Գիշերային ակումբի մոտ երկու հոգու դանակահարել էր․ տեսանյութ

Մարտի 16-ին, ժամերի տարբերությամբ, նույն դեպքի վերաբերյալ ոստիկանության Սևանի բաժնում երկու հաղորդում ստացվեց. «Հրազդան» և «Սևան» բժշկական կենտրոններից հայտնում էին, որ ծակած-կտրած վերքերով երկու երիտասարդ են հիվանդանոցներ տեղափոխվել:

Այդ մասին հայտնում են Ոստիկանությունից։

Նրանց Երևան-Իջևան ճանապարհի գիշերային ակումբի մոտից էին բուժհաստատություններ տեղափոխել:
Հիվանդանոցներում ոստիկաններն արձանագրեցին ախտորոշումները, զրուցեցին տուժողների հետ: Ընկերներ էին: Ըստ նախնական տվյալների՝ վիճել էին 20-ից 25 տարեկան անծանոթ երիտասարդի հետ, որն էլ նրանց դանակահարել էր:
Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ:

Իրավապահները մեկնեցին նշված ակումբ, օպերատիվ հարցումներ իրականացրին: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Սևանի քրեական հետախույզները տեղեկություններ ստացան կասկածվողի ինքնության վերաբերյալ։ Նորատուս գյուղի 19-ամյա բնակիչը բացատրական աշխատանքի շնորհիվ ներկայացավ ոստիկանության Սևանի բաժին:

Նա ձերբակալվել է:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։