Միրզոյանը Բոմբերգերին ներկայացրել է Ադրբեջանի կողմից Փառուխ գյուղ ներխուժման հետևանքով ստեղծված իրադրությունը

Մարտի 28-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է  Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգերին։ 

Զրուցակիցները գոհունակությամբ են նշել Հայաստանի համապատասխան պետական կառույցների և Հանձնաժողովի միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը: Այս համատեքստում նախարար Միրզոյանը երախտագիտություն է հայտնել Քեթրին Բոմբերգերին 2020թ. 44-օրյա պատերազմի հայ զոհերի աճյունների ԴՆԹ-ի նույնականացման գործընթացում ունեցած ներդրման համար։

Կողմերը քննարկել են փոխգործակցության ընդլայնման և խորացման  հեռանկարները, այդ թվում՝ Հայաստանում համապատասխան լաբորատորիաների տեխնիկական վերազինման և նրանց կարողությունների ավելացման առումով: ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է պատերազմի արդյունքում անհայտ կորած անձանց ճակատագրերի, ինչպես նաև անհետացման հանգամանքները պարզելու անհրաժեշտությունը՝ այս առումով ընդգծելով Հանձնաժողովի հետ համագործակցության հնարավորություները։ 

Արարատ Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել 2020 թ․ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հումանիտար հետևանքները, մասնավորապես՝ շեշտելով Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդների անհապաղ հայրենադարձման անհրաժեշտությանը։ 

ՀՀ ԱԳ նախարարը նաև ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ Ադրբեջանի զինված ուժերի ներխուժման հետևանքով ստեղծված իրադրությունը։ 

Կարևորվել է իրավիճակի լարվածության թուլացման և տարածաշրջանում կայունության հաստատման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը։