Նիկոլ Փաշինյանն ամենայն հավանականությամբ հրաժարական կներկայացնի կա՛մ ս.թ. մայիսի 1-ին, կա՛մ 8-ին. Նորայր Նորիկյան

Փաստաբան, Նորայր Նորիկյանը գրում է.

«Եթե տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, որ ս.թ. հունիսի 13-ին կամ 20-ին տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ապա դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանն, ամենայն հավանականությամբ, գործող սահմանադրաիրավական կարգավորումների պայմաններում հրաժարական կներկայացնի կա՛մ ս.թ. մայիսի 1-ին, կա՛մ 8-ին՝ 2018թ. իր վարչապետ ընտրվելու օրը:

Սույն ենթադրությունը հիմնված է հետևյալ հաշվարկի վրա.

ՀՀ սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ:

Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները:

Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:ՀՀ սահմանադրության 92-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովի արձակվելուց ոչ շուտ, քան երեսուն, և ոչ ուշ, քան քառասունհինգ օր հետո:

Վկայակոչված նորմերի վերլուծությունից հետևում է, որ մայիսի 1-ին կամ 8-ին վարչապետի կողմից հրաժարական ներկայացնելուց 7 օր հետո՝ կա՛մ մայիսի 8-ին, կա՛մ 15-ին պետք է անցկացվի վարչապետի նոր ընտրություն, որի դեպքում, եթե վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:

Հետևաբար՝ ՀՀ սահմանադրության 92-րդ հոդվածով ամրագրված ժամկետները պետք է հաշվել մայիսի կա՛մ մայիսի 8-ից, կա՛մ 15-ից, որի պայմաններում սահմանված ժամկետները համընկնում են հունիսի 13-ից 20-ն ընկած ժամանակահատվածին:

Հ.Գ. Այս սցենարը կարող է չաշխատել, եթե իշխանությունն այս ժամանակահատվածում փոփոխության ենթարկի ՀՀ սահմանադրությունը՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հնարավորություն ստեղծելով նաև Ազգային Ժողովի ինքնալուծարման դեպքում՝ առանց վարչապետի հրաժարականի պահանջի:

Կապրենք՝ կտեսնենք, թե որ տարբերակը կընտրվի:Մի բան ակնհայտ է՝ պատրաստվում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների:Լրջորեն ու վճռականորեն ենք պատրաստվում…»։