Շիրակի մարզում ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունները ընթանում են առանց լուրջ խախտումների

Հաշմանդամություն ունեցող շատ քաղաքացիներ Շիրակի մարզում չեն  կարողանում մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ ընտրատեղամասերի մատչելիության բացակայության պատճառով: 

Գյումրու թիվ 31/29 տեղամասի հանձնաժողովի նախագահ Սամվել Ոսկանյանը «Արմենպրես»-ի  հետ զրույցում ասաց, որ այս պահին տեղամասի հետ կապված միակ խնդիրը անմատչելիությունն է:

«Տեղամասը գտնվում է երկրորդ հարկում, ու շատ դժվար է հենաշարժողական խնդիր ունեցողին բարձրանալ երկրորդ հարկ»,-նշեց Սամվել Ոսկանյանը

Ընդհանուր առմամբ, Շիրակի մարզում  ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունները ընթանում են առանց լուրջ խախտումների։ Հիմնական թերացումները կապված  են ընտրակարգի չիմացության, որոշ դեպքերում էլ՝ կուտակումերի հետ:

Գյումրու թիվ 1 դպրոցում տեղակայված 31/46 ընտրական տեղամասը 1767 ընտրող ունի, բայց տարածքը փոքր է: Սրանով պայմանավորված մեծ կուտակումներ կան: Հանձնաժողովի նախագահ Էդվարդ Կոստանյանը «Արմենպրես» -ին  տեղեկացրեց՝ այն, որ այստեղ կուտակումներ լինելու էին, ի սկզբանե իմացել է և ԿԸՀ-ն, և թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողովի պատասխանատուն:

«Քանի որ տարածքը փոքր է, մենք տեղյակ ենք պահել ԿԸՀ-ին: Մենք չէինք կարող  նույնիսկ սահմանված սոցիալական հեռավորությունը պահել»,-նշեց հանձնաժողովի նախագահը Էդվարդ Կոստանյանը: 

Այլ խնդիր  ընտրատեղամասը չունի, մինչ այս պահը ընթացքից գոհ են և տեղական և միջազգային դիտորդները, քաղաքական տարբեր ուժերի վստահված անձինք:

Գյումրու 4-րդ ուսումնարանում տեղակայված  31/09 ընտրատեղամասում տարակարծություն ծագեց քաղաքական ուժերից մեկի վստահված անձի և տեղամասի հանձնաժողովի նախագահ Ռոստամ Պետրոսյանի միջև: Քվեատուփի տակ անցքեր կային: 

Հանձնաժողովի նախագահը պնդեց, որ տուփն հենց այդպես ստացվել, անշարժ դրվել է հանձնաժողավականների, տեղական ու միջազգային դիտորդների և բոլոր վստահված անձանց ներկայությամբ:

Գյումրու որոշ տեղամասերում խնդիրներ են առաջանում՝ կապված դիմակ կրելու պարտադիր պահանջի հետ: