ՌԴ-ից պարենի ներմուծումը դանդաղել է, Ուկրաինայից՝ դադարել․ հակամարտող երկրների դերը ՀՀ պարենային շուկայում․ FIP.am

Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի նախաձեռնած ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր հայաստանյան մեդիայում և փորձագիտական շրջանակներում պարբերաբար քննարկվում է ՀՀ տնտեսության վրա դրանց բացասական ազդեցության հարցը: Իսկ ՌԴ կառավարության կողմից ԵԱՏՄ երկրներ, այդ թվում նաև՝ Հայաստան հացահատիկային մշակաբույսերի արտահանման ժամանակավոր արգելքն ակտիվացրեց ընդհուպ մինչև պարենային անվտանգության սպառնալիքի վերաբերյալ կանխատեսումները: 

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը շտապեց փարատել հանրության այս մտահոգությունը ֆեյսբուքյան գրառմամբ:  

«Հայաստանի Հանրապետությունում ներկայումս նվազագույն պարենային զամբյուղում ներառված ապրանքների մասով կանխատեսվող դեֆիցիտ չկա։ Մենք կապի մեջ ենք ռուսաստանյան մեր գործընկերների հետ, և նույնիսկ արտահանման հնարավոր սահմանափակումների վերաբերյալ ՌԴ կառավարության որոշման պարագայում՝ Հայաստանի Հանրապետությունն ունի բնակչության պարենային անվտանգությունն ապահովելու բոլոր անհրաժեշտ ռեսուրսները»,- գրել էր նախարարը։ 

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Հայաստանի՝ ՌԴ և Ուկրաինայի հետ տնտեսական գործակցության տվյալները, առանձնացրել պարենային ապրանքների առևտրաշրջանառության ուշագրավ թվերը: 

Ուկրաինայից ներմուծումները դադարել են, ՌԴ-ից՝ դանդաղել

Էկոնոմիկայի նախարարությունից FIP.am-ին հայտնեցին, որ այսօրվա դրությամբ, «հայտնի պատճառներով», Ուկրաինայից ներմուծումները դադարել են: 

«Ռուսաստանի Դաշնությունից ներմուծումները շարունակվում են, սակայն դրանց տեմպերը նվազել են՝ պայմանավորված եղանակային պայմաններով Լարսի անցակետի պարբերաբար փակվելու և այդ պատճառով առաջացած՝ բեռնատարների կուտակումներով, ինչպես նաև ՌԴ արտարժույթի կտրուկ արժեզրկման պատճառով մատակարարների կողմից առաջարկվող գների մասով ցուցաբերվող զգուշավորությամբ»,- ասվում է նախարարության պատասխանում: 

Ներմուծում, արտահանում, առևտրաշրջանառություն 

Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի ամենախոշոր առևտրային գործընկերն է: Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, 2021 թվականին ՌԴ-ի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է $2․630 մլրդ, որը կազմում է ընդհանուր առևտրաշրջանառության 31%-ը: Ուկրաինայի հետ ՀՀ առևտրաշրջանառությունն անհամեմատ ավելի փոքր ծավալներ ունի․ հաշվետու ժամանակահատվածում այն կազմել է $168․8 մլն կամ ընդհանուր առևտրաշրջանառության շուրջ 2%-ը: 

2021 թվականին Հայաստանի ընդհանուր արտահանումը կազմել է $3․022 մլրդ, որից ՌԴ-ին է բաժին ընկել $847.25 մլն-ը, ինչը կազմում է ընդհանուր արտահանման 28%-ը։ Հայաստանից Ուկրաինա արտահանվել է $25.66 մլն-ի ապրանք, որը կազմում է ընդհանուր արտահանման 0.8%-ը:

Նախորդ տարում ՌԴ-ից ներմուծումը կազմել է ավելի քան $1․782  մլրդ կամ ընդհանուր ներմուծման 33%-ը, Ուկրաինայից՝ $143 մլն կամ մոտ 2.6%-ը: 

ՌԴ-ից և Ուկրաինայից հիմնական պարենային ապրանքների ներկրման ծավալները

FIP.am-ին Էկոնոմիկայի նախարարությունից տրամադրված տվյալների համաձայն, ՌԴ-ն ավանդաբար ՀՀ պարենային ապրանքների ամենախոշոր մատակարարն է: Մասնավորապես՝ 2021-ին Հայաստան ներմուծված մոտ $347.1 մլն-ի ագրոպարենային արտադրանքից 41.5%-ը բաժին է ընկնել ՌԴ-ին: Եվ միայն $59.4 մլն-ը կամ 7.1%-ը՝ Ուկրաինային:

Նախորդ տարի ՀՀ ներկրված 270,000 տոննա ցորենից 268,100-ը՝ 98․9%-ը, ներկրվել է ՌԴ-ից․ դրա մաքսային արժեքը կազմել է $61.5 մլն: ՌԴ-ից է եկել ՀՀ ներկրված 27,200 տոննա բուսական յուղից 25,700-ը՝ $37.8 մլն մաքսային արժեքով: 

Ռուսաստանից խոշոր եղջերավոր անասունի մսի ներմուծումը կազմել է 224.2 տոննա կամ ընդհանուր ներմուծման 4.9%-ը, թռչնի միսը՝ 15,900 տոննա կամ ընդհանուրի 41.4%-ը, կաթ և կաթնամթերք՝ 2100 տոննա կամ ընդհանուրի 14.1%-ը:

Ուկրաինայից 2021 թվականին ներմուծվել է մոտ $59.4 մլն-ի ագրոպարենային արտադրանք, որը կազմում է ընդհանուր ներմուծման 7.1%-ը: Նշվում է, որ պարենային մի շարք ապրանքներ առհասարակ նախորդ տարում չեն ներկրվել, օրինակ՝ ցորեն, բուսական յուղ, խոզի միս և ոչխարի ու այծի միս:

Ներմուծվող ապրանքախմբերի շարքում մեծ տեսակարար կշիռ ունեն նաև շաքարը՝ 4600 տոննա՝ $2.8 մլն մաքսային արժեքով, հրուշակեղենն ու շոկոլադը՝ 3700 տոննա՝ $9.7 մլն մաքսային արժեքով:

Ստորև բերված ինֆոգրաֆիկայում ներկայացված է 2021-ին Ուկրաինայից ու ՌԴ-ից ներկրված պարենային մի շարք ապրանքների ծավալը՝ ըստ տեսակարար կշռի:

Փաստերի ստուգման հարթակ