Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Հայ Առաքելական եկեղեցու ևս վեց բարձրաստիճան հոգևորականներ օգոստոսի 7-ին կկանգնեն դատարանի առաջ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության և եկեղեցու միջև խորացող հակասությունների ֆոնին։ Այս մասին գրում է Reuters-ը։
Գործը վերաբերում է դատարանի որոշումը չկատարելու մեղադրանքին։ Ըստ մեղադրանքի՝ եկեղեցու ղեկավարությունը չի կատարել նախկինում կարգալույծ արված եպիսկոպոս Գևորգ Սարոյանին ժամանակավորապես պաշտոնում վերականգնելու մասին դատարանի որոշումը։ Մեղավոր ճանաչվելու դեպքում հոգևորականներին սպառնում է մինչև երկու տարվա ազատազրկում։
Reuters-ի գնահատմամբ՝ սա մինչ օրս Հայ Առաքելական եկեղեցու ղեկավարության դեմ ամենալուրջ իրավական գործընթացն է։ Այն տեղի է ունենում եկեղեցու և իշխանությունների միջև սրված հարաբերությունների պայմաններում, որոնք կապված են ինչպես Նիկոլ Փաշինյանի քաղաքականության, այնպես էլ Ադրբեջանի հետ խաղաղության բանակցությունների շուրջ առաջացած տարաձայնությունների հետ։
Գործակալությունը հիշեցնում է, որ վարչապետ Փաշինյանը բազմիցս կոչ է արել Գարեգին Բ-ի հրաժարականին՝ առանց ապացույցներ ներկայացնելու եկեղեցուն մեղադրելով օտար պետությունների, մասնավորապես՝ Ռուսաստանի շահերը սպասարկելու մեջ։ Հայ Առաքելական եկեղեցին այդ մեղադրանքները հերքում է։
Միաժամանակ, ընդդիմադիր գործիչները, եկեղեցու ներկայացուցիչներն ու քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպություններ պնդում են, որ Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդումը քաղաքական դրդապատճառներ ունի և իշխանությունների կողմից քննադատների նկատմամբ իրականացվող ավելի լայն ճնշումների մի մասն է։ Reuters-ին տված մեկնաբանությունում «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավաբան Աննա Մելիքյանը նշել է, որ այս գործը կարող է դիտվել որպես գործադիր իշխանության միջամտություն եկեղեցու ինքնավարությանը։



















