ՊԵԿ-ը հրապարակել է երկակի և (կամ) ռազմական նշանակության չհանդիսացող ապրանքների թարմացված ցանկը

ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է երկակի և (կամ) ռազմական նշանակության չհանդիսացող ապրանքների թարմացված ցանկը, որը ձևավորվել է նախկինում՝ մի շարք տարիների ուսումնասիրությունների արդյունքում։Ցանկում ներառված են 31 հազար 355 ապրանքատեսակներ։

Ցանկը հասանելի է ՊԵԿ պաշտոնական կայքի «Մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների արգելքների և սահմանափակումների վերաբերյալ» բաժնում:

Կոմիտեն հիշեցնում է, որ ցանկում նշված ապրանքները հայտարարագրելիս անձինք կարող են, հղում կատարելով նշված  ցանկին, այլևս մաքսային մարմիններին չներկայացնել նշված ապրանքների՝ երկակի և (կամ) ռազմական նշանակության պատկանելության վերաբերյալ փաստաթղթերը, որոնք տրամադրվում են տարբեր փորձագիտական ընկերությունների կողմից, քանի որ տվյալ ապրանքներն արդեն իսկ որակվել են որպես ոչ երկակի և (կամ) ոչ ռազմական նշանակության ապրանքատեսակներ։

Միաժամանակ, ՊԵԿ-ը հայտնում է, որ հայտարարագրվող ապրանքի մասով տվյալ ցանկին հղումը հիմք կընդունվի մաքսային մարմինների կողմից՝ միայն տվյալ ապրանքի և ցանկում նշված նույնանման ապրանքի բոլոր բնութագրերի ու նկարագրությունների համընկնելու պարագայում։

Ըստ ուսումնասիրությունների արդյունքների,  անհրաժեշտության դեպքում, երկակի և (կամ) ռազմական նշանակության չհանդիսացող ապրանքների ցանկը պարբերաբար կթարմացվի և կընդլայնվի, որը հետագայում նույնպես կհրապարակվի։