Թուրքիան ու Ադրբեջանը դաշնային պետության ստեղծման ճանապարհին են. Ռուբեն Սաֆրաստյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը

– Պարո՛ն Սաֆրաստյան, վերընտրվելուց հետո Ադրբեջանի նախագահի առաջին աշխատանքային այցը Թուրքիա էր, կխնդրեմ ձեր դիտարկումներն այդ այցի ու այն փաստաթղթերի վերաբերյալ, որոնք կողմերը ստորագրել են։ 

– Միանգամայն սպասելի էր, որ Ալիևն առաջին այցը կկատարի Թուրքիա, որովհետև երկու երկրների միջև հարաբերությունները, մանավանդ Շուշիի հռչակագրից հետո, ըստ էության, գտնվում են ամենաբարձր մակարդակում: Սա արդեն համագործակցության այնպիսի բարձր մակարդակ է, որ դրանից հետո կարող է սկսվել դաշնային պետության ստեղծման գործընթացը, որը հիմա չի լինի, բայց ես արդեն տեսնում եմ այդ ճանապարհի սկիզբը։ 

Փաստորեն, Ադրբեջանն ու Թուրքիան ամենաբարձր մակարդակի համագործակցություն ունեն, ու պարզ է, որ Ալիևը պետք է առաջին հերթին գնար Անկարա: Բացի այս, պետք է հաշվի առնել այն, որ Թուրքիան Ադրբեջանի նկատմամբ հանդես է գալիս որպես ավագ եղբայր։ Այնտեղ շատ հետաքրքիր հայտարարություններ արվեցին, այն առումով, որ մի կողմից Ալիևը, շատ բարձր գնահատելով Թուրքիայի հետ համագործակցությունը, Թուրքիայի դերը և այլն, նշեց, որ պետք է ավելի խորացնել հարաբերությունները Հյուսիսային Կիպրոսի թուրքական հատվածի հետ։ 

Սա նշանակում է, որ Թուրքիան իր բոլոր դաշնակիցների՝ թյուրքալեզու երկրների վրա ճնշում է գործադրում, որ նրանք ճանաչեն այդ գոյություն չունեցող պետությունը, որ միայն ինքն է ճանաչել: Թուրքիան այնտեղ պահում է 40 հազարանոց օկուպացիոն բանակ, ու ոչ մեկն այդ քայլը չի արել մինչև հիմա, Ադրբեջանը հիմա մեկ քայլ էլ առաջ արեց դեպի Հյուսիսային Կիպրոսի ճանաչում, բայց էլի դեռ չի ճանաչում։ Սա ժեստ էր Ալիևի կողմից՝ ուղղված Էրդողանին։ 

Ալիևը նաև նշեց, որ Թուրքիան այսօր դարձել է աշխարհի կարևոր երկրներից մեկը, որ արդեն որոշում է աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների ընթացքը: Սա ևս ժեստ էր, որովհետև նույն Ալիևն էլ լավ գիտի, որ Էրդողանը շատ ամբիցիոզ մարդ է, ու նրա այդ քաղաքականության նպատակն էլ հենց դա է՝ դարձնել Թուրքիան համաշխարհային առումով խաղացող, դրա համար ինքը հաճոյացավ Էրդողանին։ Ալիևի ելույթների իմաստը դա էր:

Ավելի հետաքրքիր էր Էրդողանի ելույթը. այնտեղ նշվում էր, որ Թուրքիան, կանգնած լինելով Ադրբեջանի մեջքին, նաև փորձում է ճնշում գործադրել Հայաստանի վրա: Այսպես պետք է հասկանալ նրա ելույթի այն հատվածը, որում ասում է, որ Հայաստանը Արցախի կորստից հետո պետք է մտածի ռազմավարական առումով, հեռուն նայի, այսինքն՝ սա նշանակում է, որ նա պահանջում է Հայաստանից, որ վերջինս ընդունի խաղաղության պայմանագրի հետ կապված Ադրբեջանի այդ պահանջները։ 

Էրդողանի ելույթում կար նաև հետևյալ միտքը, որ երրորդ կողմերը պետք է ոչ թե խանգարեն, այլ նպաստեն երկու երկրի միջև բանակցային գործընթացին: Սա նաև կոչ էր այն երկրներին, որոնք հանդես են գալիս հրապարակային հայտարարություններով, մասնավորապես, Ֆրանսիան, որոնք Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից ընկալվում ու բնութագրվում են պրոհայկական, որ նրանք հեռու մնան։ Սա նշանակում է, որ Ադրբեջանը պետք է բանակցի Հայաստանի հետ առանց միջնորդների՝ բայց իր մեջքին Թուրքիային ունենալով, որ Հայաստանին լրիվ մեկուսացնեն: Իհարկե, դա չի ստացվի, ես կարծում եմ։ 

Ստորագրված փաստաթղթերի մասով՝ առանձնապես կարևոր փաստաթղթեր չկային: Կարծում եմ, որ դրանք ձևական համաձայնագրեր էին, որ ուղղակի այս այցն իմաստավորվեր։ Այստեղ մենք պետք է անդրադառնանք նաև «Զանգեզուրի միջանցքին», որովհետև Էրդողանը դրա մասին հատուկ է խոսել, նշել, որ իրենք պետք է արդեն արագացնեն Թուրքիայի երկաթուղու այն հատվածը, որ պետք է կառուցվի Իգդիրից դեպի Նախիջևան, Կարսը, որ պետք է կապի Նախիջևանի հետ, ու նաև մեկ անգամ ևս նշվել է, որ այդ աշխատանքներն ակտիվանան: 

Էրդողանը նաև նշել է, որ պետք է ավելի լավ օգտագործվի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, որը մինչև հիմա նորմալ չի օգտագործվում, այսինքն՝ բարձրաձայնել է Թուրքիայի ռազմավարական նպատակների մասին, որ այդ երկու երկաթուղիների միջոցով կապերն ուժեղացնեն Ադրբեջանի ու Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու երկրների հետ: Սրանք ռազմավարական խնդիրներ են, որ Թուրքիան փորձում է լուծել։ 

– «Զանգեզուրի միջանցքի» մասով՝ Թուրքիան համաձա՞յն է, որ այն լինի Ռուսաստանի վերահսկողության ներքո, թե՞ ուզում է անպայման ինքը վերահսկել։

– Չեմ կարծում, որ նրանք կհամաձայնեն, որ Մոսկվայի սահմանապահ ծառայությունն ապահովի այդ ճանապարհի անվտանգությունը, երկրորդ՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթն արդեն գոյություն չունի։ Ես միշտ ասել եմ ու հիմա էլ կրկնում եմ, այո՛, մենք տեսնում ենք որոշակի առումով ռուս-թուրքական մերձեցում, բայց ռազմավարական առումով երկու երկրները մնում են հակառակորդներ և՛ տարածաշրջանում, և՛ ընդհանրապես, այնպես որ, ամեն մեկը, առաջին հերթին՝ Թուրքիան, ինքը կուզի վերահսկել դա՝ ի հաշիվ Հայաստանի տարածքային ամբողջականության։ Այս հարցում կողմերն ունեն հստակ հակասություն։

– Պարո՛ն Սաֆրաստյան, ձեր խոսքում նշեցիք, որ Թուրքիան ու Ադրբեջանը դաշնային պետության ստեղծման ճանապարհին են, կխնդրեմ, ասեք՝ ի՞նչ է դա ենթադրում։

– Դա ենթադրում է ավելի սերտ ինտեգրում, մենք արդեն դրա առաջին տարրերը տեսնում ենք․ թուրք գեներալը մշտապես գտնվում է Բաքվում ու, ըստ էության, ղեկավարում է ադրբեջանական բանակի գլխավոր շտաբը: Բացի դրանից՝ այնտեղ գտնվում են թուրք սպաներ և այլն, էլ չեմ խոսում Թուրքիայից ստացվող զենքի մասին, այսինքն՝ ռազմական առումով մենք տեսնում ենք գնալով ավելի խորացող համագործակցություն և ինտեգրում երկու բանակների միջև, տարեկան 20-ից ավելի համատեղ զրավարժություններ են անցկացնում։ 

Մյուս կողմից՝ մենք տեսնում ենք, որ Թուրքիան ու Ադրբեջանը փորձում են տնտեսական առումով իրենց կապերն ավելի սերտացնել, սա ևս դաշնային պետության ստեղծման հիմքերից է։ Քաղաքական որոշումներ ընդունելու առումով՝ մենք տեսնում ենք, որ երկու երկրներն իրենց կարևոր որոշումները նախապես համաձայնեցնում են, հետո միայն որոշումներ ընդունում, սա վկայում է այն մասին, որ Ադրբեջանը կամաց-կամաց իրապես դառնում է Թուրքիայի կրտսեր եղբայրը։ 

Սրանք գործընթացներ են, որոնք ժամանակ անց, եթե Ռուսաստանը չխառնվի, կհանգեցնի նրան, որ երկու երկրների միջև կարող է ստեղծվել մի այնպիսի մոդել, որը նման կլինի Ռուսաստան-Բելառուս հարաբերություններին: Ես կարծում եմ, որ Թուրքիան ձգտում է դրան, իհարկե, իր առանձնահատկություններով դա այնպիսին չի լինի, ինչպես Ռուսաստան-Բելառուսն է, բայց թուրքերը նման բանի են ձգտում։ 

Վերջիվերջո, պանթյուրքիզմի գաղափարախոսությունը նշանակում է թյուրքալեզու երկրների ավելի խոր համագործակցություն Թուրքիայի ղեկավարության ներքո, դրա համար Թուրքիան ստեղծել է Թուրքական պետությունների կազմակերպությունը, ու այնտեղ ինտեգրացիոն գործընթացներ են տեղի ունենում, բայց Թուրքիայի ու Ադրբեջանի հարաբերությունները այս գործընթացներից շատ ավելի բարձր մակարդակի ինտեգրում են ենթադրում: Սա, իմ ընկալմամբ, նույնպես մտնում է պանթյուրքիզմի գաղափարախոսության մեջ, բայց արդեն՝ պանթուրանիզմի տարբերակով, որովհետև պանթյուրքիզմի ավելի առաջ գնացած տարբերակը պանթուրանիզմն է, այսինքն՝ նպատակը Թուրան պետության ստեղծումն է։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am