Կկայանա «Համշենը հայկական ձեռագրերում» գրքի շնորհանդեսը

Կկայանա «Համշենը հայկական ձեռագրերում» գրքի շնորհանդեսը
Կկայանա «Համշենը հայկական ձեռագրերում» գրքի շնորհանդեսը

Լույս է տեսել ԵՊՀ թուրքագիտության ամբոնի դոցենտ, բանասիրական գիտ. թեկնածու, ԵՊՀ ՀՀԻ հայ-օսմանական առնչությունների բաժնի ղեկավար Լուսինե Սահակյանի «Համշենը հայկական ձեռագրերում» մենագրությունը (363 էջ, 120 էջ գունավոր ներդիր, Համշենի գավառի 15-17-դր դարերի քարտեզ), որի շնորհանդեսը տեղի կունենա մարտի 18-ին, ժամը 13:00 ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում։ Գիրքը հրատարակվել է ԵՊՀ գիտական խորհրդի երաշխավորմամբ։ 

Գրքի խմբագիր`ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Ս. Վարդանյան, գրախոսներ՝ պ. գ. դ., պրոֆեսոր, ակադեմիկոս Ա. Մելքոնյան, բ. գ. թ., պրոֆեսոր Ռ. Մելքոնյան, պ. գ. թ., պրոֆեսոր Ալ. Սաֆարյան: Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը։

«Սույն ուսումնասիրությունը կատարվել է ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի և ՀՀ Գիտության կոմիտեի «Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման» շրջանակում։

Մենագրության մեջ (363 էջ, 120 էջ գունավոր ներդիր, Համշենի գավառի 15-17-դր դարերի քարտեզ) առաջին անգամ ի մի են բերվել XV-XVII դդ. Համշենում ընդօրինակված քսան ձեռագիր մատյան, որոնք պահվում են Մաշտոցի անվան մատենադարանում, Վենետիկ և Վիեննայի Մխիթարյան, Երուսաղեմի հայոց պատրարքարանի ձեռագրատներում, Լոնդոնի Բրիտականական թանգարանի և Ֆիլադելֆիայի «Ազատ» գրադարաններում,-նշված է հաղորդագրության մեջ։

Հեղինակը պատմաբանասիրական քննության է ենթարկել ձեռագրերում համշենցի գրիչների թողած հիշատակարանները, որոնք բացառիկ և արժեքավոր տեղեկություններ են հայտնում հայոց Համշեն գավառի պատմության, իշխանության, ժողովրդագրության, տեղանունների և անձնանունների, ժողովրդական հավատալիքների, լեզվավիճակի, բնակչության զբաղմունքի վերաբերյալ։ Այս մատյաններն աներկբա հաստատում են, որ Համշենը եղել հայոց հոգևոր թեմերից մեկը և կարևոր սրբատեղի, որտեղ ամփոփվել են Սուրբ Վարդանանց աճյունները, պահվել Քրիստոսի վարշամակը և Սուրբ Նշանները։ Մենագրությունը ցույց է տալիս, որ Համշենը եղել է հայ գրչության ուրույն կենտրոն, որտեղ ստեղծված մանրանկարներով և զարդանախշերով ծաղկած այս բարձրարժեք ձեռագրերը հայոց մշակութային գանձարանի անգնահատելի գոհարներից են։ Ուսումնասիրության մեջ առաջին անգամ համեմատական քննության են ենթարկվել նաև Ստամբուլի Վարչապետական Գլխավոր արխիվում պահվող Համշենի՝ XVI-XVII դարերի օսմանյան աշխարհագիր մատյանները։

Գրքում տեղ են գտել գունավոր լուսապատճեններ՝ ձեռագերի համապատասխան էջերից և նկարներ՝ Համշենի բնաշխարհից։ Առաջին անգամ ներկայացվում է նաև Համշենի գավառի՝ XV-XVII դարերի մանրամասն քարտեզ, որը կազմվել է Լ. Սահակյանի տեղագրական ճշտումների հիման վրա»։

Ըստ հաղորդագրության, շնորհանդեսի վերջում տեղի կունենա բացառիկ համերգ, որի ժամանակ կհնչեն Համշենի երգեր ու պարեր` արտերկրից ժամանած համշենցի հայտնի երգիչների և հայաստանցի արվետի գործիչների կատարմամբ։ Մուտքն ազատ է։