«Հայաէրոնավիգացիա»-ի անձնակազմն ինքնամեկուսացել է աշխատակցի կորոնավիրուսով վարակման պատճառով

«Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ի անձնակազմը հարկադիր նախազգուշական միջոցներ է ձեռնարկել Էջմիածնում ընկերության աշխատակցի՝ կորոնավիրուսով վարակման փաստի բացահայտման կապակցությամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ընկերության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ կորոնավիրուսի տարածման վտանգից ելնելով՝ «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ աշխատակիցներն ինքնամեկուսացվել են ընկերության վարչական շենքում: 

Անձնակազմը պատասխանատու է Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի երկու միջազգային օդանավակայաններում անվտանգ օդային երթևեկության կազմակերպման համար: 

«Որոշումը կայացվել է համատեղ՝ առողջապահության նախարարության, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի և «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ի ղեկավարության կողմից։ Հարկադիր նախազգուշական միջոցներ են ձեռնարկվել Էջմիածնում ընկերության աշխատակցի՝ կորոնավիրուսով վարակման փաստի բացահայտման կապակցությամբ: Երկրի օդային երթեւեկության շարունակական սպասարկումն ապահովելու համար շենքում ներկա պահին գտնվում են ընկերության ղեկավարությունը՝ գլխավոր տնօրեն Արթուր Գասպարյանի գլխավորությամբ, ավիակարգավարների, ինժեներատեխնիկական մասնագետների անհրաժեշտ նվազագույն 75- հոգանոց անձնակազմը։ Ընկերության ղեկավարությունը հրատապ կազմակերպել և ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցները կարանտինի տակ գտնվող անձնակազմի շարունակական աշխատանքը և հանգստը, ի սկզբանե 14 օր տևողությամբ, ապահովելու համար։

Այսինքն՝ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գտնվող ընկերության վարչական շենք ոչ ոք չի կարող մուտք գործել, ինչպես նաև լքել այն: Այս որոշումը կապահովի անխափան օդային երթևեկությունը Հայաստանի Հանրապետության օդային տարածքում, ինչպես նաև երկրի երկու միջազգային օդանավակայաններում»,-նշված է հաղորդագրության մեջ: