Չեմ բացառում, որ հակառուսականությունը, որը ցույց է տալիս իշխանությունը, Ռուսաստանի հետ պայմանավորվածության արդյունք է. Դավիթ Կարապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը

– Պարո՛ն Կարապետյան, ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը, անդրադառնալով ռուս սահմանապահների՝ «Զվարթնոցից» հեռանալուն, ասել է, որ դա «անշուշտ, ողջունելի քայլ կլինի ճիշտ ուղղությամբ»։ Ի՞նչ ասել է՝ ճիշտ ուղղությամբ, ի՞նչ նկատի ունի ամերիկյան կողմը։

– Մենք գիտենք, որ ԱՄՆ-ի, առհասարակ հավաքական Արևմուտքի գերնպատակն ու միտումները տարածաշրջանում, որպես այդպիսին, առաջինը Ռուսաստանին դուրս մղելն է, այսինքն՝ նրանց իրական նպատակը ոչ թե օգնության տրամադրումն է, այլ՝ ռուսական կողմին ներկայացնել ոչ բարեկամ, ոչ դաշնակից երկիր, որը իր վրա դրված պարտավորությունները դաշնակցային համատեքստում չի կատարել, հետևաբար հայ ժողովուրդը հիասթափված է, ուզում է դուրս գալ ռուսական ուղեծրից: Նրանք էլ, ինչպես Օ՛Բրայենն է ասում անկեղծ ու շիտակ, Ղարաբաղի կորստից հետո, քանի որ բնակչության մեծ մասը ցանկանում է հեռանալ Ռուսաստանից, դրա կյանքի կոչման ու դիվերսիֆիկացման համար պայմաններ են ստեղծում։ 

Մենք նաև գիտենք, որ հայ-ադրբեջանական հակամարտության լուծման համատեքստում Արևմուտքը որևէ լծակ ու ցանկություն չունի, ու միակ բանը, որ այս պահին անում է հավաքական Արևմուտքը, ինչն արդեն երեք տարի է անում, Հայաստանին՝ Ադրբեջանի հետ հարաբերություններում կրկին ու կրկին նշաձողի իջեցման, բարդ որոշումների գնալու պարտադրանքն է։ 

– Իսկ ձեր գնահատմամբ՝ «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերումն ի՞նչ է տալու հայկական կողմին։

– Ես գտնում եմ, որ Հայաստանի բոլոր պետական կառույցներում պետք է ծառայություններ իրականացնեն բացառապես մեր ուժային կառույցները կամ համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչները, սա քննարկման ենթակա չէ։ 

Ողջունելի է, որ սա վերջապես տեղի ունեցավ, բայց եկեք նաև ընդունենք, որ ռուսական կողմն էլ շատ հանգիստ ու նորմալ ձևով դուրս է եկել, ու ես շատ անկեղծ պետք է ասեմ, որ չեմ էլ կարծում, որ այս ամեն ինչը, այդուհանդերձ, ռուսական կողմի հետ ներքին կամ հենց ուղիղ պայմանավորվածության արդյունք է։ 

Ես ավելի քան վստահ եմ, որ սա Մոսկվայի հետ համաձայնեցված գործողություն էր, ուղղակի հանրությանը պետք է ներկայացվի, որ մենք գնում ենք դեպի ինքնիշխանություն, մենք արդեն այնքան կանք, որ կարող ենք մեր ցանկությամբ ռուսական կողմին հանել։ 

Ավելին ասեմ՝ եկեք փաստերը չանտեսենք, ընդամենը մեկ-երկու ամիս առաջ էր, որ հայկական կողմը՝ ի դեմս Փաշինյանի, անձամբ խնդրել էր հենց Պուտինին, որ հայ-իրանական, հայ-թուրքական սահմանին ռուսական կոնտինգենտը մնա ու իր գործառույթներն իրականացնի, ու միայն «Զվարթնոցից» դուրս գալու խնդրանքն է եղել։ 

Իսկ այն տրամադրությունները, որ կան, թե սա առաջին քայլն էր, հաջորդը լինելու է ռազմաբազայի դուրսբերումը և այլն, ապա ես նման տրամադրություններ գեներացնողներին խորհուրդ կտամ շատ լավ մտածել, թե դա մեզ ի՞նչ է տալու, ի՞նչ ռիսկերի առաջ է կանգնեցնելու, ու, առհասարակ, մենք ի զորո՞ւ ենք, եթե անգամ ռուսական կողմը բավարարի այդ պահանջը, սեփական ուժերով վերահսկել ողջ հայ-թուրքական սահմանը: Էլ չեմ ասում, որ մենք հիմա խնդիր ունենք հայ-ադրբեջանական նոր բնագծերով սահմանի պաշտպանությունը հավուր պատշաճի իրականացնենք։

– Պարո՛ն Կարապետյան, իսկ հիմքեր տեսնո՞ւմ եք, որ մոտ ապագայում նաև այդ հարցում Ռուսաստանն ու Հայաստանը ներքին պայմանավորվածության կգան։

– Կարծում եմ, որ ինչքան էլ գործող իշխանությունները ցույց են տալիս, թե պրոարևմտյան կամ պրոեվրոպական քաղաքական գիծ են տանում ու փորձում են դուրս գալ ռուսական ուղեծրից, այնուամենայնիվ, նրանք Հայաստանի ամենապրոռուսական իշխանություններն են։ 

Փաստերը հստակ ցույց են տալիս, որ, այդուհանդերձ, որևէ լուրջ հակառուսական գլոբալ իրադարձություն տեղի չի ունեցել: Մինչ այս պահը մենք ֆիքսում ենք, որ Հայաստանը շարունակում է մնալ Մաքսային միության անդամ, շարունակում է մնալ ԵԱՏՄ անդամ, ու Հայաստանը առ այսօր, որքան էլ դժգոհ է Ռուսաստանից, դաշնակցային հարաբերությունների մասին 97 թվականի պայմանագիրը ո՛չ չեղարկել է, ո՛չ վիճարկել։ 

Այնպես որ, եկեք ընդունենք, որ ամեն ինչ հստակ պլանավորման արդյունք է, թե ինչպես է դա դեմոնստրացվում ու ներկայացվում սեփական ժողովրդին, դա հարցի մյուս կողմն է։ 

– Այսինքն՝ կարծում եք, որ այդ հակառուսականությունը, որը ցույց է տալիս իշխանությունը, Ռուսաստանի հետ ունեցած պայմանավորվածությո՞ւն է։

– Չի բացառվում, այո՛, ես չեմ բացառում, որ դա պայմանավորվածության արդյունք է, որն ընդամենը պետք է ցույց տա, թե Հայաստանի իշխանությունը դժգոհ է Ռուսաստանից, թե փորձում են վեկտոր փոխել, դիվերսիֆիկացում անել դեպի Արևմուտք և այլն, բայց, նորից եմ կրկնում, այս ամբողջ քաղաքական պրոցեսները, որ տեղի են ունենում, չեն կարող համաձայնության արդյունք չլինել, որովհետև Ռուսաստանն այն ոխերիմ բարեկամ երկիրն է, որ եթե ուզենար իսկապես խնդիրներ առաջացնել Հայաստանի համար երրորդ երկրի միջոցով, հասկանալի է՝ ում մասին է խոսքը, նա դա կաներ։ 

– Եթե ենթադրենք, որ պայմանավորվածություն կա, ապա ո՞րն է կողմերի նպատակը։

– Հայաստանի իշխանության դեպքում հետևյալն է. քանի որ իրենք հանդես են գալիս իբրև ժողովրդավարության բաստիոնի ներկայացուցիչներ, ամբողջ Արցախի կորստից հետո հակառուսականություն է ձևավորվել և այլն, նրանք էլ փորձում են ներկայացնել, թե բավարարում են ժողովրդի կամքն ու ցանկությունը, հիմնականում ժողովրդի ձայները չկորցնելու համար է արվում։ 

Ռուսական շահը հետևյալն է․ ռուսական կողմն ունի իր հստակ դիրքորոշումը Հարավային Կովկասի հետ կապված, նա երբեք չի ուզի իր հեգեմոնիզմը այստեղ զիջել ինչ-որ մեկին, որքան էլ հիմա թվա, թե այդպես է։ Եկեք ընդունենք, որ Հարավային Կովկասում Ռուսաստանը Հայաստանին դիտարկում է թե՛ որպես պլացդարմ, թե՛ ֆորպոստ, թե՛ հարավային դարպաս իր համար։ Եթե մտածում եք, որ նա աշխարհաքաղաքական տեսանկյունից մտահոգություններ չունի, ինչպիսին է, օրինակ՝ Թուրանը, ապա չարաչար սխալվում եք: 

Ինչպես ասել եմ, Ռուսաստանը գալու է նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի՝ «Զանգեզուրի միջանցքի» հետևից, որի առաջնային շահառուներից մեկն ինքն է լինելու: Այս պարագայում նրա գերխնդիրը սա է, այդուհանդերձ ցույց է տալիս, թե հայկական կողմին թույլ են տալիս, որ դիվերսիֆիկացնի արտաքին քաղաքականությունը, բայց նաև զգուշացնում են, որ Հայաստանը հանկարծ ուկրաինացման ճանապարհով չգնա։ 

Պետք է այստեղ հասկանաք, որ, ինչպես ասում էր վարչապետը, ցլերի արանքում ենք, հիմա էլ ռուսական արջի հետ կարող ենք խնդիր ունենալ։ Կրկնում եմ՝ որքան էլ հիմա տպավորություն է, թե Ռուսաստանը դուրս է գալիս տարածաշրջանից, այնուամենայնիվ, խիստ կասկածում եմ, որ նա իր տեղը կզիջի Թուրքիային կամ հավաքական Արևմուտքին։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am