Թավշյա հեղափոխությունը՝ հեռուստատեսությամբ

Թավշյա հեղափոխությունը՝ հեռուստատեսությամբ
Թավշյա հեղափոխությունը՝ հեռուստատեսությամբ

Ինչպես Ջիլ Սքոթ-Հերոնի երգի վերնագրում է ասված՝ «The Revolution Will Not Be Televised» («Հեղափոխությունը չի հեռարձակվի»): Հայտնի փաստ է՝ ավանդական մեդիան հեղափոխական չէ, չի սիրում և քիչ է գնում փոփոխությունների, ավանդական մեդիասպառողներն էլ, ասում են, հեղափոխության կողմնակիցներ չեն, քանի որ ով իրոք հեղափոխական է՝ փողոցում է և ոչ հեռուստացույցի առաջ:

Հայաստանյան թավշյա հեղափոխությունն ու այն նախաձեռնած ընդդիմադիր ուժն էլ բացառություն չեն, նրանք նույնպես սկզբնական շրջանում հեռուստատեսությամբ չեն լուսաբանվել, իսկ եթե լուսաբանվել էլ են՝ թերի կամ կողմնակալ կերպով:
Այս հոդվածում կանդրադառնանք հայկական հեռուստատեսության երեք առաջատարներին՝ Հանրային հեռուստաընկերությանը, «Արմենիա TV»-ին և «Շանթ» հեռուստաընկերությանը, և կդիտարկենք հիմնականում լրատվական հաղորդումների անդրադարձը կատարվող իրադարձություններին և ընդդիմադիր անձանց:

Այսպես՝ երբ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում ազդարարեց իր քայլերթի մեկնարկը Գյումրիի Վարդանանց հրապարակից դեպի Երևան, որևէ հեռուստաընկերություն չլուսաբանեց այդ փաստը: Այս իրադարձությունը, սակայն, մեծ տարածում գտավ սոցիալական ցանցերում և առցանց մամուլում: Եվ երթի ընթացքում էլ հայկական հեռուստաընկերություններից ոչ մի ներկայացուցիչ չհանդիպեց նրան և չլուսաբանեց նախաձեռնությունը: Երթը, սակայն, ակտիվորեն լուսաբանեցին առցանց լրատվամիջոցները, մասնավորապես, «Ազատություն» ռադիոկայանն ու «Սիվիլնեթը», որոնք առանձնացնում ենք հատկապես այն պատճառով, որ եկել էին փոխարիենելու հեռուստաարտադրանքին:

Եվ երբ մարտի 31-ին Փաշինյանը հայտարարեց իր քայլերթի մասին, Հանրային հեռուստաընկերությունը իր գլխավոր թողարկման կարևոր թեմաներ համարեց Սերժ Սարգսյանի ներկայությունը եկեղեցում՝ պատարագին, «Ալեքսանդր» հյուրանոցի բացման արարողությունը, դիվանագետների կողմից ծառատունկը, Թուրքիայում Աթեշյանի դեմ կազմակերպված բողոքի ակցիան, Չիվա գյուղի հյուրատան պատմությունը: Թեպետ այս ակցիայի, ինչպես նաև զուգահեռ ընթացող «Մերժիր Սերժին» շարժման լուսաբանումը հնարավոր է համարել պարզապես անուշադրություն և թեթևակի թերացում, քանի որ դրանք այդքան մեծ բնույթ և մասշտաբներ չունեին: Սակայն ինչ կատարվեց ժամանակագրական առումով ավելի ուշ, չի կարող պատահական լինել:

Ահա երկար լռությունից հետո` ապրիլի 16-ին՝ Հանրայինի «Օրակարգի» գլխավոր թողարկմանը ներկայացվել է մի ամբողջական ռեպորտաժ զանգվածային անկարգությունների մասին, ներկայացվել է ոստիկանության կիրառած հատուկ միջոցների, փշալարերի անցկացման մասին, սակայն չի ներկայացվել շարժման նպատակը, մասնակիցների անկարգությունների պատճառները:

Ապրիլի 17-ի գլխավոր թողարկմանը կատարվող իրադարձությունը կրկին վերնագրվել է որպես «Զանգվածային անկարգություններ»՝ չնշելով շարժման նպատակը, մասնակիցների պահանջները: Ապրիլի 18-ին Հանրայինն անդրադարձել է երեկոյան տեղի ունեցած անկարգություններին, որ կատարվել են հանրահավաքի մասնակիցների կողմից, ներկայացրել ոստիկանության տեսակետը: Ապա «Օրակարգի» ապրիլի 19-ի գլխավոր թողարկման ընթացքում շարունակել է լուսաբանել նույն իրադարձությունը, ըստ էության, կրկնելով ասվածը:

Հանրային հեռուստաընկերությունը ապրիլի 20-ի լրատվական գլխավոր թողարկման մեջ անդրադարձ է կատարել բողոքի ակցիաներին՝ մեջբերելով ԵԱՀԿ արձագանքը, որում ասված էր, որ թեպետ ողջունելի է ազատ խոսքի արտահայտումը, սակայն ցուցարարները չպետք է շինություններ ներխուժեն և աշխատանքը խաթարեն: Ապա նույն թողարկումում անդրադարձ է կատարվել «բողոքի 8-րդ օրվան»` հիմնականում խոսելով անկարգությունների, ձերբակալվածների, նրանց մեղադրանք առաջադրելու մասին, և ոչ մի խոսք չի շարժման նպատակների մասին: Հետաքրքիր է, որ անկարգությունները լուսաբանվել են, սակայն, օրինակ՝ օրվա վերջի բազմահազարանոց հանրահավաքներից որևէ կադր ներառված չէր:

Հաջորդ օրվա կեսօրի թողարկումը հայտարարել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի՝ անհապաղ բանակցությունների կոչի մասին, այնուհետև կրկին տվել ոստիկանության հայտարարությունը՝ հավաքները դադարեցնելու մասին:
Հանրային հեռուստաընկերությունը Սարգսյան-Փաշինյան բանակցությունների պահին հեռարձակել է «Հայ ասպետ» խաղը, սակայն այդ օրվա գլխավոր թողարկումը, հակառակ առաջին փուլի լռության, գրեթե ամբողջապես հատկացվել է ցույցերին, ներկայացվել բանակցություն համարվող րոպեների ամբողջական տեսանյութը:

Արդեն 23-ի գլխավոր թողարկմանը ներկայացվել է հրաժարականի տեքստը, և այստեղից էլ սկսվել է Հանրայինում փոփոխությունների շրջանը: Հետագայում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները լուսաբանվել են ինչպես հարկն է, սակայն բարդ է ասել` դրանք լուսաբանվել են իշխանությա՞ն, ֆիգուրների՞, կադրերի՞, թե՞ մտածողության փոփոխության արդյունքում:

«Շանթ» հեռուստաընկերությունը այդ օրերին աշխատել է արտակարգ ռեժիմով և որպես ավարտ՝ լուսաբանել Սարգսյանի հրաժարականից հետո հանրահավաքը: Բայց արդարության համար հարկ է նշել, որ շարժման առաջին փուլը կրկին չի լուսաբանվել: Միայն ապրիլի 3-ին «Հորիզոն» լրատվականն անդրադարձ է ունեցել շարժմանը՝ առանց նշելու, որ այն Սերժ Սարգսյանի դեմ է կազմակերպված:

«Արմենիա» հեռուստաընկերությունը, ինչպես բնորոշում են, հիմնականում Հանրայինի ոճով է գործել: Հեռուստաընկերությունը չի հեռարձակել անգամ Ազգային ժողովի մայիսի 1-ի հատուկ նիստը՝ վարչապետի ձախողված ընտրությունները, սակայն սա մասնավոր հեռուստաընկերություն է և, ի դեպ, տեսականորեն կարող է աշխատել իր թիրախային լսարանի պահանջներին համապատասխան՝ չանդրադառնալով տեղի ունեցող իրադարձություններին: Նույն պնդումը չի կարող գործել Հանրայինի դեպքում:

Ուստի՝ փաստ է, հեռուստատեսությունը, թեպետ կա և մնում է տեղեկատվության վստահելի աղբյուր, արտակարգ իրավիճակներում հետ է մնում առցանց մեդիայի հոսքերից: Եվ այն, թեպետ ակնհայտորեն պարտվել է հեղափոխության լուսաբանման հարցում, պետք է սկսի փնտրել այլ ուղիներ (ոչ թե տեղեկացնող, այլ մեկնաբանող, վերլուծող գործառույթի վրա շեշտադրումներ անելով), որպեսզի շարունակի պահել լսարանի հետ կապը և հետաքրքրի այն մեդիասպառողին, որն արդեն ինքն է դառնում տեղեկատվություն ստեղծող:

Լուսանկարը` «Ֆոտոլուր»

Վիկտորյա Մարկոսյան

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս