Ստալինի ժառանգությունը՝ Փաշինյանի խնդիր

Ստալինի ժառանգությունը՝ Փաշինյանի խնդիր
Ստալինի ժառանգությունը՝ Փաշինյանի խնդիր

Իմ նախորդ հոդվածներից մեկում՝ «Պետության թշնամին. քրեականը», անդրադարձել էի հասարակական համակարգերը քայքայող երևույթին՝ քրեական հակամշակույթին: Իշխանությունները կարծես ականջալուր եղան հոդվածում արտահայտված մտքերին և Կառավարության նիստի օրակարգ բերեցին «Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» և «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը:

Ի՞նչ է ենթադրում սա: Փաստացի պետությունը գործիք է ստանում քրեական աստիճանակարգության բարձր օղակներում գտնվող անձանց ենթարկել պատասխանատվության կամ ազատազրկման: Նման իրավիճակ եղավ հարևան Վրաստանում՝ Վարդերի հեղափոխությունից հետո:

Լավ է, բայց քիչ է: Միայն օրենքի ընդունումը չի կարող լուծել տասնամյակներով ծառացած խնդիրը: Միայն օրենքը բավարար չէ հասարակության մեջ խոր արմատներ ունեցող հակամշակույթը, եթե կուզեք՝ հանրային չարորակ բակտերիան վերացնելու համար: Հարկ է ունենալ հստակ ընդգծված ռազմավարություն և մշակութային քաղաքականություն: Դրա համար պետք է սկսել բառերից:

Վարչապետը, դատախազը, նախարարը և այլք, խոսելով այս խմբի մասին, կիրառում են քրեական ենթամշակույթ տերմինը: Ենթամշակույթը (լատ. sub — տակ, cultura — մշակույթ) սոցիոլոգիայում և մշակութաբանության մեջ հասարակության մշակույթի մի մասն է, որը տարբերվում է ճնշող մեծամասնությունից, ինչպես նաև այդ մշակույթը կրողների սոցիալական խմբերը: Բարձրաստիճան պաշտոնյաները կարիք ունեն վերանայելու բառի գործածումը: Քրեականը ենթամշակույթ չէ:

Այն առանձնացված խումբ չէ: Այն իր խոսույթը, վարքականոնները, հակապետական գիծը տարածած և հասարակության մեջ սակրալ աստիճանի հայեցակարգ ստեղծած հակամշակույթ է: Ուստի այս խմբերի կամ շերտի մասին խոսելիս մենք պետք է կիրառենք հակամշակույթ եզրը: Հուսամ՝ իշխանությունները կվերանայեն բառերի կիրառումը և ընկալումը: Բառը, խոսքը, լոգոսը՝ ինքնին բանականությունն են և հանրային գիտակցության վրա ազդելու լավագույն միջոցները:

Իշխանության քայլերն այս մասով պետք է լինեն հստակ, անզիջում և կանոնակարգված: Հակամշակույթի դեմ պայքարը պետք է սկսել մանկապարտեզից, շարունակել՝ դպրոցում, բուհում, բակում, ընտանիքում: Մաքրել եթերը: Լենին պապիկը՝ այդ ուլյանովսկյան ելուզակը, չնայած իր չար կերպարին, դեռ 100 տարի առաջ էր հասկացել եթերի ուժը: Լենինի ժամանակ եթեր ասվածը մի սպիտակ սավան էր, որի վրա ցույց էին տալիս համր կադրեր: 21-րդ դարում մեդիան է որոշում ամեն ինչ: Այն մարդկանց գիտակցության մեջ է:

Իր երկար ճանկերով խրվում է մեր ամենախորքային բջիջների մեջ և նույնիսկ անգիտակցական պարագայում պարտադրում է այն ամենը, ինչ ուզում է: Քրեականի դեմ պայքարի կարևոր գործիքակազմ եթերը այսօր ինքնին քրեական է: Վերոնշյալ մտքերս զուտ հրապարակախոսական հայտարարություններ չեն: Հստակ պատկերացում կա թե՛ քայլերի հաջորդականության և թե՛ դրանց բովանդակության վերաբերյալ:

Այս նախագիծը տարօրինակ վայնասուն բարձրացրեց որոշ արտախորհրդարարանական չկողմնորոշվածների ու պայմանական անկախ փորձագետների մոտ: Հատկապես վերջիններս պնդում էին, որ օրենքով հնարավոր չէ պայքարել քրեականի դեմ: Նրանք նույնպես մոռանում էին մեկ շատ կարևոր բառ՝ ՄԻԱՅՆ: Իսկ ինչ մնում է գողապետական հակամշակույթի պաշտպանության դիրքերից հանդես եկողներին, ապա նրանց կարելի է շնորհակալություն հայտնել:

Պաշտպանելով այս հակամշակույթը՝ զրկվեցին պետական կամ իշխանական որևէ գործառույթի քննադատությունից: Գողապետական մշակույթն իր տրանսֆորմացիայի արդյունքում ստեղծված է հենց պետության դեմ և չի ընդունում պետական համակարգը: Ուստի եթե դու հանդես ես գալիս այդ շահերի պաշտպանությամբ, ապա անելիք չունես քաղաքական դաշտում:

Խնդրի կարևորությունն ավելի հրատապ է դառնում, երբ հետևում ենք վերջին փուլի աղմկահարույց հաշվեհարդարներին: Նախորդ իշխանության ժամանակ ամեն ինչ հստակ էր: Քրեականն ու իշխանությունը միահյուսված էին: Խնդիրները լուծվում էին ներքին ընթացակարգային հասկացություններով: Այս իշխանության օրոք նրանք առայժմ շաղկապված չեն (հույս ունեմ, որ չեն էլ շաղկապվի): Հարդյունս՝ բոլոր հին խնդիրները դուրս են եկել ջրի երես՝ ստեղծելով իրական հանրային սպառնալիք:

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am