«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Մանվել Սարգսյանը
– Պարո՛ն Սարգսյան, Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի՝ TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծին, այն կուղարկվի Սահմանադրական դատարան: Ինչպե՞ս եք գնահատում փաստը, որ TRIPP զարգացման ընկերությունում ԱՄՆ-ին կպատկանի 74, Հայաստանին՝ 26 տոկոս բաժնեմաս:
– Համաձայնագիրը, որ կնքվեց Վաշինգտոնում անցած տարվա օգոստոսի 5-ին, կապված էր հայ-ադրբեջանական հարաբերությունների անվտանգության խնդրի հետ: Այն ժամանակ էլ, հետո էլ ԱՄՆ փոխնախագահ Վենսն ասում էր, թե իրենք կարողացել են Հայաստանին փրկել Ադրբեջանի հարձակումից: Փաստորեն ստացվել է այնպես, որ այդ միջանցքը կամ ճանապարհը անմիջապես կապված է Հայաստանի անվտանգության հետ, այսինքն՝ TRIPP-ի նախագիծը մշակվել է, որ Ադրբեջանը չհարձակվի Հայաստանի վրա: Այդ պայմանն այսօր էլ է աշխատում, ստացվում է, որ, եթե որևէ բան չզարգանա այնպես, ինչպես պետք է, անմիջապես ի հայտ է գալիս Ադրբեջանի հարձակման խնդիրը:
ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը, որը տեսնում ենք նաև Իրանում, ստիպում է մի փոքր խոր մտածել. գուցե դա ընդամենը շանտա՞ժ էր, այսինքն՝ շանտաժի միջոցով ԱՄՆ նախագահը պարտադրել է Հայաստանին նման որոշում ընդունել: Ես կարծում եմ, որ Հայաստանն ուղղակի ենթարկվեց Թրամփի շանտաժին ու գնաց այդ քայլին՝ հավատալով, որ իսկապես Ադրբեջանը պատրաստվում է հարձակման: Խնդիրն այն է, որ մենք չենք կարող պաշտպանել մեր իրավունքները, դուք էլ եք ասում, չէ՞, ինչու Հայաստանին 26 տոկոս բաժնեմաս, իսկ ԱՄՆ-ին՝ 74, եթե անգամ 1 տոկոս ասեին Հայաստանին, ապա Հայաստանն էլի համաձայնելու էր: Հետևաբար, որևէ բանի վրա զարմանալ պետք չէ, իսկ Հայաստանի իշխանություններն ամեն ինչ պետք է արդարացնեն, ինչպես մինչև հիմա են արել, ասելով՝ այլընտրանք չկա, այլընտրանքը պատերազմն է:
– Հաշվի առնելով ԱՄՆ-Իրան պատերազմական հարաբերությունները, Ռուսաստանի դիրքորոշումը, որքանո՞վ եք հավանական համարում, որ այս նախագիծը կյանքի կկոչվի:
– Ամեն մեկն իր գործն անում է, այս փոփոխությունների դարաշրջանում քաղաքականությունը տանում են մեկ ոճով. ստեղծում են պրոբլեմներ ուրիշների համար ու պարտադրում, որ այդ ուրիշները զիջեն: Ադրբեջանի վերջին տարիների քաղաքականությունը հենց այս մասին է՝ պրոբլեմներ ստեղծել Հայաստանի համար ու ստիպել զիջումների գնալ: Նույնը նաև ԱՄՆ-ն է անում, հիմա Իրանն էլ է սկսել դա անել: Հայաստանն էլ որոշել է խնդիրներ չստեղծել, ուրիշ տրամաբանությամբ գնալ՝ շատ ենթարկվել ու գնալ ոչ թե խնդիրները լուծելու ճանապարհով, այլ՝ ասպարեզից հանելու, զիջման միջոցով: Սրա համար եմ ես ասում, որ Հայաստանին պարտադրել են նման պայմաններով ընդունել նման նախագիծ:
Երբ Իրանում պատերազմն սկսվեց, ու Նախիջևանում հարված եղավ, մենք տեսանք Ադրբեջանի նախագահի սարսափած վիճակը, խնդիր լուծողն այստեղ Թրամփը չէր ու Ալիևն էլ չէր, Իրանն էր, հիմա առավելևս Իրանն է: Իրանն է որոշողը՝ այս ճանապարհն աշխատի, թե՞ չէ: Բնական է, որ ամեն մեկը հույսը դրել է ապագայի զարգացումների վրա, որ ինչ-որ բան կփոխվի հօգուտ իրեն: Հայաստանն առավելևս սպասում է, որովհետև ինքն արդեն ընդունել է բոլոր պայմանները, փաստաթղթեր է ստորագրել ու պետք է դրանք իրականություն դարձնի:
Իսկ այս նախագծի իրականացումն այնպիսի պայմաններով է ընդունվել, որ ազդելու ձևերը շատ քիչ են, ինչը մտահոգիչ է: Եթե այդ ճանապարհին ինչ-որ խնդիրներ ստեղծվեն, ապա հայկական կողմը կարող է իր իրավապահ մարմիններին ուղարկել այդտեղ բոլոր կողմերի հետ համաձայնեցնելուց հետո: Ստացվում է, որ դու քո տարածքում չես կարող որոշում ընդունել, որքան էլ ուզում են համոզել, թե ամեն բան սուվերենության տիրույթում է, բայց այդ փաստաթղթի կետերում ամեն բան հստակ գրված է: Վաղն էլ ո՞վ գիտի, թե քանի նման կետեր առաջ կգան:
TRIPP-ի իրականացումը մեծ, խնդրահարույց հարց է. ինչպե՛ս կզարգանան գործընթացները, ովքե՞ր են լինելու որոշում կայացնողները, այդ նախնական տեքստերում գրված է, որ երրորդ կողմ ևս ներգրավվելու է: Ի՞նչ պայմաններով են ներգրավվելու այս նախագծի մեջ, նրանք որոշում ընդունելու իրավունք ունենալո՞ւ են, թե՞ չէ: Հստակեցումներ չկան բազմաթիվ հարցերի վերաբերյալ, իսկ դա խնդրահարույց է:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab
















