ՀՀ մասնակցությունը նման ցուցահանդեսներին կարևոր է երկրի ճանաչելիության բարձրացման համար. Քերոբյանը` Դուբայում

«Այսօր «Expo 2020 Dubai» համաշխարհային ցուցահանդեսում մեզ համար կարեւոր օր է. ՀՀ պետական օրհներգի ներքո հայկական եռագույնի բարձրացման արարողությամբ առավոտյան մեկնարկեց Հայաստանի Ազգային օրը»,-այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Ազգային օրվա պաշտոնական բացման իմ ելույթում կարեւորել եմ աշխարհում գիտության, մշակույթի եւ տեխնոլոգիաների զարգացման գործում հայ գիտնականների եւ նորարարների անգնահատելի ներդրումը՝ ներկայացնելով նորարարություններ, որոնք բեկումնային են եղել մարդկության առաջընթացի համար։

Ընդգծել եմ Հայաստանի գործարար եւ ներդրումային միջավայրի գրավչությունները, առանձնացրել հատկապես տնտեսության այն ոլորտները, որոնք կարող են առավել գրավիչ լինել օտարերկրյա ներդրողների համար։

Հայաստանի մասնակցությունը նման մեծամասշտաբ ցուցահանդեսներին կարեւոր է երկրի ճանաչելիության բարձրացման, նոր համագործակցությունների հաստատման եւ դիվանագիտական հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից»,-գրել է նախարարը: