Եթե գործող ՄԻՊ-ը որոշի մնալ, «Քաղաքացիական պայմանագիրը» կպաշտպանի նրան

Եթե գործող ՄԻՊ-ը որոշի մնալ, «Քաղաքացիական պայմանագիրը» կպաշտպանի նրան
Եթե գործող ՄԻՊ-ը որոշի մնալ, «Քաղաքացիական պայմանագիրը» կպաշտպանի նրան

«Քաղաքացիական պայմանագիրը» կուսակցության վարչությունը հայտարարություն է տարածել օրերս հրաժարականի դիմում ներկայացրած ՀՀ օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի առնչությամբ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը լրջորեն մտահոգված է այն տեղեկությունների կապակցությամբ, թե ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հրաժարականը պայմանավորված է նրա վրա գործադրված ճնշումներով, որոնց հեղինակը, ըստ մամուլի բազմաթիվ հրապարակումների, Վատիկանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն է:

Ո՛չ Կարեն Անդրեասյանը, ո՛չ Միքայել Մինասյանն այս հրապարակումների կապակցությամբ հերքմամբ հանդես չեն եկել, չեն տվել անհրաժեշտ պարզաբանումներ, ինչը ստիպում է ավելի ու ավելի լուրջ վերաբերվել շրջանառվող այս վարկածին:

Որեւէ մեկը, առավելեւս պետական պաշտոնյա եւ իշխող կուսակցության ղեկավարի ընտանիքի անդամ հանդիսացող անձը, իրավունք չունի Մարդու իրավունքների պաշտպանի վրա ճնշում գործադրել, եւ մենք անհրաժեշտ ենք համարում, որ մամուլում տեղ գտած հրապարակումները սահմանված կարգով ստուգվեն ՀՀ իրավապահ մարմինների կողմից:

Միեւնույն ժամանակ անընդունելի համարելով Կարեն Անդրեասյանի լռությունը՝ մենք հայտարարում ենք, որ եթե Անդրեասյանը Մարդու իրավունքների պաշտպանի կարգավիճակը պաշտպանելու կամք ցուցաբերի եւ առաջին հրաժարականից 10 օր անց չկրկնի հրաժարականը, ինչը կնշանակի հրաժարականի դիմումի չեղարկում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը իրեն հասու բոլոր միջոցներով կպաշտպանի այդ որոշումը՝ համարելով, որ այդպիսով պաշտպանում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչություն

15.01.2016թ.