Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ներկայացուցիչ, պատգամավոր Կարեն Ավագյանի հայտարարությունը, որտեղ նա զինվորական բժիշկ Վահե Ավետյանի՝ ծեծի հետևանքով առաջացած մահվան համար սկիզբ առած քաղաքացիական շարժման անդամներին «խուժան» է որակում, սոցիալական ցանցերում բուռն քննարկումների տեղիք է տվել:
Միաժամանակ, որոշ վերլուծաբաններ կարծում են, որ սա իշխանությունների պաշտպանական, լավ չծրագրված ռեակցիան է, մինչդեռ ԱԺ-ում ու կառավարությունում մեծամասնություն կազմող իշխանությունը նման ձևով արձագանքելու փոխարեն պետք է պաշտոնական դիրքորոշում հրապարակեր:
Ավագյանը շաբաթվա սկզբին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր պատին գրել էր, որ «Հարսնաքարի» ողբերգությունը շահարկող խուժանը չի կարող լինել քաղաքացիական հասարակության մաս»` համոզված, որ «պետությունը հարցին մոտեցել էր ամենաբարձր մակարդակով` թե իրավական, թե բարոյական հարթություններում»:
Զարմանալի է, որ Ավագյանն իրեն թույլ է տալիս որակումներ անելու, այն դեպքում, երբ իր դեպքում լռելն ավելի նպաստավոր կլիներ: Հիշեցնենք, որ հենց Կարեն Ավագյանն էր ուրախ ժպիտով տասնյակ ուսանողների՝ ձեռքերին հրավտանգ գազով լեցուն սպիտակ փուչիկներ, ուղեկցում Հանրապետության հրապարակ, որտեղ տեղի ունեցավ հայտնի ողբերգությունը:
Առնվազն 150 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացան, շատերն առ այսօր դեռևս վիրակապերով և մինչև կյանքի վերջ մնայուն սպիներով են, իսկ հայտնի փուչիկների դեպքը դեռևս «ընթացքում» է, մայիսի 4-ից մինչ այսօր որևէ մեկն այս դեպքի համար պատասխանատվություն չի կրել:
«Ոչ ոք չի փորձում և չի էլ կարող պնդել, թե այս ամենը համարժեք է մարդու կյանքին, սակայն չպետք է ընկնել մյուս ծայրահեղության մեջ և այս ողբերգական դեպքը դարձնել խուժանությունների, անդաստիարակությունների ու անհանդուրժողականության պլանավորված քաղաքական ալիքի ծնունդ»,-«Հարսնաքարի» մոտ մոմավառության գնացողների հասցեին հայտարարել էր հանրապետական պատգամավորը:
Նախորդ գումարման ԱԺ պատգամավոր, ակտիվիստ Անահիտ Բախշյանը կարծում է, որ Ավագյանի այդ հայտարարությունը «ՀՀԿ-ի կողմից ինքնապաշտպանության և ինքնաարդարացման ձև է, որն առաջին հերթին հեղինակներին է դիպչում, ոչ թե այն խմբին, ում խուժան են անվանում».
«Խումբն իր պահանջներն է ներկայացնում ոստիկաններին ու իրավապահ մարմիններին՝ իր սահմանադրական իրավունքն իրացնելով: Եվ բողոքը մեղրածոր խոսքերով չի լինում, լինում է բողոքի խոսքերով, որը հաճելի չէ լսել իշխանությանը»,-«Մեդիալաբին» ասում է Բախշյանը:
«Մեկն էլ ես եմ եղել այնտեղ կանգանծներից, ուրեմն ես խուժա՞ն եմ: Փոխանակ փորձեն բողոքավորությունը հանդարտեցնել, հասարակությանը խուժան են անվանում: Իրենք խնդիրը չեն կարողանում լուծել, օրենքը աշխատեցնել երկրում և սկսում են դիմացինին վարկաբեկել: Մենք պարզապես բարիկադների տարբեր կողմերում ենք»,- նշում է Բախշյանը:
Հելսինկյան քաղաքացիական ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը կարծում է, որ Հանրապետականը պետք է անհանգստանա Ավագյանի նմանօրինակ մեկնաբանությամբ:
Նա նշում է, որ ՀՀԿ-ն, խոսելով եվրոպական ինտեգրման մասին, քաղաքացիական հասարակությանը դեմ և, ըստ էության, իրար հակասող մոտեցումներ է ցուցաբերում:
«ՀՀԿ-ն նախ պետք է իր գնահատականը տար «Հարսնաքարի» դեպքի առնչությամբ և ոչ թե փորձեր առանձին գործիչների միջոցով մեկնաբանություններ տարածել: Իսկ նման մեկնաբանություններ տալով ՝ նրանք պարզապես ինքնապաշտպանվում են` ջղաձգումներից մղված և հովանավորում են օլիգարխիկ սիստեմն ու օլիգարխիայի հնարավոր գործառույթները»,- ասում է Սաքունցը:
Այդուհանդերձ, Ավետյանի մահվանը հաջորդած շարժման գնահատականները միանշանակ չեն անգամ քաղաքական վերլուծաբանների շրջանում: Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի գնահատմամբ, օրինակ, «Հարսնաքարի» դեպքի առնչությամբ ստեղծված ալիքը ոչ թե քաղաքական շարժում է, այլ պարզապես քաղաքական PR նախագիծ.
«ՀՀԿ-ն, նման մեկնաբանություններ անելով, չի խորանում պրոյեկտի մեջ, նա տեսնում է արտաքին շղարշը և այդ շղարշի դեմ է պայքարում»:
«Եվ քանի որ հայտնի չէ, թե ովքեր են կանգնած այս պրոեկտի ետևում, հայտնի չէ նաև, թե ում դեմ է այն օգտագործվելու: Խոսքը, իհարկե, այն մարդկանց մասին չէ, ովքեր գնում են, գոռում են «Հարսնաքարի» մոտ և իսկապես վրդովված են այդ սպանությամբ: Իրականում այս քաղաքական պրոյեկտի ետևում այլ մարդիկ կան կանգնած և ունեն իրենց նպատակները»,- ասում է Բադալյանը:
«Այս շարժումը չի կայանա, քանի որ կեղծ թիրախ է ընտրել՝ օլիգարխիկ համակարգ, որը անորոշ է, այդտեղ ում ուզես` կարող ես մտցնել: Պետք է հստակ ձևակերպել, թե ո՞ւմ և ինչի՞ դեմ են պայքարում»,- հավելում է նա:
Նա նշում է, որ զինվորական բժիշկ Վահե Ավետյանի մահվան դեպքը դատապարտողները չպետք է մոռանան, որ 2008-ի մարտի 1-ին նույն բանակի ներքին զորքերը, ոստիկանությունն ու օլիգարխների թիկնազորը բարիկադի մյուս կողմում էին.
«Եթե բողոքի ալիք բարձրացնողները ձայն են բարձրացնում մարդու սպանության համար, ապա ինչո՞ւ ձայն չհանեցին մայիսի 6-ի «ընտրությունների» համար կամ զոհված զորակոչիկների համար: Սա քաղաքացիական հասարակության հետ կապ չունի, պարզապես քաղաքական PR պրոյեկտ է»,- ասում է Բադալյանը:
Միաժամանակ, քաղաքական տեխնոլոգը Հայաստանում քաղաքացիական հասարակության առկայության նախադրյալներ չի տեսնում՝ դա պայմանավորելով երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակով:
Մինչդեռ, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի գնահատմամբ՝ հասարակության տարբեր շերտերի՝ փողոց դուրս գալը հասարակության աշխուժացման և սոցիալական շարժումների նոր ու բավական հետաքրքիր գործընթացների մասին է վկայում:
Ըստ Իսկանդարյանի՝ Հայաստանում մինչ այժմ գոյություն չունեցող նոր ձախ գաղափարախոսություն է ձևավորվում՝ քննարկումներ, պայքար հարստության դեմ, ուղղակի մասնակցություն քաղաքականությանը, իսկ ամենակարևորը՝ հաստատուն բնապահպանական շարժում:
«Այս ցանցերում գործող մարդիկ միավորված են մեկ սոցիալական կարգավիճակի ներքո՝ նրանք միջին խավի ներկայացուցիչներ են, որոնք կրթություն ունեն կամ դեռ չեն ավարտել, իսկ ակցիաներն ու ցույցերը՝ հիմնված էկոլոգիայի վրա, կլասիկա է: Եվրոպայում մի շարք կարևոր կուսակցություններ ծագել են հենց էկոլոգիական շարժումներից, այսօր Եվրոպական խորհրդարանում կան քաղաքական գործիչներից չտարբերվող պատգամավորներ, որոնք տարիներ առաջ եղել են այնպիսին, ինչպիսին նույն Մարիամ Սուխուդյանն է»,- նշում է քաղաքագետը:
Այդուհանդերձ, Իսկանդարյանը չի կարծում, որ այս շարժումները կարող են իրական քաղաքական պայքարի դեր ստանձնել առաջիկա նախագահական ընտրություններում:
© Medialab.am