Սպանված զինվորի ծնողները դին Երեւան են բերում` Սեյրան Օհանյանից պահանջելու ճշմարտությունը

Սպանված զինվորի ծնողները դին Երեւան են բերում` Սեյրան Օհանյանից պահանջելու ճշմարտությունը
Սպանված զինվորի ծնողները դին Երեւան են բերում` Սեյրան Օհանյանից պահանջելու ճշմարտությունը

Մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասում սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի հուղարկավորությունը պետք է այսօր լինի, սակայն NEWS.am-ը քիչ առաջ տեղեկացավ, որ ծնողները չեն պատրաստվում որդուն հողին հանձնել, նրանք դին Երեւան են բերելու` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից մահվան իրական պատճառը լսելու:

Լյուքսի հորեղբայրը մեզ հայտնեց, որ իրենք արդեն ճանապարհին են: «Լյուքսը խելացի երեխա էր, շատ գոհ իր ծառայությունից, երբեք չենք լսել որ որեւէ բանից դժգոհի, չէր կարող սպանության ելքով վիճաբանություն լիներ»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց Լյուքսի հորեղբայրը:

Վերջինս նշեց նաեւ, որ իրենց վրդովվեցրել է Պաշտպանության նախարարության անտարբերությունը: Զորամասի հրամանատարական կազմից ոչ ոք չի եկել, ՊՆ-ից նույնպես: «Խաղաղ պայմաններում սպանված զինվորի կյանքը որեւէ մեկին չի հուզում, որեւէ մարդկային վերաբերմունք չկա: Բա այդ բանակին ենք զինվոր տվել, որ տանեն սպանեն հետո դին ուղարկեն ու հարկ չհամարեն գան հետեւից»,-նշեց հորեղբայրը:

Վերջինս ասաց նաեւ, որ 300 հազար դրամ օգնություն են բերել, ինչը իրենք հետ են տվել: «Ինչ-որ մայոր էր եկել, ումից հարցնում ենք, ի՞նչ է եղել, ինչո՞ւ, ո՞նց, ոչ մի բառ չի արտաբերում, ոչ մի բառ: Անորոշության մեջ ենք, չգիտենք, թե ինչի մեր երեխան սպանվեց, ո՞ր մեղքի համար, ի՞նչ մթնոլորտ էր էդ զորամասում, որ կարող էին իր կամքով բանակ գնացող, ծառայությունից գոհ զինվորին սպանեին»,-շարունակեց հորեղբայրը:

Հիշեցնենք, որ մայիսի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց է արձակել, ինչի արդյունքում պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Իշխանի Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վիրավորում: Վերջինս ընդունվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (սպանությունը՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:

Դ.Խաչատրյանը ձերբակալվել է:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

NEWS.am