«Երկու տարի առաջ ցեղասպան ու ոճրագործ նախկին ռեժիմը տանջամահ արեց Հաց Բերողին». «Սասնա Ծռերի» հայտարարությունը

«Երկու տարի առաջ ցեղասպան ու ոճրագործ նախկին ռեժիմը տանջամահ արեց Հաց Բերողին». «Սասնա Ծռերի»  հայտարարությունը
«Երկու տարի առաջ ցեղասպան ու ոճրագործ նախկին ռեժիմը տանջամահ արեց Հաց Բերողին». «Սասնա Ծռերի» հայտարարությունը

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարության հայտարարությունը Հաց Բերող Արթուր Սարգսյանի մահվան 2-րդ տարելիցի առթիվ ներկայացնում ենք ստորեւ։

«Սասնա Ծռերի ապստամբության ժամանակ չորս կողմից տեղացող կրակահերթերի տակ ոստիկանական շղթան ճեղքելով նրանց հաց հասցրած Արթուր Սարգսյանին ճանաչեցինք, սիրեցինք և ընդունեցինք որպես մեր ժամանակների հերոս ու խորհրդանիշ:

Որովհետև Արթուրը մարմնավորում էր այն բոլոր հատկանիշները, որ անհրաժեշտ էին մարդու, քաղաքացու և ազգի ազատագրման ու արժանապատիվ կյանքի հասնելու համար:

Առաջին հայացքով կարող ենք թվարկել դրանցից մի քանիսը՝ հայրենակցի և Հայրենիքի հանդեպ անսահման սեր, դրանից բխող՝ աստվածային բարություն, անսասան ու վճռական կամք և վճռական մենակի հոգեբանություն, նպատակասլացություն և նպատակն իրագործելու համար անհրաժեշտ բազմակողմանի գիտելիքներ: Եվ, մեղք գործած չլինելու համար անմիջապես հավելենք, որ Արթուրը մի ամբողջ տիեզերք էր և անհնար է բառերով նկարագրել նրան:

Այդ պատճառով հացի մշակույթ ստեղծած և այն որպես մարմնական, մտավոր ու հոգևոր կյանքի խորհրդանիշ պաշտող ազգի մարդիկ նրա հանդեպ իրենց սերն ու երախտիքն արտահայտելու համար նրան կնքեցին Հաց Բերող պատվանմամբ:

Հաց Բերող, ասել է թե՝ մարմնին կյանք ու մտքին լույս բերող և հոգին քնից արթնացնող հավատար:

Մարդիկ ոչ միայն տեսան ու հասկացան, որ հնարավոր է, ոչ միայն համոզվեցին, որ իրենք կարող են և պարտավոր են, այլև ըմբռնեցին, թե հանուն ինչի և ինչպես պետք է ապրի մարդը, հայը, քաղաքացին:

Հաց Բերողն ուղեկցող փարոս դարձավ հուսահատությունից և անարժանապատիվ գոյությունից դեպի մարդավայել ապրելն ու արարելը տանող դժվարին ճանապարհին:

Հաց Բերողն ըստ էության լույս սփռեց մեր ազգային առաքելության պատկերի վրա՝ ցույց տալով Արարատյան մարդու կերպարն ու նրա համամարդկային անելիքը:

Արագածի վրա կախված կանթեղը, որ շատերիս աչքին անտես էր դարձել, կրկին երևաց:

Այսօր Հաց Բերող Արթուր Սարգսյանի հիշատակի օրն է: Երկու տարի առաջ ցեղասպան ու ոճրագործ նախկին ռեժիմը տանջամահ արեց նրան:

Ռեժիմը չներեց նրան և վրեժխնդիր եղավ, որովհետև նա մարդկային և ազգային բոլոր չափումներում, այդ թվում՝ բարոյական, իրավական և քաղաքական, հնարավոր կասկածներից մաքրազերծեց Սասնա Ծռերի ապստամբության լեգիտիմությունը և վերահաստատեց բռնապետության, առավել ևս՝ գաղութային բռնապետության, դեմ ապստամբելու հայի և քաղաքացու իրավունքն ու պարտականությունը:

Ցավոք սրտի, նրա մահվան մեղավորները՝ նախկին ռեժիմի պարագլուխ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, դեռևս ազատության մեջ են: Ի դեմս կյանքի ստվերոտ ու գաղջ ծալքերում, այդ թվում՝ իրավապահ համակարգում, դեռևս ծվարած իր մնացորդների, նախկին ռեժիմի ներկայացուցիչները շարունակում են պաշտոնավարել և իրենց ապահովագրել արդար հատուցումից:

Այդուհանդերձ, համոզված ենք, որ արդար հատուցումը վաղ թե ուշ լինելու է:

Ցավ ի սիրտ կարոտով, բայց նաև՝ քո պատգամած առաքելությամբ գոտեպնդված ու պարտավորված՝ հիշում ենք քեզ, սիրելի Հաց Բերող, մեր սիրելի Արթուր և քո բերած լույսի ջահը միշտ վառ կպահենք մեր մտքերում ու հոգիներում»: