նա ստեղծում էր ուսանողների համար, նախանձելի էր: Նա այնքան լույս ու ժպիտ էր սփռում, միշտ լավ տրամադրություն ուներ, հրաշալի էներգետիկա: Միշտ հիշելու եմ այդ օրերը: Նա սովորեցնում էր անկախ տարիքից, գիտելիքների քանակից հարգել մարդուն: Մենք կորցրինք մեծ մարդու ու մեծ բանաստեղծի»,-եզրափակեց Բաբայանը:

Ռազմիկ Դավոյանը ծնվել է 1940 թվականի հուլիսի 3-ին Մեծ Պարնի գյուղում: Առաջին բանաստեղծությունը 1957 թվականին տպագրվել է Լենինականի «Բանվոր» թերթում, առաջին ժողովածուն՝ «Իմ աշխարհը», լույս է տեսել 1963 թվականին։ Դավոյանը 60-ականների «ոսկե» սերնդի ներկայացուցիչներից էր, նոր բանաստեղծության կոչնակներից, որը կարճ ժամանակում իր հաստատուն տեղն ունեցավ մեր գրական ընթացքում: Շարունակելով մեր գրականության ավանդույթները՝ նա ապահովեց մի նոր թռիչք, որը միայն ինքը կարող էր անել: Դավոյանի ստեղծագործությունները երգեր են դարձել, սիրված երգեր և դեռ երկար կմնան ունկնդրի հիշողության մեջ:

Հայտնի են Դավոյանի «Ստվերների միջով», «Ռեքվիեմ», «Խաչերի ջարդը», «Մեղրահաց», «Կեղևդ բաց արա», «Ինչ էր եղել», «Տաք սալեր», «Պոեմներ», «Պղնձե վարդ», «Թորոս Ռոսլին», «Բանաստեղծություններ», «Էպոս պատանության», «Տխուր փիղը», «Սահման», «Խաչերի ջարդը», «Ընտիր երկեր», «Քարե բարձ», «Էպոս պատանության» և այլ ժողովածուներ: Դավոյանի գրքերը թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, չեխերեն և այլ լեզուներով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Արժանացել է ՀԽՍՀ պետական մրցանակի (1985), ՀՀ նախագահի մրցանակի (2003), Հայաստանի «Մեսրոպ Մաշտոց» մեդալի (1998), Հայ Առաքելական եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» մեդալի (2011), «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի (2010), Հայաստանի վարչապետի հուշամեդալի (2015): Երևանի պատվավոր քաղաքացի է (2017):

Ռազմիկ Դավոյանը կյանքց հեռացել է հունվարի 11-ին: Վերջին հրաժեշտը՝ հունվարի 14-ին՝ ժամը 13:00-ին, Մեծ Պարնի համայնքում: