Զելենսկիի գրասենյակից հայտնել են ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլի ժամկետները

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը ուկրաինական Strana-ի հետ զրույցում հայտնել է, թե երբ է տեղի ունենալու Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների երրորդ փուլը։

Այս մասին հայտնում է factor.am-ը:

«Առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում։ Մենք գնահատում ենք, ի թիվս այլ բաների, թե ինչպես են սկսում գործել հումանիտար միջանցքները, որպեսզի, անհրաժեշտության դեպքում, ճշգրտումներ կատարենք որպես բանակցային գործընթացի մի մաս»,- ասել է Պոդոլյակը:

Նա պարզաբանել է, որ ուկրաինական պատվիրակության կազմում փոփոխություններ չեն նախատեսվում։

Հիշեցնենք՝ փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում տեղի են ունեցել ռուս-ուկրաինական առաջին բանակցությունները։ Երկրորդ փուլը տեղի է ունեցել մարտի 3-ին Բելովեժսկայա Պուշչայում։