Արաբական Միացյալ Էմիրություններն առաջին անգամ դառնում են ռազմական հարվածի թիրախ. Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Արաբական Միացյալ Էմիրություններն առաջին անգամ դառնում են ռազմական հարվածի թիրախ: Եմենի հուսիները հարվածել են Աբու Դաբիի նավթային ենթակառուցվածքին, հայտարարելով, որ դա նախազգուշական հարված է, եթե Էմիրությունները շարունակեն «թշնամական վերաբերմունքը» Եմենի հանդեպ:

Այս իրադարձությունն ուշադրության է արժանի ոչ միայն նրանով, որ փաստորեն առաջին անգամ Էմիրությունները դառնում են թիրախ: ԱՄԷ-ն մասնակցել է Եմենի հուսիների դեմ Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիային, բայց երբեք չի դարձել թիրախ:

Իսկ ԱՄԷ-ն բավականին նկատելիորեն փորձում է բարձրացնել իր ռեգիոնալ քաղաքական դերը:

Տեղի ունեցածն ուշադրության է արժանի նաեւ նրանով, որ փաստորեն զուգահեռվել է Իրանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ բանակցությամբ, որի նպատակը լարված հարաբերությունը լիցքաթափելն է: Տեղեկություն կա, որ իրանական պատվիրակությունը վեց տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ այցելում է ՍԱ՝ Իսլամական գործակցության կազմակերպության հավաքին մասնակցելու:

Դրանից օրեր առաջ Բաղդադում տեղի էր ունեցել Իրանի եւ ՍԱ պատվիրակների հանդիպում: Ահա այս ֆոնին խիստ ուշագրավ է, որ Իրանի հովանին վայելող շիա հուսիները առաջին անգամ հարվածի թիրախ են ընտրում Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբին, ընդ որում «նախազգուշացնելով»:

Եվ մի բան էլ իհարկե հետաքրքիր է, որ օրերս պայթյուն տեղի ունեցավ նաեւ Բաղդադում՝ որտեղ այդ օրերին հանդիպել էին Իրանի եւ ՍԱ պատվիրակները:Իսկ վաղը Իրանի նախագահը մեկնում է Մոսկվա:Երանի այս ամենը Հայաստանում մեկ անգամ մեկ բանաձեւով բացատրել կարողացողներին»։