COVID-19-ի դեմ խթանիչ դեղաչափով չպատվաստվելու դեպքում կես մլն ֆրանսիացի կարող է կորցնել պատվաստման թերթիկը

Ավելի քան 560,000 ֆրանսիացի COVID-19-ի դեմ երրորդ՝ խթանիչ պատվաստանյութը չստանալու դեպքում հունվարի 15-ից  կարող է զրկվել իր պատվաստման թերթիկից։

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Le Figaro թերթը՝ վկայակոչելով Առողջապահության գլխավոր տնօրինությանը։

Ֆրանսիայում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երրորդ դեղաչափի ընդունման վերջնաժամկետը 7 ամիս է։ Սակայն խթանիչ պատվաստումը կարող է իրականացվել երկրում օգտագործվող պատվաստանյութերով (Pfizer, Moderna, AstraZeneca) ամբողջական պատվաստումից երեք ամիս անց:

Առողջապահության գլխավոր տնօրինության տվյալներով՝ հունվարի 13-ի դրությամբ 15,3 միլիոն մարդ արդեն ստացել է երրորդ խթանիչ դեղաչափը, խթանիչի ներարկման վերջնաժամկետը լրանում է մոտ 15,9 միլիոն պատվաստման թերթիկ ունեցողների համար, ովքեր պարտավոր էին ստանալ այն:

Ինչպես և սպասվում էր, հաջորդ շաբաթվա սկզբին Ֆրանսիայում թեստավորման անցաթղթերը կփոխարինվեն պատվաստման թերթիկներով՝ համաձայն նոր օրենքի, որն առաջին ընթերցմամբ անցել է Ֆրանսիայի խորհրդարանում։

Ավելի խիստ կանոններով՝ պատվաստման թերթիկները պետք է ներկայացվեն զգալի բազմություն ունեցող ցանկացած միջոցառմանը մասնակցելու և հասարակական միջտարածաշրջանային տրանսպորտում: