Պապիկյանի հարսանիքին Փաշինյանի և մի քանի պաշտոնյաների QR կոդերը չեն ստուգել․ FIP.am

Հունվարի 22-ից հանրապետությունում ուժի մեջ էին մտել նոր կարգավորումներ, ըստ որոնց, մասնավորապես, հանրային սննդի օբյեկտներ մուտք գործելու համար պարտադիր պետք է ներկայացնել ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող՝ առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ կամ պատվաստման սերտիֆիկատ։ Նույն օրը տեղի էր ունենում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանյաց արարողությունը, որը լայնորեն լուսաբանվեց մամուլում և սոցցանցերում։ 

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց պարզել՝ արդյո՞ք հարսանիքի ընթացքում, որին մասնակցել էին մեծաթիվ հյուրեր, այդ թվում՝ վարչապետի գլխավորությամբ շատ բարձրաստիճան պաշտոնյաներ, պահպանվել էին նոր կարգավորումներով սահմանված պահանջները։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հունվարի 24-ին կայացած մամուլի ասուլիսի շրջանակներում հարց հնչեց, թե արդյո՞ք վարչապետից և նրա ընտանիքից հունվարի 23-ին Դիլիջանում սրճարանի աշխատակիցները QR կոդ պահանջել են։ Վարչապետը պատասխանեց, որ պահանջել են։

«Այո, իհարկե, պահանջել են, և ընդ որում ասեմ, որ շատ հաճելի էր, որ պահանջել են, և առավել ևս հաճելի էր, որ մենք ձեռքի տակ, այսինքն մեր բջջային հեռախոսների մեջ, իմանալով, որ էդպիսի կարգավորում կա, բոլորս, բացի փոքրերից, ունեցել ենք համապատասխան QR կոդը […] Եվ սա շատ հաճելի պրակտիկա է, որ տեղի է ունենում, ի վերջո խոսքը հանրային առողջության մասին է»,- ասաց Փաշինյանը:

Նույն ասուլիսին FIP.am-ը հարց էր ուղարկել՝ արդյո՞ք Սուրեն Պապիկյանի հարսանիքի ժամանակ ստուգվել էին իր և իր ընտանիքի անդամների՝ պատվաստումը հավաստող փաստաթղթերը։ Հարցը, սակայն, այդպես էլ չէր հնչել։

Մենք կապ հաստատեցինք ռեստորանային համալիրի հետ, որտեղ տեղի էր ունեցել Սուրեն Պապիկյանի հարսանյաց տոնախմբությունը։

Համալիրի տնօրեն Կարեն Չիլինգարյանը FIP.am-ի հետ զրույցում հայտնեց, որ հարսանյաց արարողության ժամանակ ստուգվել են բոլոր հյուրերի պատվաստման սերտիֆիկատները, բացառությամբ մի քանի պաշտոնյաների։ «Պարտադիր բոլորինը ստուգվել են, բացառությամբ այն պաշտոնյաներին, որոնք իրենց անվտանգության աշխատողների հետ էին»,- հայտնեց Չիլինգարյանը։

Տնօրենը տեղեկացրեց, որ հյուրերից միայն 4 հոգի չեն ունեցել պատվաստման սերտիֆիկատներ, և նրանց մուտքը սրահ արգելվել է։ «Չորս հոգու մերժել ենք, շատ տհաճ իրավիճակ էր, բայց մերժել ենք»,- ասաց մեր զրուցակիցը։

Ստացվում է, որ մի դեպքում վարչապետից պահանջել են ներկայացնել պատվաստման սերտիֆիկատ, և վարչապետի բնորոշմամբ «շատ հաճելի պրակտիկա էր», սակայն դրա նախորդ օրը պաշտպանության նախարարի բազմամարդ հարսանիքի ժամանակ իր QR կոդը չստուգելու փաստը վարչապետին ոչ մի կերպ չի հուզել։

Այսպիսով, փաստենք, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքի տոնախմբության ժամանակ ռեստորանային համալիրը պահպանել է իրավական կարգավորման դրույթները, սակայն որոշ դեպքերում պարզապես հնարավորություն չի ունեցել ստուգել QR կոդերի առկայությունը․ վարչապետի և մի քանի այլ՝ հատուկ պահպանության տակ գտնվող պաշտոնատար անձանց պատվաստման սերտիֆիկատները չեն ստուգվել։

Ի դեպ, հունվարի 26-ին կառավարության լրատվական ծառայությունը տեղեկացրեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ վարակվել է կորոնավիրուսով։ 

Փաստերի ստուգման հարթակ