ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է ԵԽ երևանյան գրասենյակի պատվիրակությանը

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է Եվրոպայի Խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտի գլխավորած պատվիրակությանը։

Քրիստիննե Գրիգորյանը ողջունելով պատվիրակաության անդամներին՝ ընդգծել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի առաքելության ստանձնման պահից ի վեր առաջին պաշտոնական հանդիպումը ԵԽ երևանյան գրասենյակի գործընկերների հետ տարիների ընթացքում ձևավորված բարձր համագործակցության ևս մեկ հավաստում է։

Մարտինա Շմիդտն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ ՄԻՊ գրասենյակն առանցքային գործընկեր է հանդիսանում ԵԽ կողմից մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի շրջանակում։

Հանդիպման ընթացքում պատվիրակության անդամների հետ քննարկվել են ԵԽ գրասենյակի կողմից իրականացվող ոլորտային ծրագրեր, որոնք առնչվում են ընտանիքում բռնության կանխարգելմանը, զինված ուժերում կին զինծառայողների իրավունքների պաշտպանությանը, քրեական և քրեադատավարական օրենսգրքերի ընդունմանը և իրավակիրառ պրակտիկայում դրանց մոնիտորինգին, բիոէթիկայի, բուժաշխատողների էթիկայի կանոններին և մի շարք այլ հարցերի։ Քննարկվել են նաև առաջիկա ծրագրերի հնարավորություններ, ներառյալ միտված պատերազմի հումանիտար հետևանքների վերացման հարցերին:

Պաշտպանն իր խոսքում ընդգծել է անվտանգային հարցերում մարդու իրավունքների պաշտպանության միջազգայնորեն ընդունված մոտեցումները և դրանց հետամուտ լինելու կարևորությունը, անդրադարձել է այլ առաջնահերթությունների, ինչպիսիք են պայքարը ատելության խոսքի ու ապատեղեկատվության դեմ, խոշտանգումների ու վատ վերաբերմունքի կանխարգելման, խտրականության դեմ պայքարում համալիր գործողությունների ձեռնարկման անհրաժեշտության մասին։ 

Քրիստիննե Գրիգորյանը կառույցի առաջնահերթությունների ցանկում նշել է նաև Պաշտպանի հաստատության ինստիտուցիոնալ կարողությունների շարունակական զարգացման նպատակը, որն ըստ նրա, երկրում մարդու իրավունքների պաշտպանության առավել լավ վիճակի երաշխավորման գրավական է:

Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը նախանշված ոլորտներում առկա համագործակցությունը խորացնելու և նոր ուղղություններով համագործակցություն ծավալելու պատրաստակամություն են հայտնել։

Այդ մասին հայտնում են ՄԻՊ-ից։