«Հիշում եմ և պահանջում»․ Այս ուղերձը հնչելու է այնքան ժամանակ մինչև պատմական արդարությունը չի վերականգնվել․ Տիգրան Ավինյան

ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր Հայաստանում, Արցախում և Սփյուռքում ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Հայ ժողովրդին միանում են նաև մեր բարեկամները և ողջ քաղաքակիրթ մարդկությունը՝ հարգանքի տուրք մատուցելու մեկուկես միլիոն նահատակների հիշատակին:

105 տարի անց էլ մենք միայն ականատես ենք լինում Թուրքիայի կողմից այս ոճրագործության ժխտման ու անգամ արդարացման փորձերին: Մարդկության դեմ կատարված այս սարսափելի հանցանքի վերքերը մինչ օրս չեն բուժվել, ցեղասպանություն վերապրածների սերնդուները դեռևս բախվում են ժխտողականության պատին:

Այսօր մենք աշխարհի բոլոր անկյուններում վստահաբար բարձրաձայնում ենք՝ «Հիշում եմ և պահանջում»: Այս ուղերձը հնչելու է այնքան ժամանակ մինչև պատմական արդարությունը չի վերականգնվել, չի վերացել անպատժելիության պատրանքը և ճշմարտությունը չի հաղթել:

Ապրիլի 24-ը հարգանքի, հիշատակի ու պահանջի, ինչպես նաև վերագնահատման, վերակառուցման ու վերածննդի օր է մեզ համար: Չնայած ցեղասպանության ծանր հարվածին, մենք ապրել ենք, պայքարել ու մաքառել, բազում գործեր ենք կատարել ամուր և հարատև պետականություն կառուցելու համար, կերտել ենք ազատ ու անկախ Հայաստանի Հանրապետություն և Արցախի Հանրապետություն, կենսունակ հայկական Սփյուռք: Բայց էլ ավելի մեծ ջանք, եռանդ ու աշխատանք պետք է ներդնենք՝ հզորացնելու և զարգացնելու մեր Հայրենիքը, և որևէ կասկած չկա, որ հաջողելու ենք: