Ներկայանալով որպես դատախազ` քաղաքացիներից խարդախությամբ տարբեր չափերի գումարներ է հափշտակել

Ներկայանալով որպես դատախազ` քաղաքացիներից խարդախությամբ տարբեր չափերի գումարներ է հափշտակել
Ներկայանալով որպես դատախազ` քաղաքացիներից խարդախությամբ տարբեր չափերի գումարներ է հափշտակել

Անձը, խաբեությամբ ներկայանալով որպես դատախազ՝ բնակարան ձեռք բերելուն օժանդակելու պատրվակով քաղաքացիներից խարդախությամբ տարբեր չափերի գումարներ է հափշտակել։ ՀՀ դատախազության հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորեւ։

«Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունից 2019թ. փետրվարի 6-ին` ՀՀ քրեական դավավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու համար, ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին է ուղարկվել քաղաքացու դիմումն այն մասին, որ իր հետ համացանցով ծանոթացած Ս.Ս.-ն, ներկայանալով որպես գլխավոր դատախազության աշխատակից՝ զինվորական դատախազի տեղակալ, խաբեությամբ` իր համար նորակառույց շենքերից մեկում «Համահայկական հիմնադրամի» միջոցներով բնակարան ձեռք բերելու համար նախնական վճարումները կատարվելու պատրվակով 2018թ. նոյեմբեր ամսին վերցրել է 507,000 ՀՀ դրամ և անհետացել` հափշտակելով այն։

Դեպքի առթիվ 2019 թվականի փետրվարի 16-ին ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ և նախաքննություն կատարելու համար ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին և նույն օրն ընդունվել վարույթ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սույն անձնավորության առերևույթ հանցավոր գործողություններից տուժել է ևս երեք քաղաքացի: Մասնավորապես ներկայանալով որպես գլխավոր դատախազության տարբեր ստորաբաժանումների դատախազ՝ բնակարան ձեռք բերելու համար նախնական վճարումներ կատարելու պատրվակով նրանցից առանձին առանձին, տարբեր ժամանակահատվածներում, մաս-մաս ստացել է մի դեպքում շուրջ 1.000.000, մյուսի դեպքում՝ 565.000, երրորդի դեպքում՝ 3.330.000 ՀՀ դրամ գումար և անհետացել։ Ցուցմունքներում առերևույթ խարդախության զոհ դարձած առանձին քաղաքացիներ նշել են, Ս.Ս.-ի հորդորով նաև ապառիկով գնել և նրան են փոխանցել բջջային հեռախոսներ, իսկ պահանջված գումարները տալու համար ստիպված ձևակերպել և ստացել են վարկեր:

Վերոնշյալ բոլոր դեպքերով հարուցվել են քրեական գործեր: Մասնավորապես՝ դրանցից երեքով քրեական գործերը հարուցվել են ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, մեկ դեպքում՝  178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Քրեական գործերը միացվել են մեկ վարույթում, որի նախաքննությունն իրականացնում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժինը: Ս.Ս.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Ս.Ս-ի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու միջնորդություն կներկայացվի դատարան: Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները ինչպես նշված դեպքերի հանգամանքները, այնպես էլ խարդախության հնարավոր այլ դրսևորումները բացահայտելու ուղղությամբ:

Պարզվել է, որ 1985թ. ծնված Ս.Ս.-ն նախկինում դատապարտվել է նմանատիպ հանցագործություն կատարելու համար: Մասնավորապես Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2015թ. դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 38-212-րդ հոդվածի 3-րդ մասով և 34-212-րդ հոդվածի 3-րդ մասով նա դատապարտվել է ազատազրկման՝ 5 տարի ժամանակով։ Բացի այդ, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի վարույթում քննված քրեական գործով Ս.Ս.-ն կրկին հետապնդվել է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Տվյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ 29.10.2018թ. ուղարկվել է դատարան։ Նկատի ունենալով, որ Ս.Ս-ի հանցավոր գործողություններից կարող են տուժած լինել նաև այլ քաղաքացիներ՝ վերջիններիս հորդորում ենք դիմել ՀՀ դատախազություն կամ իրավապահ որևէ այլ մարմին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀքրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»։