Ուկրաինայի և Ռուսաստանի ԱԳ նախարարները կհանդիպեն Անթալիայում

Ուկրաինայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Դմիտրի Կուլեբան և Սերգեյ Լավրովը մարտի 10-ին կհանդիպեն Թուրքիայի Անթալիա քաղաքում։ «Անադոլու»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուին։

Թուրք պաշտոնյան պարզաբանել է, որ հանդիպումը տեղի կունենա Անթալիայում կայանալիք դիվանագիտական ֆորումի շրջանակում, որին Սերգեյ Լավրովն ու Դմիտրի Կուլեբան համաձայնել են մասնակցել։

«Մեր նպատակն է հնարավորինս արագ կանգնեցնել հակամարտությունը։ Մենք ջանքեր ենք գործադրել, որպեսզի մերձեցնենք մեր ռուս և ուկրաինացի զրուցակիցներին։ Մինչ հակամարտությունը մենք շփումներն առանց դադարի պահպանում էինք։ Պատերազմից հետո մենք է՛լ ավելի ենք ուժեղացրել մեր աշխատանքը»,- ասել է Չավուշօղլուն։

Նրա խոսքով՝ Կուլեբան ու Լավրովը ցանկություն են հայտնել, որպեսզի ինքը ևս մասնակցի հանդիպմանը։

«Մենք այս հանդիպումը կանցկացնենք հինգշաբթի՝ մարտի 10-ին, և ցանկանում ենք, որ այն շրջադարձային լինի։ Մենք շարունակում ենք մեր ջանքերը՝ հակամարտություններին վերջ տալու և բարեխղճորեն կայուն խաղաղություն հաստատելու համար»,- հավելել է Թուրքիայի արտգործնախարարը։

Աղբյուր՝ Factor.am