Մահվան ելքով պատահարներ՝ Երևանում և մարզերում․ տեսանյութ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ պարզելու Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները, որի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նախնական տվյալներով՝ 2022թ. մարտի 12-ին` ժամը 22:00-ի սահմաններում, հիշյալ փողոցում, բախվել են «Նիսան» և «Տոյոտա» մակնիշի՝ երկու ավտոմեքենաներ, որի հետևանքով մեկ անձ մահացել է, իսկ 4-ը` մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն:

Կատարվում է նախաքննություն:

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործը, որի շրջանակներում ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ` Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի հանգամանքները պարզելու նպատակով:

Նախնական տվյալներով 2022թ. մարտի 13-ին` ժամը 17:50-ի սահմաններում, տղամարդն իր «Ֆորդ Ֆյուժն» մակնիշի ավտոմեքենայով, հիշյալ վայրում վրաերթի է ենթարկել քաղաքացու, ով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 150-րդ կմ հատվածում տեղի ունեցած մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի առթիվ:

Ըստ նախնական տվյալների, 2022թ. մարտի 13-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, հիշյալ հատվածում միմյանց են բախվել «Օպել Վեկտրա» (վարորդը՝ 34-ամյա պայմանագրային զինծառայող) և «ԴԱՖ» մակնիշի (վարորդը՝ Վրաստանի Հանրապետության քաղաքացի) ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով «Օպել Վեկտրա» ավտոմեքենայի սրահում հրդեհ է բռնկվել և մեքենայում գտնվող՝ 1981թ. ծնված պայմանագրային զինծառայողը տեղում մահացել է, իսկ  նույն ավտոմեքենայի վարորդը և մյուս երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Այդ մասին հայտնում են ՔԿ-ից։