«Ամոթի օր», «խայտառակություն», «անընդունելի և դատապարտելի»․ այս գնահատականներով են այսօր արձագանքում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների գործով առաջին դատական նիստին, որը կմեկնարկի ժամը 16։00-ին Վաղարշապատում։
Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր նախատեսված է գործով նախնական դատալսումների առաջին նիստը։ Այն քննելու է դատավոր Հակոբ Մանուկյանը։ Կաթողիկոսն ու Հայաստանում գտնվող մեղադրվող վեց եպիսկոպոսները մասնակցելու են նիստին։
Գարեգին Բ-ի դատարան ներկայանալը «անընդունելի և դատապարտելի» է որակել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն։ Նա հայտնել է, որ Գարեգին Բ-ին առաջարկել է անձամբ չներկայանալ դատարան և իր փոխարեն ներկայացուցիչ ուղարկել։
«Մեր խոր ընդվզումը յայտնեցինք Գարեգին Վեհափառին եւ նոյնիսկ առաջարկեցինք դատարան չներկայանալ եւ իր ներկայացուցիչը ուղարկել։ Կոչ կ՚ուղղենք պետական պատասխանատուներուն, ինչպէս յաճախ կատարած ենք, յարգալից վերաբերմունք ցուցաբերելու մեր եկեղեցւոյ ու Վեհափառին անձին նկատմամբ եւ հարցերը քննելու փոխադարձ հասկացողութեան ու պատշաճութեան սահմաններէն ներս՝ յարգելով պետութեան օրէնքները եւ եկեղեցւոյ ներքին կարգն ու կանոնը»,- ասված է Արամ Ա-ի հայտարարությունում։
Հիշեցնենք՝ գործը վերաբերում է դատարանի որոշումը չկատարելու մեղադրանքին։ Ըստ մեղադրանքի՝ եկեղեցու ղեկավարությունը չի կատարել նախկինում կարգալույծ արված եպիսկոպոս Գևորգ Սարոյանին ժամանակավորապես պաշտոնում վերականգնելու մասին դատարանի որոշումը։ Մեղավոր ճանաչվելու դեպքում մեղադրյալներին սպառնում է մինչև երկու տարվա ազատազրկում։
Այսօր ԱԺ ամբիոնից «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը հայտարարել է․ «Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց կաթողիկոսին՝ մեր հոգևոր հորը: Սա խայտառակություն է ու չլսված բան: Սա ոտնձգություն է ոչ միայն Հայ Առաքելական եկեղեցու անկախության, այլև Հայաստանի Սահմանադրության նկատմամբ»։
Կաթողիկոսի փաստաբան Արա Զոհրաբյանն ավելի վաղ տեղի ունեցողը որակել էր «պատմական ամոթալի իրադարձություն»՝ գործը կապելով նաև պետություն–եկեղեցի հարաբերությունների և եկեղեցու ինքնավարության հետ։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հայտարարել են, որ այսօր կլքեն Ազգային ժողովի նիստը և կմեկնեն Վաղարշապատ՝ ժամը 16։00-ին մասնակցելու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործով առաջին դատական նիստին։ Խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ իրենց համար «կրոնական պարտքն առաջնահերթ է քաղաքական յուրաքանչյուր գործընթացի նկատմամբ»։


















