«Չենք պատվաստվում» ֆեյսբուքյան հաշիվը՝ կորոնավիրուսի մասին ապատեղեկատվության օջախ․ FIP.am

Կորոնավիրուսային համավարակի ընթացքում սոցիալական ցանցերում հայտնվեցին էջեր, որոնք թե՛ COVID-19-ի, թե՛ դրա դեմ պատվաստման վերաբերյալ ապատեղեկատվություն են տարածում:

Դրանցից մեկը «Չենք պատվաստվում» ֆեյսբուքյան օգտահաշիվն է, որը սկսել է գործել 2021 թվականի հուլիսին, երբ Հայաստանում մեկնարկել էր պատվաստման գործընթացը: Օգտատերը գրանցված է ԱՄՆ-ում:

Բացի կեղծ տեղեկություններ և դավադրապաշտական տեսություններ տարածելուց, հաշիվը աչքի է ընկնում ծայրահեղական հայտարարություններով, մասնավորապես, բացահայտ կոչ է անում մարդկանց մեռնել, միայն թե չպատվաստվել:

«Փաստերի ստուգման հարթակն» ամփոփել է վերջին ամիսներին այս հաշվի արված՝ ապատեղեկատվություն պարունակող գրառումները:

Կորոնավիրուսի ու գրիպի տարբերությունների մասին

2021 թ. հոկտեմբերին արված մի գրառման մեջ կեղծ օգտահաշիվը նույնացնում է գրիպը և կորոնավիրուսը: «Չէ, բայց պատկերացնու՞մ եք երեք չորս դոզա անընդհատ սրսկվում եք նախկին գրիպի դեմ, որը որպես այդպիսին այլևս չկա, որը մի փոքր փոփոխությունների է ենթարկվել անվանափոխվել»,- գրում է նա:

Իրականում, բազմիցս գրվել է, որ նոր տեսակի կորոնավիրուսը և սեզոնային գրիպը շնչառական ուղիների վարակիչ հիվանդություններ են, բայց պատճառը երկու տարբեր վիրուսներ են: COVID-19-ը առաջանում է 2019 թվականին առաջին անգամ հայտնաբերված կորոնավիրուսով վարակվելու հետևանքով: Գրիպը առաջանում է գրիպի վիրուսով վարակվելու հետևանքով: 

Բացի այդ, կորոնավիրուսն ավելի արագ է տարածվում, քան գրիպը: 

Երկու հիվանդություններն ունեն ընդհանուր ախտանշաններ, այդ պատճառով  կարիք է լինում թեստ իրականացնել՝ պարզելու վիրուսի տեսակը: 

Կորոնավիրուսի հետևանքները կարող են ավելի ծանր լինել, քան սեզոնային գրիպի հետևանքները: Այսպես, օրինակ, ԱՄՆ-ում 2020-2021 թվականների ընթացքում 630 հազար մարդ է մահացել COVID-19-ից: 2019-2020 թթ. 22 հազար մարդ է մահացել սեզոնային գրիպից:

Հետևաբար, պնդումը, թե պետք չէ պատվաստվել կորոնավիրուսի դեմ, քանի որ դա սովորական գրիպի նման հիվանդություն է, անհիմն է:

Պատվաստված և չպատվաստված քաղաքացիների հիվանդացության վիճակագրությունը

«Չենք պատվաստվում» հաշիվը մեկ այլ գրառմամբ հայտարարում է, թե պատվաստվածներն ավելի շատ են վարակվում, քան կորոնավիրուսի դեմ չպատավստվածները: 

«… Իսկ հիմա գլոբալ էշի տեղ դնելու պայմաններում, երբ պատվաստվածը էլ ավելի շատ է վարակվում, քան չպատվաստվածը, շարունակում են ստիպել դիմակներ կրել ու պահպանել անհասկապալի՝ իրար ամեն քայլափոխ հակասող հեռավորություններ»,- նշում է նա հոկտեմբերին արված մի հրապարակման մեջ։

Համաշխարհային առողջապահական կազմակերպությունները և ազգային գերատեսչությունները չեն հերքում, որ պատվաստումը 100 տոկոսով չի պաշտպանում վարակվելուց: Սակայն այն կանխում է հիվանդության ծանր ընթացքը և հոսպիտալացումը: 

Ավելին՝ կան հստակ տվյալներ, որ պատավստվածների շրջանում մահվան դեպքերը ավելի քիչ են: Այսպես, Infocom-ի փաստերի ստուգման թիմի կատարած ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Հայաստանում ամբողջական պատվաստվածների շրջանում մոտ 3 անգամ ցածր է կորոնավիրուսից մահացության մակարդակը: 

Մի քանի դեղաչափ պատվաստումների մասին

Դեկտեմբերի 11-ի գրառմամբ օգտատերը կասկածի տակ է դնում մի քանի դեղաչափով պատվաստվելու նպատահարմարությունը: Նա, մասնավորապես, գրում է. «Կարծում ե՞ք նախկին պանդեմիաների ժամանակ կպարտադրեին ջանը քաշել երեք դոզա՞ և աշխարհի բնակչությունը կովի նման կհամաձայնվե՞ր, թե՞ այնուամենայնիվ ինտերնետային ուղեղհարդուկումը իր դերը խաղաց»։

«Փաստերի ստուգման հարթակն» արդեն իսկ անդրադարձել է այլ հիվանդությունների դեմ բազմակի պատվաստումներին: 

Կան երկար տարիների պատմություն ունեցող հիվանդություններ, որոնց դեմ պահանջվում է մի քանի անգամյա պատվաստում: Այսպես, անհրաժեշտ է տասը տարին մեկ պատվաստվել դիֆթերիայի, տետանուսի, փայտացման և բջջային կապույտ հազի դեմ:

Բացի այդ, մի քանի անգամ պատվաստում է պահանջում նաև սեզոնային գրիպը, քանի որ դրա վիրուսներն անընդհատ փոփոխվում են, և հետևաբար՝ գրիպի դեմ պատվաստանյութը յուրաքանչյուր սեզոն թարմացվում է՝ տվյալ սեզոնի ընթացքում շրջանառվող վիրուսի տեսակին համապատասխան։ 

Փաստերի ստուգման հարթակ