Արաբական Միացյալ Էմիրություններում գործող «Էքսպո-2020 Դուբայ» ցուցահանդեսը, որին Հայաստանը հանդես է գալիս առանձին տաղավարով, և որը պաշտոնապես ներկայացվել է որպես տարվա խոշոր բիզնես միջոցառում, հասցրել է հիասթափեցնել այցելուներին:
Լուսանկարիչ Էմմա Գրիգորյանը «էքսպո» է այցելել մարտի 19-ին, ասում է, որ այլ տաղավարներում շրջելուց հետո, մեղմ ասած, հիասթափվել է հայկական տաղավարի անկազմակերպ և ոչ պատշաճ ներկայացված լինելուց:
«Ես ուղղակի ապշած էի և նաև շատ մեծ ցավ զգացի, որ մեր երկիրն այդպես է ներկայացված»,- «Մեդիալաբին» ասում է Գրիգորյանը:
Նշում է` շատ ողջունելի է, որ հայկական տաղավարում որոշվել է ներկայացնել տեխնոլոգիական միտքը, սակայն խառը ցուցանմուշների, անհասկանալի ձևով Հայաստանը ներկայացված լինելուց զատ տաղավարում ներկայացուցիչները բացակայում էին, իսկ թվային կոնցեպտով ցուցադրությունների համար նախատեսված երկու սարքերից և ոչ մեկը լիցքավորում չուներ:

«Ախր ինչպես կարելի է այդքան իմիջիայլոց վերաբերվել ամեն ինչին,- ասում է Գրիգորյանը,- Հայաստանի տաղավարում աշխատող ներկայացուցիչներին գտնելուց հետո պարզվեց, որ հիմնական երկու սարքերն էլ «զարյադկա չունեն»:
Գրիգորյանն ասում է, որ տարբեր երկրների տաղավարներ են այցելել, և որևէ մեկում նման բարձիթողի վիճակ չի հանդիպել, ներկայացուցիչները ժպիտով, պատրաստակամորեն բացատրել են երկրի մասին, ներկայացրել նմուշները, կոնցեպտը, իսկ Հայաստանի տաղավարում, մեղմ ասած, ամեն ինչ անկազմակերպ և անտեսված է եղել:
«Մոտենում ես հայկական տաղավարին, սկզբում փորձում ես աշխատակիցներին գտնել, հետո մոտենում ես հասկանալու, թե երկիրն ինչպես է ներկայացված: Տեսնում ես երկու աթոռ, մտածում ես՝ աթո՞ռ, հետաքրքրվում ես՝ ի՞նչ աթոռներ են, հայկական տաղավարի ներկայացուցիչները մեծագույն դժկամությամբ մոտենում են՝ «զարյադկա» չունի:
Ո՞նց, ո՞նց լիցքավորում չկա: Երկու աթոռ, որոնցից յուրաքանչյուրն առնվազն երկու VR պետք է ունենար, և ոչ մեկը լիցքավորում չուներ: Պատկերացնո՞ւմ եք: Մարդիկ գործ են արել, ու փաստորեն ոչ ոք չի կարող տեսնել այդ գործը, և նույնիսկ ներողություն չխնդրեցին, չասացին՝ մի քանի րոպեից մոտեցեք, լիցքավորում կունենա»,- պատմում է Էմմա Գրիգորյանը:
Հայաստանի տաղավարի մի հատվածում, նրա խոսքով՝ վաճառքի համար դրված են եղել բաժակներ՝ վրան QR կոդեր արտատպած ու սարի թեյեր: «Ոչ մի հետաքրքիր բան: Մինչդեռ շատ հետաքրքիր, Հայաստանը և հայկականությունը խորհրդանշող իրեր կարելի էր վաճառել»,- նշում է նա:

Լուսանկարչի խոսքով՝ միգուցե շատ հետաքրքիր վիրտուալ բովանդակություն է ստեղծված եղել, որը ինքը և այլ այցելուներ այդպես էլ չեն հաջողել տեսնել:
«Հատուկ վերադարձել ենք տաղավար 40-50 րոպե անց, ու ի՞նչ, այո՛, VR-ը կրկին «զարյադկա» չուներ, այսինքն՝ աշխատակիցներն այդ գրեթե մեկ ժամում սարքերը նույնիսկ լիցքավորման չէին դրել», -ասում է նա:
Ցուցահանդեսի հայկական տաղավարի մեկ այլ այցելուի բախտը բերել է՝ սարքերը լիցքավորում ունեցել են, սակայն դրանից օգտվելու պայմաններն են բարդ եղել: Նրա խոսքով, այն ընթացակարգին, որով պետք էր անցնել դրանցից օգտվելու համար, եզակիները կհամաձայնեին:
«Ես Դուբայի էքսպոյում եղել եմ մի քանի ամիս առաջ, մեր ժամանակաշրջանում, երբ մարդիկ խուսափում են անձնական տվյալներ տրամադրելուց, հայկական տաղավարում վիրտուալ իրականություն մուտք գործելու համար պետք է հեռախոսով հատուկ հավելված ներբեռնել, գրանցվել, նոր օգտվել: Կներեք, դուք ո՞ր դարում եք մնացել, ով պիտի մի քանի րոպե ինչ-որ երկրի մասին ինֆորմացիա ստանալու համար իր ողջ տվյալները տրամադրի: Անտրամաբանական է»,- «Մեդիալաբին» ասում է մասնակիցը, որը նախընտրում է անանուն մնալ:

«Էքսպո-2020 Դուբայում» Հայաստանի ու ցուցահանդեսին մասնակից մյուս 191 երկրների տաղավարներին կարելի է հետևել նաև վիրտուալ: Պաշտոնական տարբեր խողովակներով ազդարարվող «տարվա խոշորագույն բիզնես-մշակութային միջոցառումը»՝ «Էքսպո-2020 Դուբայ» ցուցահանդեսը, բացվել է 2021-ի հոկտեմբերի 1-ին: Ցուցահանդեսում Հայաստանը հանդես է գալիս «Էթնոթեք» կոնցեպտով՝ աշխարհին ներկայացնելով Հայաստանի էթնիկ առանձնահատկությունները և տեխնոլոգիական հավակնությունները:
Վիրտուալ այցելությունը հայկական երաժշտության հնչյունների ներքո ցույց է տալիս հայ գիտական մտքի ներկայացուցիչների մասին տեղեկություններ, որոնցից է Պարիս Հերունին, առանձին ապակյա տարաների մեջ տեղադրված են ինչ-որ ցուցանմուշներ, հին ձեռագիր մատյաններ:
«Պայմանական 100 մետր քայլելու տարածք ունես երկիրդ ներկայացնելու, այցելուի վրա տպավորություն գործելու համար: Սա շատ լավ հնարավորություն է, բայց ցավում եմ, որ նման անպատասխանատու կերպ են վերաբերվում իրենց աշխատանքին»,- նշում է Էմման:
Դրան հակառակ, նրա պատմելով՝ Ադրբեջանի տաղավարը ներկայացել է որպես տարածաշրջանի մշակութային կենտրոն, իսկ այդ երկրի տաղավար մուտք գործող այցելուին դիմավորել է տեսահոլովակ, որում Շուշին ներկայացվել է Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք:

«Այդ երկրի տաղավարը շատ մեծ էր, ու բարձրակարգ ներկայացվել էին մշակութային ժառանգության իրեր, որմնանկարներ, գորգեր»,- պատմում է Էմմա Գրիգորյանը:
Նրա համար հատկապես տպավորիչ է եղել Ֆիլիպինների տաղավարը, որտեղ էլ հենց ցանկություն է առաջացել այցելել այդ երկիր, ճանաչել այն մոտիկից:
«Հեքիաթային մի տաղավար էր, ու, երբեք չմտածելով այդ երկրի մասին, ցանկություն առաջացավ այցելել Ֆիլիպիններ: Կարծում եմ, որ նման ցուցահանդեսներում երկիրը պետք է տպավորի իր գեղեցկությամբ, հարստություններով, նաև՝ այցելության արժանի վայրերը ներկայացնելով: Իսկ եթե գիտական հզորություններն են ներկայացնում, ապա անպայման ըստ պատշաճի լինի մոտեցումը, ոչ թե անտարբեր ու անպատասխանատու»,- նշում է նա:
Էկոնոմիկայի նախարարությունից դժվարանում են նշել, թե որքան գումար է ծախսվել այս ցուցահանդեսում Հայաստանի մասնակցության համար` հորդորելով գրավոր հարցում ուղարկել: Սակայն վարչապետ Նիկոլի Փաշինյանի 2021 թվականի հունիսի 18-ի որոշմամբ, ծրագրի ֆինանսավորումը նախատեսվում էր իրականացնել ՀՀ պետական բյուջեի, կազմակերպիչ երկրի տրամադրած օժանդակության միջոցների հաշվին, ինչպես նաև կարող են ներգրավվել նաև մասնավոր հատվածի միջոցները: Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորման ընդհանուր գումարը գնահատվում է 834.7 մլն դրամ:
Ինչ վերաբերում է հայկական տաղավարում աշխատակիցների անպատասխանատու վերաբերմունքին, էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանը արձագանքում է.
«Ես անկեղծ, զարմանում եմ, որ մեր հայերը այդպես են վերաբերվում տաղավարի աշխատանքին: Մեր տաղավարին Դուբայի մասշտաբներով շատ քիչ գումար է հատկացված, իսկ տարածքը հայկական կողմին նվեր է եղել: Մենք միայն իրականացրել ենք ներքին հարդարանքը, իսկ կամավորների միջոցով փորձում ենք հնարավորինս լավ կազմակերպել տաղավարի աշխատանքը: Այնքան եմ զարմանում, որ այդպես բողոքում են: Շատ ցավալի է»:

Դիտարկմանը, թե տաղավարում տեղադրված աթոռների VR սարքավորումները լիցքավորված չեն եղել, խոսնակը արձագանքում է.
«Դեպքի հետ կապված որևէ բան չեմ կարող ասել, բայց մի հստակ բան կարող եմ ասել՝ «էքսպո»-ի տարածք որևէ իր տանելը երկար գործընթաց է: Այսինքն՝ եթե մարտկոց ես ուզում ներս բերել, պետք է երկար թղթաբանությամբ հաստատվի, նոր կարողանաս ներս բերել: Նույնիսկ եթե տաղավարում լույս է փչանում, դա կարող է մեկ շաբաթ տևել, մինչև լույսը փոխվի: Մենք վերջերս նման խնդրի առնչվել ենք: Ենթադրում եմ՝ մարտկոցի հետ կապված էլ գուցե նույն խնդիրն է առաջացել»:
Հոկտեմբերի 1-ից մեկնարկած «Էքսպո-2020 Դուբայ» ցուցահանդեսը կշարունակվի մինչև այս մարտի 31-ը: Հունվարի 30-ին այդ ցուցահանդեսի շրջանակներում կայացել էր Հայաստանի օրը, որին ներկա են եղել էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու պաշտոնատար այլ անձինք:
Հասմիկ Համբարձումյան
MediaLab.am