Բռնցքամարտի ֆեդերացիային լրացուցիչ գումար կհատկացվի Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվելու համար

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիային պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսական աջակցություն կհատկացվի մայիսի 21-31-ը Երևանում անցկացվելիք բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության կազմակերպման և անցկացման աշխատանքներն իրականացնելու նպատակով: Որոշումն այսօր քննարկվել է ՀՀ կառավարության հերթական նիստում և արժանացել Գործադիրի հավանությանը:

Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:

Լրացուցիչ ֆինանսական աջակցությունը կկազմի 77 մլն 768 հազար դրամ: Այս գումարով ձեռք կբերվեն 2 ռինգ, 12 տանձիկ, բռնցքամարտի 300 ձեռնոց, ինչպես նաև կվճարվեն առաջնության հյուրընկալման համար սահմանված անդամավճարը, ապրանքների մաքսազերծման, ԱԱՀ-ի և ապրանքների տեղափոխության համար վճարները: 

Առաջնության ընթացքում ակնկալվում է շուրջ 280 մարզիկի մասնակցություն, ինչպես նաև նրանց ուղեկցող անձնակազմի և այլ պատվիրակների մասնակցություն: Ընդհանուր առմամբ՝ ակնկալվում է շուրջ 350 անձանց մասնակցություն:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդգծել է՝ անհրաժեշտ 77 մլն 768 հազար դրամը կտրամադրվի նախարարության 2022 թվականի ընդհանուր հատկացումների հաշվին վերաբաշխում կատարելու արդյունքում:

«Առաջնության անցկացումն իր կարևոր տեղն ունի մարզաձևի զարգացման և մասսայականացման գործում, ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետությունը էլ ավելի ճանաչելի կդառնա միջազգային մարզական հարթակներում՝ որպես առաջատար երկիր»,- նշել է Վահրամ Դումանյանը: 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը պատշաճ պատրաստվելու անհրաժեշտությունը և նշել, որ սա հատկացումների վերաբերյալ Կառավարության առաջին որոշումն է. կլինեն նաև այլ հատկացումներ: 

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Կառավարությունը գումար է հատկացնելու նաև Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին, որտեղ անցկացվելու են բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը, ինչպես նաև այլ խոշոր միջոցառումներ: