Փետրվարին ձյան արգելափակումից դուրս է բերվել 24 տրանսպորտային միջոց

Այսօր՝ փետրվարի 28-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ստորաբաժանումներն ամփոփել են փետրվար ամսվա ընթացքում իրականացված աշխատանքները: Խորհրդակցությունը վարել է ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը: Զեկույցներով հանդես են եկել ՓԾ տնօրեն, գնդապետ Արմեն Գասպարյանը, ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության պետ, գնդապետ Էդան Սնգրյանը, ՓԾ Բնակչության պաշպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության պետ, գնդապետ Տիգրան Գիդաչյանը, ինչպես նաև մարզային փրկարարական վարչությունների ղեկավարները:

Արմեն Գասպարյանի զեկույցի համաձայն, հաշվետու ժամանակահատվածում ՀՀ ավտոճանապարհներին ձնաբքի ժամանակ մարդկանց և տրանսպորտային միջոցներն անվտանգ տարածք տեղափոխելու և առաջին օգնություն ցուցաբերելու նպատակով ծավալված առաջնային օգնության կետերի կողմից օգնություն է ցուցաբերվել 189 քաղաքացու և ձյան արգելափակումից դուրս է բերվել 24 տրանսպորտային միջոց: ՃԿԱԿ «911» հեռախոսահամարով ստացվել է 48.854 զանգ, գրանցվել՝ 712 արտակարգ դեպք և պատահար: Փետրվարի 4-ին ավարտվել են ԱԻՆ ՓԾ Արագածոտնի ՄՓՎ վարչական շենքի հիմնավերանորոգման աշխատանքները, վարչությունն ապահովվել է նոր գույքով: Սկսվել են ԱԻՆ ՓԾ Ապարանի ՀՓՋ վերանորոգման աշխատանքները:

Նախարար Ա.Փիլոյանը հանձնարարել է շարունակել ուշադրության կենտրոնում պահել պատսպարանների հետ կապված խնդիրները:

Իր հերթին Բնակչության պաշպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության պետ Տիգրան Գիդաչյանը ներկայացրել է Բնակչության պաշպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության կողմից 2022 թվականի փետրվար ամսվա գործունեության արդյունքների ամփոփումը: Երևանի քաղաքապետարանի խնդրանքով, փետրվարի 18-ից մեկնարկել են մանկապարտեզների աղետների ռիսկի կառավարման պլանների մշակման ուղղությամբ մեթոդական աջակցության ցուցաբերման և դասընթացների կազմակերպման աշխատանքները: Մշակվել են Երևան քաղաքի մանկապարտեզների աղետների ռիսկի կառավարման պլանների 3 օրինակելի ձև, 161 մանկապարտեզների էլեկտրոնային քարտեզներ և տիպային մասնաշենքերի տարահանման պլանների օրինակներ:

Քաղաքացիական պաշտպանության վարչության պետ Էդան Սնգրյանի զեկույցի համաձայն, Քաղաքացիական պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ 2022 թվականի մարտի 1-ից 4-ը ԱԻՆ ՓԾ տարածքային ստորաբաժանումների կողմից բարձրագույն ուսումնական հաստատություններում, կրթահամալիրներում, քոլեջներում, ուսումնարաններում, դպրոցներում, նախադպրոցական ուսումնական հաստատություններում կիրականացվեն քաղաքացիական պաշտպանության թեմաներով ցուցադրական հատուկ-տակտիկական ուսումնավարժություններ, ինչպես նաև դասախոսություններ և սեմինարներ։

Նիստի ավարտին տեղի է ունեցել պարգևատրման արարողություն: Փրկարար ծառայության մի շարք ծառայողներ արժանացել են սպայական, իսկ ԱԻՆ ՓԾ Բուժապահովման վարչության պետի տեղակալ Արմինե Բոսնոյանը՝ փ/ծ գնդապետի կոչման:

Այդ մասին հայտնում են ԱԻՆ-ից։