Հայաստանում գիտնականները փորձում են պարզել՝ Covid-19-ի իմունիտետը որքա՞ն է պահպանվում և ինչպես է այն ազդում մարդու նյարդային համակարգի վրա

Հայաստանում մի խումբ գիտնականները փորձում են պարզել՝ արդյոք կորոնավիրուսով հիվանդացած լինելը մարդու մոտ առաջացնո՞ւմ է իմունիտետ, թե՞ ոչ։ Երևանի պետական բժշկական համալսարանում Covid_Antibody նախագծի շրջանակներում արդեն շուրջ 170 մարդ մասնակցել է Covid-19-ի հակամարմինների կամավոր հետազոտությանը։

«Նմուշառումը հասցնելու ենք 200-ի։ Փորձում ենք ի վերջո հասկանալ՝ թե որքա՞ն երկար են հակամարմինները մնում օրգանիզմում և, կախված հիվանդության ընթացքի ծանրությունից կամ թեթևությունից, ե՞րբ է փոխվել հակամարմինների կոնցենտրացիան», – «Մեդիալաբի» հետ զրույցում բացատրում է Երևանի պետական բժշկական համալսարանի գիտության գծով պրոռեկտոր, գիտնականների թիմի ղեկավար Կոնստանտին Ենկոյանը։

ԵՊԲՀ գիտնականները մտքում ունեցել են Covid_Antibody ծրագիրը և միայն հունիսին հակամարմինների որոշման մասին որակյալ հետազոտությունները ստանալուց հետո որոշեցին գաղափարը կյանքի կոչել։ ԵՊԲՀ էթիկայի հանձնաժողովը արդեն հունիսին հաստատել է Covid_Antibody-ն, և դրանից հետո գիտնականները գործի են անցել։ Գտնում են, որ իրենք ըստ էության ժամանակ չեն կորցրել: 

Առայժմ նախնական եզրակացություն անել չեն կարող, քանի որ դեռ նմուշառման գործընթաց է՝ Covid-19-ով վարակված ու ապաքինված անձինք լրացնում են հարցաշար և հանձնում հակամարմին՝ երակից արյուն և սպասում պատասխանի։ Այս հետազոտությունն անվճար է։ 

«Մենք դեռ նմուշառման փուլում ենք, առաջին արդյունքները՝ խիստ նախնական, հայտնի կդառնան հաջորդ ամիս, բայց մինչև տարեվերջ և առաջիկա 6-12 ամիսների ընթացքում այս գործընթացը դինամիկ անելու ենք։ Դեռ արդյունքների մասին չենք կարող խոսել»,- նշում է Ենկոյանը։ Նմուշառմանը հաջորդելու է հակամարմինների հետազոտության փուլը։ 

Կոնստանտին Ենկոյանն ասում է՝ գիտության մեջ հակամարմինների գոյության կամ չգոյության մասին տեղեկությունները, ուսումնասիրությունները բավական իրարամերժ են։ «Հետազոտությունները տարբեր արդյունքների մասին են վկայում։ Օրինակ՝ սկզբում Չինաստանում կային որոշ հոդվածներ, թե հակամարմինները մնում են այսքան ամիս, այնուհետև սկսեցին ավելի կարճ ժամկետների մասին խոսել։ Տեսնենք՝ ինչ ․․․»

ԵՊԲՀ ներկայացուցիչն ասում է, որ, բացի նմուշառումից, գիտնականների խումբը նաև նմուշառում հանձնած քաղաքացիների խմբավորում է կատարում՝ ըստ հիվանդության ծանրության կամ թեթևության աստիճանի։ 

«Սոսկ հակամարմինները չեն որոշվելու։ Մենք համապատասխան տվյալներ ենք լրացնում, թե հիվանդը ինչ սիմպտոմատիկա է ունեցել, ինչպես է անցել հիվանդությունը և այլն, և դրա հիման վրա անում ենք որոշակի ընտրանք ու արդյունքում կտեսնենք՝ որ խմբից ինչքան հիվանդ ունենք։ Մեկ բան ընդգծեմ՝ նմուշառում հանձնած շատ քաղաքացիները մեկ անգամ չեն գալու, ամեն ամիս ստուգվելու են։ Մենք X անհատին դինամիկ հսկելու ենք 6 ամիս կամ, գուցե՝ 1 տարի։ Այդկերպ, մենք միանվագ հետազոտության արդյունք չենք ունենա, կտեսնենք՝ որքան է մնում նրա ցիկլը, և կրկնավարակման ռիսկը ինչպիսին կարող է լինել»,- ասում է Ենկոյանը։

Հարցին, թե, այդուհանդերձ, որպես գիտնական՝ ի՞նչ է կարծում Covid-19-ը կունենա՞ իմունիտետ, Կոնստանտին Ենկոյանը պատասխանեց․ «Ինձ թվում է՝ որոշակի իմունիտետ կունենա, խնդիրն այն է, թե ինչ տևողությամբ կլինի այս իմունիտետը, այսինքն՝ որքա՞ն կպաշտպանի մարդուն՝ մեկ ամիս, երկու ամիս, թե՞ մեկ տարի։ Դա է հարցը»։

Covid_Antibody նախագծին զուգահեռ, իրականացվում է Covid-Nero նախագիծը, որի շրջանակներում, ըստ գիտնականի, «բավականին նուրբ հետազոտություններ» են կատարվելու՝ հասկանալու հիվանդության ընթացքում նյարդային համակարգի ընդգրկվածության աստիճանը։ Այսինքն՝ կորոնավիրուսային հիվանդությունը ի՞նչ հետևանքներ է ունենում մարդու նյարդային համակարգի վրա և ինչ հետևանքների դա կարող է հանգեցնել։

«Նյարդային համակարգի հետ ավելի հետաքրքիր խնդիրներ են առաջանում, նոր փոփոխությունների է բերում այդ հիվանդությունը: Պարզ մի օրինակ՝ հոտառության, համի զգացողության կորուստը։ Հիմա պետք է հասկանանք, թե դա ընկալիչների խանգարմա՞ն խնդիր է, թե՞ ավելի հեռահար խնդիրներ կարող են առաջանալ։ Չի բացառվում՝ ինչ-ինչ ճանապարհներով նաև ուղեղ թափանցի»,- նշում է գիտնականը։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am