Ադրբեջանի արարքը ատելության և ազգայնամոլության հերթական դրսևորում է. Արցախի ԱԳՆ հայտարարությունը գազի մատակարարման դադարեցման կապակցությամբ

Ադրբեջանի պահվածքը կոպտորեն խախտում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերն ու սկզբունքները, որևէ ձևով չի տեղավորվում բարոյականության շրջանակներում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ԱԳՆ-ն:

«Մարտի 21-ի երեկոյան Ադրբեջանի իշխանությունները կրկին խափանել են Արցախի գազամատակարարումը՝ խիստ ցուրտ եղանակային պայմաններում Արցախի բնակչությանը զրկելով ջեռուցման կարևոր ռեսուրսից։

Ադրբեջանի պահվածքը ահաբեկչություն է մարդասիրական նորմերի դեմ։ Այն կոպտորեն խախտում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերն ու սկզբունքները, որևէ ձևով չի տեղավորվում բարոյականության շրջանակներում։ Այդ ստոր արարքը ատելության և ազգայնամոլության հերթական դրսևորում է։

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստիվ դատապարտում է Ադրբեջանի քաղաքականությունը և դիմում միջազգային հանրությանը՝ համարժեք գնահատականի ակնկալիքով։

Ադրբեջանի մարդատյաց քայլերը չեն կարող ազդել Արցախի ժողովրդի կամքի և հաստատակամության վրա։ Մենք շարունակելու ենք ապրել և արարել մեր պատմական հայրենիքում, զարգացնել և զորացնել մեր անկախ պետականությունը»,-նշված է Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ: