Հայաստանում Բելառուսի դեսպանն այսօր կանչվել է ԱԳՆ.Factor

Հայաստանում Բեռալուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկին այսօր հրավիրել են Հայաստանի արտաքին գործերի նախարարություն: Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց գերատեսչության խոսնակ Վահան Հունանյանը: Դեսպանը ԱԳՆ է կանչվել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի աղմկահարույց հայտարարությունից հետո:

Հիշեցնենք՝ Լուկաշենկոն երեկ, հարցազրույց տալով կրեմլյան քարոզչական թիմի հայտնի ներկայացուցիչ Վլադիմիր Սոլովյովին, հայտարարել էր, թե Մոսկվայի ու Մինսկի նախաձեռնած միութենական պետության կազմում առաջիկա 15 տարիներին կընդգրկվի նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մեծ մասը՝ նաև Հայաստանը։ «Հայաստանը փախչելու տեղ չունի… ինչ է, կարծում եք, նրանք ինչ-որ մեկին պե՞տք են… իրենք արդեն տեսել են, Նիկոլ Վովաևիչը դա արդեն տեսել է»,- ասել էր նա:

Արդյո՞ք դեսպանին հրավիրելու պատճառ են դարձել Լուկաշենկոյի այս հայտարարությունները․ Factor.am-ի ճշտող հարցին Հայաստանի արտգործնախարարության խոսնակը հրաժարվեց հավելյալ մեկնաբանություն տալ։ 

Հունանյանը միայն հավելեց, որ այդ հարցով պաշտոնական մեկնաբանություն են տարածել։ «Համոզված ենք, որ Բելառուսի նախագահի աշխարհաքաղաքական ինքնատիպ վերլուծությունները նպատակ ունեն սպասարկելու առաջին հերթին սեփական ներքին քաղաքական օրակարգը և որևէ առնչություն չունեն Հայաստանի և նրա արտաքին քաղաքականության հետ»,-ասված էր Հունանյանի՝ ավելի վաղ արված մեկնաբանությունում։