Ծաղկաձորում 44-ամյա տղամարդը փորձել է գողություն կատարել, սակայն 3-րդ հարկից ցած է ընկել

Հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի և որովայնի բութ վնասվածքով ու կողերի կոտրվածքով բուժօգնության է տեղափոխվել 44-ամյա մի տղամարդ։

Այդ մասին հայտնում են Ոստիկանությունից։

Հիվանդանոց մեկնած ոստիկաններին տղամարդը հայտնել է, որ վնասվածքները ստացել է Ծաղկաձոր քաղաքում ընկնելու հետևանքով։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Հրազդանի ոստիկանները պարզել են, որ նա հունվարի 26-ին գողություն կատարելու նպատակով գնացել էր Ծաղկաձոր քաղաքի Պահլավունյաց փողոցում գտնվող կոմունալ տնտեսության չգործող շինություն և փորձել էր գողանալ շինության 2-րդ և 3-րդ հարկերի պատուհանները, սակայն շինության 3-րդ հարկից ընկել էր և ստացել մարմնական վնասվածքներ:

Կատարվում է քննություն։